«Հրապարակ». Իմ սարքած ստադիոնում ՀՖՖ-ի 30-ամյակն են նշում, ինձ հրավիրատոմս չեն ուղարկում

«Հրապարակ». Իմ սարքած ստադիոնում ՀՖՖ-ի 30-ամյակն են նշում, ինձ հրավիրատոմս չեն ուղարկում

Դեկտեմբերի 23-ին նախատեսված է ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան նաեւ ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, իսկ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: 

Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՖՖ նախկին նախագահ,  ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, նկատում է՝ ընտրությունն արդեն կատարված է, ապա մանրամասնում է. «Ավելի ճիշտ՝ նշանակումը, Արմեն Մելիքբեկյանը նշանակվել է ՀՖՖ-ի նախագահ, իսկ նշանակումը կատարել է ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Նիկողոսյանը, որովհետեւ առաջին անգամ էլ Արմեն Մելիքբեկյանը Արմեն Նիկողոսյանի շնորհքով եւ հնարավորություններով դարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Երկրորդ անգամ էլ»։

Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնի համար առաջադրված կոնկրետ 2 թեկնածուներին, նրանցից որի՞ դեպքում հայկական ֆուտբոլը կշահի, Ս․ Աբրահամյանը նշում է․ «Ոչ մեկի` ո՛չ Մելիքբեկյանի, ո՛չ Օզբիլիսի, որովհետեւ մի անգամ էլ են Օզբիլիսին ուղղորդել, օգտագործել, ինչի համար ափսոսում եմ, որովհետեւ շատ լավ ֆուտբոլիստ էր։ Նորից եմ նշում՝ նա մի անգամ արդեն հենց Արմեն Նիկողոսյանի հորդորով արջի ծառայություն մատուցեց որոշակի անձանց նկատմամբ։ Այնպես որ, որպես ֆուտբոլիստ, Օզբիլիսին ես շատ եմ գնահատում, բայց ընտրություններ, որպես այդպիսին, մեզանում չկան ու չեն լինելու։ Ու այն դժգույն, զզվելի մթնոլորտը, որ հայկական ֆուտբոլում է տիրում, դրա միակ պատասխանատուն օրվա պատասխանատուներն են՝ Արմեն Մելիքբեկյանն եւ Արմեն Նիկողոսյանը, ինչի համար շատ եմ ցավում ու ափսոսում»։ Ս. Աբրահամյանը, ըստ էության, ակնարկում է, որ ճիշտ են այն լուրերը, որ Օզբիլիսի թեկնածությունը հենց ՀՖՖ նախագահությունն է առաջ քաշել` մրցակցային պայքարի իմիտացիա ստեղծելու համար:
Այդուհանդերձ, երկու քիչ թե շատ դրական գործոն է առանձնացնում Ս․ Աբրահամյանը․ «Առաջինը Հայաստանի ազգային հավաքականն է, այն էլ ոչ թե արդյունքները, այլ՝ հավաքական պոտենցիալը, եւ երկրորդը՝ մեր ֆուտբոլասեր հասարակությունը, որ անտրտունջ մեծ հույսեր ունի Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված, չնայած երկու դեպքում էլ ֆուտբոլի ֆեդերացիայի լուման անգամ չկա։ Առաջինի դեպքում ֆան ակումբներն իրենք են ձեւավորել, որ ամեն ինչով պաշտպանում են հայկական ֆուտբոլի շահերը, երկրորդ դեպքում բոլորը Ռուսաստանի հայ մարզիկներն են, լեգեոներները հիմնական։ Ցավոք սրտի, մեր աճեցրած ֆուտբոլիստների ապագան, անկախ նրանց ցուցադրած արդյունքներից, որ տեսնում էինք, հիմա դա էլ չկա»։

Ս․ Աբրահամյանը նկատում է՝ չնայած աշխատել է Մելիքբեկյանի հետ, բայց երբեւէ նրան չի քննադատել. «Ես շատ խիստ ու դաժան ձեւով քննադատել եմ Արմեն Նիկողոսյանին իր գորշ կարդինալության համար, նա է ամեն ինչը ղեկավարում, բայց Մելիքբեկյանը 2 խոշոր վրիպում թույլ տվեց, մեկը՝ տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսեցին, այն էլ այս սոված երկրի պարագայում՝ Մենենդեսին բերելու ու Հայաստանի ֆուտբոլը զարգացնելու համար, որը բնավ իմաստ չուներ։ Մենենդեսն էլ եկավ Հայաստան` որպես խոպան, ու այդ ահռելի փողերի պարագայում երիտասարդական հավաքականը՝ 17, 18, 19 տարեկանները, բացարձակապես ոչ մի արդյունք ցույց չտվեցին։ Ապշելու բան է: Մինչդեռ Ուկրաինայի տեխնիկական տնօրենն ամսական ընդամենը ստանում էր 2 հազար 500 դոլար, այն դեպքում, որ Ուկրաինայի 20 տարեկանների հավաքականն աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ մենք այդ իսպանացուն շուրջ 10 մլն եվրոյի վճարումներ արեցինք, մոտավորապես այդ կարգի թվերի մասին էր խոսքը, ու դրա դիմաց բացարձակապես ոչ մի արդյունք չգրանցեցինք, փոխարենը Մենենդեսն էլ իր բաջանաղին, կնոջ ընկերուհուն բերեց, ձիապանին, ամեն ինչ արեցին, բայց դրա դիմաց ոչ մի արդյունք չստացանք։ Նա փայլուն մասնագետ է, բայց, ցավոք, Հայաստանի համար ոչինչ չարեց, իսկ դրա հիմնական պատասխանատուն Մելիքբեկյանն էր։ Ես համոզված եմ՝ վաղը, մյուս օրը, ով նորմալ ընտրություններով եկավ` ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, բոլորին քրեական պատասխանատվության են ենթարկելու՝ վատնելու համար հանրային ունեցվածքը։ Կամ՝ ո՞նց կարելի է Լեհաստանից՝ մեր մենթալիտետի հետ կապ չունեցող լեհ մեկին բերել՝ ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի պետ նշանակել՝ ամիսը 10 հազար եվրո աշխատավարձով։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ամենալավ մրցավարը 150-200 հազար է ստանում, իսկ նրա օգնականներին, եթե չեմ սխալվում, 2 հազար 500 եվրոյի չափ աշխատավարձ էին տալիս։ Այդ գումարները մեր մրցավարներին բաժանելու պարագայում ավելի լավ արդյունքի կհասնեինք, քան այդ դեպքում, երբ առավել եւս ստրատեգիական առումով ոչ մի ապագա չես տեսնում այդ քայլերում, բացի գումարային գործոնից»։

Հայկական ֆուտբոլին, ըստ Ս․ Աբրահամյանի, պատիվ են բերելու հայ ֆուտբոլիստն ու հայ մարզիչը: «Հայկական ֆուտբոլում կարգ ու կանոն է հաստատելու հայ մրցավարը, մենակ դրա համար վստահել է պետք, եւ պետք է ոչ թե դրսի մասնագետներին, դրսի մոդելները բերել այստեղ՝ այդ ահռելի գումարներով, այլ մերոնց ուղարկել այնտեղ ուսուցանելու, որ այդ մոդելները բերեն այստեղ ու մեր սեփական ես-ով այստեղ անցկացնեն։ Մի անգամ մենք պե՞տք է կարողանանք մեր սեփական ուժերի վրա վստահորեն խաղ դնել, թող մի 2-3 տարի արդյունք չունենանք, բայց գոնե ռազմավարությունը մեր կարողանանք ճիշտ մշակել՝ հետագայում արդյունք ստանալու համար»։

Զրուցակիցս մի կարեւոր, առանցքային հարց է բարձրաձայնում՝ այս անգամ ապագային միտված. «Այս անառողջ մթնոլորտում, ինչքան էլ ազնիվ լինեն ֆեդերացիայի նախագահները, ինչքան էլ կարող ուժ ունենան, նրանք չեն կարող հայկական ֆուտբոլի վերելքն ապահովել, եթե չունենան մեր ակումբի նախագահների բացարձակ աջակցությունը։ Յուրաքանչյուր ակումբի նախագահ նույն պատասխանատվությունն ու իրավասությունը պետք է ունենա ֆեդերացիայի հետ հավասար։ Պետք է գործընկերային հարաբերություններ ու առողջ մրցակցություն լինի, պատասխանատվություն, հարգանք՝ ակումբի նախագահների, ակումբի կատարած աշխատանքների նկատմամբ, այլապես ոչ մի արդյունքի չեն հասնի, իսկ այն արտահայտությունը, կներեք այն արտաբերելու համար, որ «ակումբի նախագահներին պետք է կզացնենք», ուղղակի անբարոյական է, չի աշխատելու դա, որովհետեւ ամեն մի ակումբի նախագահ մի հզոր անհատականություն է։ Այդ ֆուտբոլային քաղաքականության պատասխանատուն 2 հոգի են՝ Արմեն Մելիքբեկյան եւ Արմեն Նիկողոսյան։ Վերջինս արդեն ընտրության հարցը լուծել է, որովհետեւ ներքին խարդավանքներ են ընթանում, եւ ամսի 23-ի ընտրությունն էլ ձեւական բան է, ոչ ավելին»։

Սուրեն Աբրահամյանը նեղսրտում է նաեւ ներկայիս ղեկավարության՝ իր հանդեպ պահվածքից․ «Հիմա իրենք նստել են տաք օֆիսներում, որը ես եմ սարքել եւ ֆեդերացիայի համար ձեռք բերել։ 2-րդ. իմ սարքած ստադիոնում, որ արյան գնով եմ սարքել, փող մուրալով, այդ ստադիոնում ՀՖՖ-ի 30-ամյակն են նշում, ինձ հրավիրատոմս չեն ուղարկում, ինչ է՝ ես իրենց ուտելո՞ւ էի կամ իմ վարքագծով պախարակելո՞ւ էի, նույնիսկ մեկ տոմս էլ չեն ուղարկում, այդպես չի կարելի՝ ամեն ինչում մերը-ձերը անել։ Նայում եմ այս անառողջ մթնոլորտը, որ հիմա տիրում է, ո՞նց կարելի է «Փյունիկի» նման ակումբին նեղացնել այդ ձեւի, գնացեք մի հատ նրանց կատարած աշխատանքը տեսեք։ Ցավ եմ ապրում, բայց ընտրություններ չեն լինելու, արդեն իսկ որոշված է ամեն ինչ, այլապես մի քանի լուրջ մարդիկ կարող էին իրենց թեկնածությունը դնել ու Մելիքբեկյանի հետ գաղափարական ծրագրերի մասին խոսեին՝ ֆուտբոլի ապագայի հետ կապված։ Իշխանությունը պահելու հարց են լուծում, ուրիշ ոչինչ»։