Հասեք, սատանա եմ բռնել

Հասեք, սատանա եմ բռնել

Հայաստանում մարդ կա՞, որ ԱԱԾ-ին չի հարգում: Հազիվ թե: Իսկ ԱԱԾ-ում մարդ կա՞, որ վարչապետի ասածները չանի: Օրինակ, երբ նա ասում է՝ սատանա բռնեք, մարդ կա՞, որ հակադարձի՝ խելքդ թռցրե՞լ ես, մեծարգո վարչապետ, ի՞նչ սատանա, սատանան ի՞նչ է, որ մի հատ էլ բռնենք: Գոնե ես այդպիսի ԱԱԾ-ականի չեմ ճանաչում: Բայց չեմ բացառում, որ վարչապետի այդ հրահանգը լսելուց հետո հազարավոր ԱԱԾ-ականներ քթի տակ քմծիծաղ են տվել՝ մտածելով, որ վարչապետը շուլուխ է անում: Այսօր էլ տեղեկություններ չկան՝ հաջողվե՞ց, արդյոք, ԱԱԾ-ին գոնե մեկ սատանա բռնել: Մեր թիվ 1 հատուկ ծառայության հաշվետվություններում ոչինչ չկա այդ մասին, ինչը թույլ է տալիս մտածելու, որ սատանան կամ սատանաները դեռ ազատության մեջ են, վարչապետի հրամանը կատարված չէ:

Այսուհանդերձ, չի կարելի ասել, որ ԱԱԾ-ն ոչինչ չի ձեռնարկել ինչ-որ բան բռնելու ուղղությամբ: Արարատ Միրզոյանի եւ Ռուբեն Ռուբինյանի «թուրքական գաղտնիքների» հետ կապված տեղեկատվական «սլիվները» հո՞ փաստ են: Եվ ի՞նչ էր պետք անել, երբ ասվեց, որ ՀՀ քաղաքացի Միրզոյանը հավաքագրվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, իսկ Ռուբինյանի դեպքում բոլոր կասկածները կան նրա առերեւույթ հավաքագրված լինելու մասին: Իրավիճակից ելքը գտավ, ինչպես ասում են, մեր հզոր վարչապետը՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուին դեմ տալով Արարատ Միրզոյանին, իսկ Թուրքիայի կողմից մեզ հետ բանակցող Սերդար Քըլըչին՝ Ռուբեն Ռուբինյանին: Դե տղա եք՝ բանակցեք մեր «սատանաների» հետ: Խեղճ Չավուշօղլու եւ Քըլըչ, բանից անտեղյակ, ցավին անհաղորդ… բանակցում ու բանակցում են բացահայտված ու բացահայտման ճանապարհին գտնվող իրենց գործակալների հետ: Նման գործերի մեջ իր հավասարը չունեցող Ջեյմս Բոնդը կասեր՝ աննախադեպ է:

ԱԱԾ-ն, ի դեպ, բազմապրոֆիլ հիմնարկ է: Գիտեի՞ք այդ մասին: Սատանա բռնելը՝ մի կողմ, որ ԱԱԾ-ի հիմնական զբաղմունքն է դարձել, չկա որեւէ բան, որից մեր ծառայությունը հոտ չքաշի ու չապահովի մեր երկրի սահմանների ու ժողովրդի անվտանգությունը: Գիտություն, մշակույթ, կրթություն, սպորտ, տնտեսություն, տարադրամի փոխանակման կետեր, վարչապետի չսիրած մարդկանց հայրական տների կտուրներ… Մի խոսքով՝ որտեղ ՀՀ քաղաքացին՝ այնտեղ ՀՀ ԱԱԾ-ն: Օրերս էլ մի տեսանյութ էր հրապարակել, որից ես եզրակացրի, որ մեր անդորրն ապահովող հիմնարկը հաստատուն քայլեր է անում նաեւ սերիալներ նկարելու ճանապարհին: Եթե կա պահանջարկ՝ ինչո՞ւ չանել: Դատելով այդ տեսանյութի բովանդակությունից, որ ամենայն հավանականությամբ «օստռոսյուժետնիյ» բոեւիկի թրիլլերն էր, կարելի է ասել, որ առաջիկա օրերին մեր քաղաքական օրակարգ է բարձրանալու լրտեսների մասին մի ամբողջ սերիալ, որի սերիաներից յուրաքանչյուրում առնվազն 2 լրտես է բռնվելու, որոնք տալու են ինքնախոստովանական ցուցմունքներ: Լրտեսները լինելու են Հայոց բանակից կամ բանակի հետ առնչություն ունեցող անձինք, որոնք փոքր, անգամ ծիծաղելի փողերի դիմաց տեղեկություններ են հաղորդում հակառակորդին՝ օգտագործելով սոցցանցերը: Սերիալի միջի տղեն էլ, բնականաբար, ԱԱԾ-ն է, որ, լրտեսներին երկու-երկու բռնելով, մեր երկիրն ազատում է, ուշադրություն, դավաճաններից:

ԱԱԾ-ի սերիալի գաղափարական մեխը սա է: Հեղինակները շեշտը դրել են «դավաճաններ» բառի վրա եւ փորձելու են հեռուստադիտողին համոզել, որ մեր երկրում դավաճանը մեկը չէ: Մեղքս ինչ թաքցնեմ՝ ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, որ մենք ունենք ընդամենը մեկ դավաճան, եւ այդ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է: Բայց, ահա, ԱԱԾ-ն գործի է անցել եւ իր սերիալով փորձում է մեզ համոզել, որ դա այդպես չէ: Խոստովանեմ՝ բարձր եմ գնահատում ԱԱԾ-ի համարձակությունը:
Համարձակությունը՝ համարձակություն, բայց այդպիսի մի կարեւոր գործ անելու համար ԱԱԾ-ին պետք են նաեւ կինեմատոգրաֆի մասնագիտական որակներ: Այստեղ արդեն պետք է քննադատեմ մեր նորընծա կինոստուդիային, որի տարածած թրիլլերը խոսում է անորակ ֆիլմի մասին: Եթե նկարահանումներն ավարտվել են, եւ ոչինչ այլեւս փոխել չի կարելի, ապա ավելի լավ կլինի այդ ֆիլմն ընդհանրապես էկրան չբարձրացնել: Դժվա՞ր էր, միթե, դիմել Էդիկ Անդրեասյանին եւ պահանջել մի լավ, համոզիչ սցենար գրել այդ երախայրիք սերիալի համար: Ձեռքս հո քարի տակ չէ՞ր, մի սցենարն ի՞նչ է, որ ձեզ համար չգրեի: Անվճար… 

Խնդրեմ, թրիլլերից հասկանում ենք, որ բռնել եք 2 դավաճանի, որոնք սոցցանցերի միջոցով մեր բանակի մասին գաղտնի տեղեկություններ են փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին, տեղ-տեղ էլ՝ հակառակորդին: Մեր սերիալասեր հասարակությունը սրանից բան կհասկանա՞: Օտարերկրյա հատուկ ծառայություններ շատ կան, հակառակորդներ՝ նույնպես: Ո՞ր մեկին՝ չի նշվում: Գուցե հենց սատանայի՞ն են փոխանցել տեղեկությունները: Ես իմ սցենարում անպայման կընդգծեի դա, իսկ եթե հակառակորդն Ադրբեջանն է, անպայման կբարձրաձայնեի:
Անցնենք առաջ: Հետպատերազմյան Հայոց բանակի մասին պատմող ֆիլմի սցենարը պետք է լիներ դրական գույների մեջ: Ես նախապատվությունը կտայի մեր բանակում իրականացվող բարեփոխումներին, կներառեի այնպիսի կադրեր, որտեղ երեւում է, թե մեր զինվորներն ինչպես են ելակի մարգերում քողարկում իրենց մահաբեր տեխնիկան, ձեռքի հետ ելակ ուտում ու պաշտպանում մեր երկրի սահմանները հակառակորդներից: Իսկ դուք ի՞նչ եք արել՝ 2 զինծառայող եք բռնել, մեկը՝ ներկա, մյուսը՝ նախկին, եւ հռչակել դավաճան, մատնիչ, լրտես: Սա՞ է մեր բանակի պատկերը, թե՞ դուք այլ նպատակ եք հետապնդում ձեր սերիալով: Մտածե՞լ եք, թե հակառակորդին ինչ մեսիջ եք փոխանցում մեր բանակի մասին՝ դավաճաններին զույգ-զույգ բռնելով:

Եվս երկու նկատառում, որ հաշվի առնելու դեպքում կմեծանար ձեր սերիալի համոզչականությունը: Առաջինը գումարի մասին է, որի դիմաց ՀՀ ԶՈւ զինծառայողը համաձայնել է տեղեկություն փոխանցել: Մի քիչ բարձրացրեք թվերը, այլապես շատ ծիծաղելի է, որ 2 հազար 800 ԱՄՆ դոլարի եւ 6 հազար ռուսական ռուբլու դիմաց Հայոց բանակի զինծառայողը նման բան աներ: Մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ հակառակորդը կարող է սեփական սերիալը նկարել ու պնդել, որ հայ զինծառայողներին իրենք ավելի բարձր են վարձատրել, իսկ ՀՀ ԱԱԾ-ն թաքցնում է այդ փաստը: Երկրորդ՝ երբ նշում եք, որ «հանցանքի մեջ բռնվածն» ինքնախոստովանական ցուցմունք է տվել, բարի եղեք ցուցադրել նաեւ տվյալ հանցագործի ինքնախոստովանության ճիշտ պատկերը: Ո՞վ կհավատա այդ ինքնախոստովանությանը, երբ խոստովանողն իր ինքնախոստովանությունը կարդում է ԱԱԾ-ի դեմ տված թղթից: Ընդ որում, կարդում է շատ վատ, բառերը չհասկանալով, հստակ զգացվում է, որ նա նույնիսկ գաղափար չունի այն սոցցանցից, որով, իբր, տեղեկություններ է փոխանցել չգիտեմ որ օտարերկրյա, չգիտեմ որ հակառակորդին:

ՀԳ. Պի՞նդ եք… Ամո՞ւր եք… Դե իմացեք՝ եթե այս հոդվածը կարդում եք «Հրապարակի» այսօրվա համարում, դա նշանակում է, որ ԱԱԾ-ն չի հասցրել կրպակներից հավաքել «Հրապարակի» տիրաժը: Նաեւ նշանակում է, որ մինչ այս պահը հոդվածի հեղինակը գտնվում է Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ-ի ծածկույթից դուրս: Տղաները, այո, վատ են աշխատում: Այնպես որ, պայքարը շարունակվում է, մենք չենք կարող չհաղթել: