Մեր զինվորներին զսպում են, չկա հրաման կրակելու ցեղասպան օկուպանտների վրա. Ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիա է

Մեր զինվորներին զսպում են, չկա հրաման կրակելու ցեղասպան օկուպանտների վրա. Ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիա է

Մի խումբ փախստականներ, որոնք օրերս Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ ՀԱՊԿ-ի, այժմ արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ են ու ակցիան շարունակում են այստեղ։

«Այո, մենք երկու օր առաջ ՀԱՊԿ-ի դեմ ակցիա արեցինք, իսկ այժմ Ազնավուրի երաժշտության ներքո եկել ենք այստեղ ու հավանաբար չի գտնվի մեկը, ով Ազնավուրին կմեղադրի հակառուսականության մեջ։Այն, ինչ կատարվեց մեզ հետ սեպտեմբերի 27-ից, մեզ ապացուցում է, որ ՀԱՊԿ-ն պարզապես փուչիկ չէ,ՀԱՊԿ-ն ծուղակ է, այլապես ինչու Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ դիմել ՀԱՊԿ-ին անվտանգային հարցում։

Ինչու մինչ օրս ՀՀ-ն չի կարողանում տիրություն անել Արցախի Հանրապետության բնակչությանը, նրա անվտանգությունը Արցախից մնացած այդ բեկորի վրա։ Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, որ Արցախի օդը պաշտպանված է , բայց օդը պաշտպանված չէր։ Ինչու է այսօր ՀՀ մխրճվել ցեղասպան օկուպանտը, սակայն չկա հրաման կրակել նրա վրա, մեր զինվորներին զսպում են։ Այս հարցերը մենք տալիս ենք ոչ միայն հայաստանյան իշխանություններին, այլ նաեւ այն դրամաշնորհային փորձագետներին ու մասնագետներին, ովքեր լուռումունջ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Մենք հերթական անգամ կասկածի տակ ենք դնում ՀԱՊԿ-ի բովանդակությունը ու մտահոգություն հայտնում, որ վաղը այդ կառույցը հնարավոր է տարատեսակ մեխանիզմներով արգելափակի հայության անվտանգությունը։ Հնարավոր է նաեւ հնարավորություն չտան, որ մեր տղաները պաշտպանեն մեր հայրենիքը։ Կոստյում հագած կամավորները ՀԱՊԿ-ի անվան տակ տալիս են մեր հայրենիքը։ Այս ակցիան ուղղված է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են ցեղասպանությանը, որոնք միտված են կանխելու ցեղասպանությունները աշխարհում, որոնք անկեղծ են իրենց ցանկությունների մեջ։ Մենք նամակով դիմել ենք Ֆրանսիայի դեսպանին։ Մեր ակցիայի հիմնական նպատակը այն է , որ կրկին չունենանք կորուստներ, 12000 քառակուսուց մնացել է 2000-ը»,- ասացին ակցիայի մասնակիցները։