Սուրեն Պապիկյանը կդառնա մեգանախարար, Հակոբ Արշակյանը կզարգացնի չեղած ոլորտը

Սուրեն Պապիկյանը կդառնա մեգանախարար, Հակոբ Արշակյանը կզարգացնի չեղած ոլորտը
Սուրեն Պապիկյա

Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին փոփոխությունների նախագիծը մի քանի օր է՝ փոթորիկ է առաջացրել երկրում։ Նախարարությունների աշխատակիցների շրջանում խուճապ է, տագնապ ու անորոշություն։ Բանն այն է, որ նոր իշխանությունները, չկարողանալով բյուջեն լցնել տնտեսության զարգացման, դրա արդյունքում հարկային մուտքերի ավելացման ճանապարհով, որոշել են կրճատումներով ու խնայողություններով «ավելացնել» բյուջեի գումարները։ Գործող 17 նախարարությունից ուզում են թողնել 12-ը։ Արդեն շրջանառության մեջ է դրվել կրճատումների մասին նախագծի աշխատանքային տարբերակը, որում առկա 12 նախարարությունից ունենալու ենք երկու խոշորացված, կարելի է ասել՝ սուպերնախարարություն։

Մեկը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, որն ուղղակի գիգանտ նախարարություն է լինելու։ Այս նախարարության մեջ են լինելու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման եւ ջրային կոմիտեները։ Այս ամենը միասին կոչվելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Ենթակառուցվածքներն էլ, փաստորեն, լինելու են էներգետիկան, բնական պաշարները, պետգույքը, ջրային կոմիտեն։ Բայց սա դեռ ամենը չէ։

Ամբողջությամբ լուծարվելու է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Դրա փոխարեն ստեղծվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն, տրանսպորտի գործող նախարար Հակոբ Արշակյանն էլ, ով «բարձր տեխնոլոգիաների» սիրահար է ու դրանցից է ավելի շատ գլուխ հանում, ոչ թե տրանսպորտից ու կապից, կարգվելու է սուպերնախարար։ Իսկ թե ինչ կապ ունի Արշակյանը ռազմարդյունաբերության հետ, կամ որքանով է Հայաստանում հնարավոր զարգացնել ռազմարդյունաբերությունը, այնքան, որ առանձին նախարարություն ստեղծելու հիմք կա, մնում է միայն գուշակել։ Նույն սկզբունքով կառավարությունում կարող ենք ստեղծել նավաշինության կամ ծովերի եւ օվկիանոսների նախարարություն, անկախ նրանից, որ երկուսից էլ չունենք, բայց շատ կուզենայինք ունենալ։

Եվ որպեսզի տրանսպորտն անհետ չկորի, եւ ինչ-որ մեկը զբաղվի մեր չունեցած, կիսատ-պռատ, անմխիթար վիճակում գտնվող տրանսպորտով ու քարուքանդ ճանապարհներով, որոշել են  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունները եւ գործառույթները փոխանցել նոր բացվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Հիրավի տարօրինակ մոտեցում ունի նոր կառավարությունը ոլորտային առաջնահերթությունների հարցում։ Նրանց կարծիքով, փաստորեն, շրջափակման մեջ գտնվող երկրին տրանսպորտի նախարարություն պետք չէ։ Եվ այս գիգանտ նախարարության ղեկավար, ըստ նախնական տեղեկությունների, կդառնա տարածքային կառավարման եւ զարգացման գործող նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա կլինի Հայաստանի թերեւս ամենասուպեր, մեգագիգանտ նախարարը՝ ստվերում թողնելով երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին, ով ղեկավարում էր Պետեկամուտների կոմիտեն ու ֆինանսների նախարարությունը։ Բայց Խաչատրյանն աշխատանքի փորձ ուներ, աշխատել էր երկու կառույցում էլ, իսկ պատմաբան Սուրեն Պապիկյանը, ով մինչ նախարար դառնալն ընդամենը մանկավարժությամբ է զբաղվել, եւ ում ղեկավարած նախարարությունը մինչեւ հիմա Վաչե Տերտերյանի ուսերին է յոլա գնում, ղեկավարելու է իրարից տարբեր միանգամից 5-6 ոլորտ։ 

Ի դեպ, բավականին ծանր է լինելու կրճատվող աշխատակիցների հարցը։ Այն նախարարությունները, որոնք կհայտնվեն կրճատվողի եւ մեկ ուրիշին միացողի դերում, դրանց կադրերը կմնան փողոցում, փոխարենը կշահեն նրանք, որոնց նախարարությանը կմիանան մյուս գերատեսչությունները։