Ինչ դասեր պետք է քաղի ընդդիմությունը ավելի քան 40 օր տեւած պայքարից

Ինչ դասեր պետք է քաղի ընդդիմությունը ավելի քան 40 օր տեւած պայքարից

Եվ այսպես, ավելի քան մեկուկես ամիս հայաստանյան ընդդիմությունը բողոքի ակցիաներ, ցույցեր, երթեր արեց եւ նախօրեին Ֆրանսիայի հրապարակից հավաքեց վրանները։ Թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը, սակայն դիմադրության շարժմանն աջակցած եւ մասնակցած անձանց մոտ անկումային տրամադրություն, անգամ հիասթափություն կա։ Ոմանք համարում են, որ «ընդդիմության պանիխիդային» են ականատես լինում, ուստի որոշ դիտարկումներ անենք՝ փորձենք գնահատականներ տալ, ձեռքբերումները ֆիքսել, թերացումները մատնանշել։

• Ամենամեծ ձեռքբերումն այն է, ինչը պայմանականորեն անվանում են «լաոն զարթնեց»։ Այսինքն՝ հասարակության մեջ որոշակի խլրտում մտավ, մարդիկ սկսեցին խոսել, հետաքրքրվել ներքաղաքական թեմաներով, մտորել «Դիմադրության» կողմից օրակարգ բարձրացված հարցերի շուրջ։ Կարեւոր չէ՝ կողմ էին, թե դեմ այդ օրակարգին կամ պայքարի «ճանապարհային քարտեզին»։ Այն, որ «քաղաքական արթնացում» կա հետպատերազմական «ինքնության ճգնաժամից» հետո, արդեն կարելի է համարել դրական տեղաշարժ։

• Ամենամեծ թերացումը եղավ այն, որ դիմադրության շարժումն այդպես էլ չկարողացավ «արթնացնել» հասարակության այն շերտին, որը քաղաքականապես պասիվ է, իներտ, ընտրություններին չի գնում, եւ դա հասարակության ամենամեծ խավն է, քանի որ եթե ընտրություններին մասնակցությունը 48 տոկոս է, ապա 52 տոկոսը հենց սրանք են։ Այսինքն՝ դիմադրության շարժումը չկարողացավ արթնացնել հասարակության մեծ մասը կազմող զանգվածին։ Ընդ որում, խոսքը նրանց մասին չէ, ովքեր կարծում են, որ Նիկոլը սխալ է, բայց նաեւ չեն միանում «Դիմադրությանը»։ Խոսքը «քաղաքականապես անտարբերների» մոտ անտարբերության պատնեշը կոտրել չկարողանալու մասին է։ 

• Դիմադրության շարժումն ուներ բացառիկ մեդիա աջակցություն, եւ դա լուրջ ձեռքբերում կարելի է համարել։ Միշտ չէ, որ մեդիան նման աջակցություն է ցուցաբերում քաղաքական գործիչներին, թեկուզ՝ ընդդիմադիր, իր վրա վերցնելով իշխանության հարվածներն ու դառնալով նրա թիրախը։

• Սակայն մեդիա աջակցությունը շարժումն այնքան էլ ճիշտ չօգտագործեց։ Չկարողացավ իր օրակարգը հասցնել բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր կարծում են, որ Նիկոլը սխալ է եւ պետք է հեռանա, բայց չեն միանում «Դիմադրությանը», չեն ուզում, որ «նախկինները վերադառնան»։ Նաեւ՝ նրանց, ովքեր կարծում են, որ սա հերթական պայքարն է հանուն իշխանության։ 

• Այն, որ շարժումն արձագանք գտավ նաեւ Սփյուռքում, դա ձեռքբերում է, քանի որ այն որոշակիորեն ստացավ համահայկական, համազգային բնույթ։ 

• Շարժման առաջնորդները չկարողացան ճիշտ գնահատել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրադրությունը ու նաեւ դրա պատճառով լուրջ հաջողության չհասան։ Իհարկե, հաճելի էր լսել ազգային-հայրենասիրական ոգով տոգորված ելույթներ, հուզական կարգախոսներ, բայց «ռեալ պոլիտիկն» այլ բան է թելադրում, եւ դա «Դիմադրության» առաջնորդները չկարողացան «որսալ»։ Դրա համար էլ արտաքին աշխարհը շարժումը նորմալ չընկալեց։ «Մեծ քաղաքականության» գործող սուբյեկտները չհասկացան, որ եթե Նիկոլին «տուն ճանապարհեն», եկողների հետ հնարավոր կլինի՞ լեզու գտնել, սկսված գործընթացների շարունակականությունն ապահովել։ 

• Շարժման առաջնորդները ներքին լսարանին էլ մինչեւ վերջ ու անկեղծությամբ չպարզաբանեցին, թե ինչ են անելու 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, բրյուսելյան ֆորմատի հետ։ Ինչ այլընտրանք են առաջարկելու։