Այսօր Միջինք է

Այսօր Միջինք է

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, դա նշանակում է, որ Մեծ Պահքը հասել է իր կեսին: 
Եկեղեցական տոնացույցում Միջինքը որպես տոն ամրագրված չէ, սակայն հայոց ավանդական կենցաղում շատ տարածված է եղել և ունեցել է գեղեցիկ ծիսաշար: Միջինքին հաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Քառասուն մանուկների հիշատակի տոնը: Այն ևս մեծ ժողովրդականություն է վայելել:

Տոների մոտ լինելու պատճառով հայոց մեջ Միջինքի և Քառասուն մանկանց հիշատակին նվիրված սովորույթները միահյուսվել են և կատարվել Մեծ Պահքի չորրորդ շաբաթվա ընթացքում: Ուստի տարբեր գավառներում հաճախ դրանք ունեցել են նույն անվանումը՝ «Միջունք» կամ «Քառսուն մանուկ», «Քառասուն ճրագ», «Լիճք» և այլն:

Մեծ Պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինք: Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։

Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը: