«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալը ռեկորդ է սահմանել․ նրա անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալը ռեկորդ է սահմանել․ նրա անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց զբաղվածությունը շահավետ օգտագործելու միջոցառումները, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Այդ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և ՀՀ ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայությամբ անցկացվել է հերթական ռեկորդի գրանցումը:

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը, օգտվելով դատապարտյալներին ընձեռված մարզական միջոցներից և հնարավորություններից, իր համառ կամքի ու հիմնարկի մարզասրահում ամենօրյա քրտնաջան պարապմունքների շնորհիվ 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով կատարյալ ռեկորդ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Մանուկյանը Թաթուլ Միրզոյանին հանձնեց ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից տրամադրված «Դյուցազնագիրը» առ այն, որ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»: