Գլոբալ էպատաժի մի քանի հարցեր

Գլոբալ էպատաժի մի քանի հարցեր

Այսօր կուզենայի խոսել էպատաժի մասին: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է այդ վտանգավոր երեւույթը մեր միջից արմատախիլ անելու, քանզի այսօր մեզ ավելի, քան երբեւէ, միասնություն է պետք: Շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ էպատաժը մեզանում դարձել է ազգային անվտանգության խնդիր: Հայաստանում էպատաժով են զբաղված իշխանությունները, իսկ դա չլսված, չտեսնված բան է մարդկության, քաղաքակրթությունների եւ արվեստների պատմության մեջ: Այլ խոսքով՝ էպատաժ անող, էպատաժին տրված իշխանությունը չի կարող լավ տեղ հասցնել իրեն քվե տված պողոսներին՝ ինչ ազգության էլ լինեն նրանք:

Հիմա` թե ինչ է էպատաժը: Կարծում եմ՝ հենց առաջին բառերից կհասկանաք, թե խոսքն ում մասին է, եւ ինչու պետք է լուրջ ուշադրություն դարձնել այս խնդրին: Էպատաժը (épatage) ֆրանսերեն բառ է, որը ո՛չ մարդավարի գոյական է, ո՛չ էլ բայ: Այն ամենաշատը ձգում է ածականի եւ նշանակում է՝ ընդունված նորմերն ու կանոնները խախտող, սկանդալային, հանդուգն, գրգռիչ վարքի կամ տեսքի դրսեւորում։ Հակադրվում է հասարակությունում ընդունված իրավական, բարոյական, սոցիալական եւ այլ նորմերին։ Բառը հատուկ է բացառապես ժարգոնային ֆրանսերենին, գրական լեզվում չի օգտագործվում: Եթե բառացի թարգմանենք, նշանակում է՝ «գավաթի ոտքը ջարդել», այսինքն, դիմացինի հոգին տակնուվրա անել, նրան հոգեխանգարմունքի հասցնել: Էպատաժի հետեւանքը մեզ քաջ հայտնի սկանդալն է: Դե իսկ էպատաժի ամենալավ բնութագիրը տվել է Ալբեր Քամյուն. «Էպատաժը «մետաֆիզիկական ընդվզման» ծայրահեղ վիճակն է։ Եվ «բացարձակ մերժման մեջ առանձնացածի» անօգուտ ընդվզումն է»: Էպատաժի դրսեւորման եւս մեկ հարթակ էլ գովազդի բնագավառն է: Էպատաժը հետաքրքրություն է առաջացնում գովազդվող ապրանքների հանդեպ եւ նպաստում դրանց վաճառքին: Բայց նույնիսկ այս անշառ ոլորտում չի կարելի գերազանցել էպատաժի չափաբաժինը: Մի ոչ ցենզուրային արտահայտություն, եւ իսկույն կհայտնվես դատարանում: Դեպքեր շատ են եղել:

Անցնենք պետական մակարդակի էպատաժին, այսինքն՝ պետական այրերի սկանդալային, հանդուգն, գրգռիչ վարքին կամ տեսքին։ Հատուկ չեմ նշում, թե որ իշխանությունների մասին է խոսքը, քանզի վերեւում ասացի, որ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ ունի էպատաժային իշխանություն: Բնական է՝ լավ օրից չէ, որ իշխանություններն իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դիմել են էպատաժի եւ իրենց թույլ են տալիս ընդհուպ «սարսաղություններ», միայն թե իրենց նկատեն, առանձնանան հասարակության մյուս անդամներից, իրենց դատարկ գլուխներով կարեւորվեն որպես կարդացած ուսումնականներ: Ուրիշ էլ ի՞նչ ճանապարհով պետք է կարողանային իշխանության իմիջ ձեւավորել, եթե չգիտեն անգամ, թե ինչ է իշխանությունը: Նայեք ԱԺ իշխանական թեւի եւ կառավարության ընդհանուր պատկերին: Անծայրածիր հարթություն է` իրարամերժ ոչինչ չկա, գույներ չկան, սեւ-սպիտակ ֆոտո, ինչի պակաս չկար ԽՍՀՄ ժամանակներում Կրեմլի համագումարների պալատից արված լուսանկարներում: Մնում է՝ մեդալները շարած գան գործի: Սրանից ավելի նախկին բան դժվար է նույնիսկ մտածել:
Իշխանական էպատաժի ցայտուն դրսեւորումներից է իշխանության ընդդիմադիր կեցվածքը, որ գալիս է դեռ 2018 թվից: Այս իշխանությունն ընդդիմադիր էր թե՛ 18-ին, թե՛ 19-ին, թե՛ 20-ին, թե՛ պատերազմից հետո, թե՛ վերարտադրությունից հետո, թե՛ մինչ օրս՝ իշխանության գալուց 6 տարի անց: Հետո էլ ասում ենք՝ ընդդիմություն չկա:

2 օր առաջ տեսաք, չէ՞, արդարադատության նախարարի էպատաժը: Բավական չէ, որ ներկաներից ամենալոլոզն էր եւ դրանով իսկ էպատաժ էր ստեղծում, դեռ մի բան էլ շուռ եկավ ու ընդդիմադիր պատգամավորի տված հարցին էպատաժային լկտիությամբ պատասխան տվեց: Թե բա՝ ես Կարեն Անդրեասյանի օրինակով Նիկոլի նկարից չեմ ոգեշնչվում: Ինչպիսի՜ ընդդիմադիր կեցվածք: Եվ այսպես՝ բոլոր նախարարները: Հատկապես տպավորիչ էր տարածքային նախարարի էպատաժը: Սա արդեն իշխանական պատգամավորին բաց տեքստով ասաց, որ վերջինս, իր ընդդիմադիր գործընկերների պես, դեռ չի կողմնորոշվել: Հանրապետությունում գրեթե վարչապետի չափ ծածկույթ ունեցող նախարարի ցավոտ տեղին էր դիպել իշխանական պատգամավորը՝ շոշափելով քանդվող ճանապարհների եւ փոսերի թեման: Էլ ի՞նչ իշխանական էպատաժ՝ առանց իշխանական բուրգի գլխավոր ֆիգուրի՝ կասեք դուք: Այո, այս ողջ էպատաժը գալիս է նրանից, որ բուրգի գլուխն է: Նա ամբողջ աշխարհում եղած բուրգի գլուխներից միակն է, որ հաջողացրել է խաղաղություն եւ պատերազմ բերել միաժամանակ, նա միակ լրագրողն է աշխարհում, որ համարձակվել է ինքզինքը գերագույն գլխավոր հրամանատար հռչակել ու մատ թափ տալ ընդդիմության վրա, թե հանկարծ իմ ունակությունների վրա չկասկածեք: Նրա ո՞ր մի էպատաժը թվարկեմ: Բա տնտեսության ոլորտի նոու-հաուները:

Ամբողջական ոլորտներ է վարի տվել, բայց նախարարի է գործից հանում, թե նա կոռումպացվածության ռիսկեր ունի իր մեջ: Ենթադրենք՝ էկոնոմիկայի նախարարին գործից հանեց, բա մյուսնե՞րը, որ մի սանրի կտավ են ու ամեն մեկն իր տեղում մի էպատաժիստ: Նրանցից մեկին հարցրին՝ ի՞նչ եք պատրաստվում անել պատմության խոտանված (էպատաժային) դասագրքի հետ: Շուռ եկավ, ընդդիմադիրի դեմքի արտահայտությամբ նետեց՝ խոտանվածը ձեր ժամանակների դասագրքերն էին: Ասա՝ այս նախարարի իսկի սանրվածքի՞ն է, որ այն ժամանակների դասագրքերով կրթված սերունդներն ազատագրեցին ու 30 տարի պահեցին Արցախը:

Իշխանական էպատաժը վերջին շրջանում հաղթահարել է երկրի սահմանները եւ դուրս եկել միջազգային ասպարեզ: Դրա առաջին հարվածն իր վրա զգաց ՀԱՊԿ-ն, որի անդամ ենք մենք: Այդ կազմակերպությունում հանկարծ իմացան, որ անդամներից մեկի ջերմությունը կտրուկ իջել է՝ սառելու աստիճան: Եվ ՀԱՊԿ-ում որոշեցին «փեջերը» միացնել, որ այդ հանդուգն «սառած տոլման» մի լավ տաքացնեն: Իսկ թե ով է տուժելու միջազգային մասշտաբի այս էպատաժից, կարծում եմ՝ կարիք չկա կրկնելու: