Հարկերի տակ ճռռալով

Հարկերի տակ ճռռալով

Երեկ Մամուլի ազատության միջազգային օրն էր, եւ լրագրողները շնորհավորանքներ էին ստանում։ Լավագույն շնորհավորանքը, թերեւս, Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի պատվերով Բրեւիսի իրականացրած հարցման արդյունքներն էին՝ խոսքի ազատության մասով։ Հարց էին առաջադրել ՀՀ քաղաքացիներին՝ ո՞ր ոլորտներն են, ըստ ձեզ, զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում։ Հարցվողների կարծիքով՝ ամենաշատ բարելավում արձանագրվել է խոսքի ազատության եւ լրատվամիջոցների անկախության ոլորտում։ Սա նշանակում է, որ հասարակությունը տեսնում է, գնահատում է լրատվամիջոցների աշխատանքը եւ կարծում է, որ այստեղ բարելավում կա, որը, անշուշտ, իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ ՀՀ կառավարությունը ոչինչ չի արել լրատվամիջոցների աշխատանքը հեշտացնելու, լրագրողների աշխատանքին նպաստելու, խոսքի ազատությունն ապահովելու համար։

Ճիշտ հակառակը՝ բոլոր հնարավոր մեթոդներով խոչընդոտել է մեր աշխատանքը, ճնշումներ գործադրել։ Այս բարելավումը բացառապես լրատվամիջոցների եւ լրագրողների ձեռքբերումն է։ Փոխարենը՝ իշխանությունը 24 ժամ շարունակ խոսում է խոսքի ազատության ձեռքբերումների եւ լրատվամիջոցների անկախության մասին։ Եվ աշխարհն էլ համարում է, որ Հայաստանում դեմոկրատիան է իշխում, ՀՀ իշխանությունն էլ ապահովել է ԶԼՄ-ների լիարժեք ազատությունը, իսկ այ՝ Ադրբեջանում բռնապետական կարգեր են, եւ մամուլն էլ ազատ չէ։ Բայց ընդամենը օրեր առաջ այդ նույն բռնապետական Ադրբեջանում նախագահ Ալիեւը բոլոր տեսակի հարկերից ազատեց լրատվամիջոցներին՝ փոփոխություններ կատարելով Հարկային օրենսգրքում եւ հատուկ արտոնություններ սահմանելով ԶԼՄ-ների համար։ Իսկ մենք ոչ միայն ծանր հարկեր ենք վճարում, այլեւ դաժան ճնշումների ենթարկվում։