ԱՄՆ-ն նշել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանը

ԱՄՆ-ն նշել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանը

Ուկրաինային անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, որպեսզի կարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Առաջին հերթին նրանք պետք է հաղթեն այս պատերազմում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարները։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ կարծում է, որ Ուկրաինան ապագայում պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ դաշինքին միանալու համար դեռ շատ բան կա անելու։ 
Բացի այդ, նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Կիևը պետք է աշխատի Ուկրաինայում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։

 «Կոռուպցիան մտահոգության տեղիք է տալիս. Սակայն, իհարկե, ցանկացած երկիր, որը ցանկանում է միանալ դաշինքին, պետք է այլ գործողություններ ձեռնարկի»,- ընդգծել է Քիրբին։
Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման որոշումը կայացնում են նրա բոլոր անդամները։ «ԱՄՆ-ը չի կարող կախարդական կերպով դա անել», - խոստովանել է Քիրբին: