Ադրբեջանական «տրամաբանություն»

Ադրբեջանական «տրամաբանություն»

Բաքվում իշխանությունը բացահայտ խնդիր է դրել՝ տեղեկատվա-քարոզչական մշակման ենթարկել հանրային կարծիքը, որ տավուշյան մարտերում հայկական կողմի արդյունավետ գործողությունները ոչ թե բանակի բարձր մարտունակության, այլ «միջազգային հակաադրբեջանական խարդավանքների» արդյունք են: Նախ թիրախավորվեցին Սերբիան եւ Վրաստանը, որ, իբր, սրացումից օրեր առաջ Հայաստանին տրանզիտով ականանետեեր են մատակարարել: Այսօր հերթը հասել է Հորդանին, երկիր, որ, եթե հավատանք ադրբեջանական զինվորական աղբյուրներին, Հայաստանին վաճառել է ձեռքի հակատանկային նռնականետեր:

Ընդ որում, քարոզչությունը կազմակերպված է այնպես, որ Հորդանանը «սրբապղծություն է թույլ տվել իսլամական համերաշխության դեմ»: Շեշտադրումներն այս համատեքստ տեղափոխելով՝ ալիեւյան քարոզչամեքենան նույնիսկ հարցականի տակ է դնում Երուսաղեմի իսլամական սրբավայրերի պահպանման Հորդանանի հանձնառությունը եւ հանրությանն իրազեկում, որ, պարզվում է, իսլամադավան այդ երկիրը նաեւ Երուսաղեմի հայկական սրբավայրերի ապահովության երաշխավորն է, իսկ Հորդանանի թագավորն ու Հայաստանի նախագահը՝ մտերիմ ընկերներ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկում եւ ներկայացնում է իսլամական համերաշխության տիրույթում: Բայց եթե առաջնորդվելու լինենք այս «տրամաբանությամբ»՝ քաղաքակրթական եւ կրոնա-դավանաբանական համերաշխության սկզբունքով, ապա Ադրբեջանը չպետք է ռազմա-քաղաքական համագործակցություն փնտրի որեւէ քրիստոնեական պետության հետ:

Մինչդեռ գործնականում Ադրբեջանին սպառազինությունների ամենամեծ մատակարարն ուղղափառ քրիստոնյա երկիր Ռուսաստանն է, Ադրբեջանի տնտեսությունը փլատակներից բարձրացրել են Անգլիան եւ ԱՄՆ-ը, Բաքուն իր ռազմական արսենալը համալրում է իտալական, սերբական եւ քրիստոնյա այլ երկրների արտադրանքով: Արտառոց ոչինչ չկա հայ-արաբական համագործակցության մեջ: Խնդիրը կրոնական համերաշխության տեսանկյունից դիտարկելով՝ Ադրբեջանն այն ավելի սրելու ճանապարհն է ընտրում: Դա շատ վտանգավոր է: Մանավանդ որ ադրբեջանական մամուլում տեսակետներ են հնչում, որ Ռուսաստանում ադրբեջանցիները պետք է միավորվեն թաթարների եւ հատկապես չեչենների հետ՝ ընդդեմ հայերի: Սա պետք է ահազանգ լինի Ռուսաստանի պատկան մարմիններին: Հակառակ դեպքում Պուտինի իշխանությունը լուրջ խնդիրներ կունենա: