Տոտալ պատերազմ ոհմակին եւ նրանց շրջապատին

Տոտալ պատերազմ ոհմակին եւ նրանց շրջապատին

Հայերս ճիշտ չենք պատկերացնում ոհմակ երեւույթի իմաստն ու էությունը: Ոհմակը միայն խումբ չէ, ոհմակը որոշակի մտածելակերպ է, որոշակի մեթոդաբանություն, որոշակի արժեհամակարգ, որոշակի ներքին շահեր ու կապեր, որոշակի դաժանություն, որոշակի որսատեսակ: Ոհմակի հակառակ կողմում ոհմակի որսն է, ավելի ճիշտ՝ որսատեսակը: Շնագայլերի ոհմակը գայլերի ոհմակի վրա չի հարձակվի, բայց եթե միայնակ գայլի վրա հարձակվի ոհմակով՝ կհաղթի, կհոշոտի վերջինիս:

Քանի որ Հայաստանը գրեթե միշտ կրիմինալ ոհմակների ենթակայության տակ է եղել, խնդիրը թե՛ ոհմակի եւ թե՛ մեզ՝ զոհերիս միանգամայն հասկանալի է: Պատմությունը որեւէ օրինակ չունի, որ զոհերը միավորվեն ու կարողանան հաղթել ոհմակին: Արտաքին թշնամուն հաղթելն ու ներքին տականքին՝ քեզանում բուն դրած ոհմակին հաղթելը բացարձակապես տարբեր բաներ են: Ոհմակից պաշտպանվելու, ոհմակին հաղթելու համար պետք է հստակ գիտակցել, որ ոհմակի եւ նրա զոհի ոչ մի հատկությունը նույնական չեն: Նույն հայը չեն, նույն մարդը, նույն հայրն ու նույն մայրը, եղբայրը, քեռին, քեռակինը չեն, նույն սիրեկանն ու սիրուհին չեն: Պետք է սա հասկանալ կամ գոնե համակերպվել սրա հետ:

Օրինակ, ոհմակի նպատակը որսին հոշոտելն է, իսկ զոհի նպատակը՝ երկիր ունենալն ու արժանապատիվ ապրելը: Այս երկուսի՝ ոհմակի եւ զոհի նպատակների միջեւ ոչ մի ընդհանուր բան չկա։ Ոհմակի դեմ միտինգով, սթափության կոչելով, ստորաքարշորեն «ոստիկանը մերն է» բղավելով կամ թեկուզ հարայ-հրոցով, աղմուկ-աղաղակով հնարավոր չէ պայքարել: Ոհմակն այդ ամենի դեմ արդեն պատրաստի ունի պատասխան գործողություններ, մեթոդաբանություն: Օրինակ՝ հեքիաթներից ու ականատեսների պատմածից գիտենք, որ գայլերի ոհմակը միայնակ շանը գյուղից հանելու համար սկզբից շան մոտ է ուղարկում մի թույլիկ, բայց խորամանկ գայլի, որը գալիս, տնկվում է շան դիմաց ու հետո փախչում: Շունն էլ ոգեւորված վազում է դրա ետեւից՝ մինչեւ գյուղից դուրս գալը: Ու հենց այդ ամայի տարածքում, ամեն կողմից հայտնվում է գայլերի ոհմակը, շրջապատում եւ թեկուզ քաջ ու խրոխտ այդ շան հարցը լուծում:

Հիմա մենք ենք: Արդեն երեք տասնամյակ է՝ ոհմակը գնալով մեծացել, ճյուղավորվել, հաստագլխացել է ու մեր կյանքն է հոշոտում: Իսկ ձայն հանողին էլ՝ իրենց ոստիկանով, դատարանով ու բանտով ոչնչացնում են: Միայն կույրը կարող է շարունակել չտեսնել այս պարզ բանը եւ անատամ հանրահավաքներ, քայլերթեր անել, մարդկանց հորդորել հրապարակավ հերոսություն անելու ու դատարանի բերանն ընկնելու: Բավական է յուրաքանչյուրս ոհմակի անդամ մեր բարեկամին չտեսնելու տանք եւ ընդհանուր գայլերի մասին խոսենք: Եթե ոհմակի անդամը ձեր անձնական բարեկամն ու խնամին չէ, ապա ձեր ընկերոջ բարեկամն ու խնամին է: Ուրեմն թքեք այդ ընկերոջ վրա, երեսով տվեք, հերն անիծեք, որպեսզի նա էլ իր բարեկամականում ձայնը բարձրացնի, թե՝ սրիկաներ, այս ի՞նչ եք անում, հարամ լինի ձեր կերած հացը, ձեր սրիկայության, ձեր պնակալիզության պատճառով երկիր ենք կորցնում, որպես ազգ վերանում ենք։ Վաղը թուրքը մտնելու է անտեր մեր երկիր, մեզ հետ միասին վերացնի նաեւ ձեզ՝ ձեր ընտանիքով։ Չեք ուզում հոշոտվել՝ ուրեմն ոհմակի անդամների նկատմամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «շլանգ» ձեւացող ծանոթ-բարեկամ հիմարներին կարգի հրավիրեք:

Հայաստանը ոչ մի ելք չունի, բացի տոտալ ներքին պատերազմից՝ ոհմակի ու նրա շրջապատի դեմ:

Գարեգին Վարդանյան