Դա քայլ է ճիշտ ուղղությամբ

Դա քայլ է ճիշտ ուղղությամբ

Ընթացիկ շաբաթ Արմեն Սարգսյանը վերջնականապես անցավ պատմության գիրկը` թափուր թողնելով ՀՀ նախագահի պաշտոնը: Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրեց ԱԺ նախագահը, իսկ երկիրը, հազարամյակներ չփոփոխվող՝ «Մահացավ արքան, կեցցե արքան» սովորույթի տրամաբանությամբ, անցավ նոր նախագահի թեկնածուներ առաջադրելուն, հորինելուն, քննարկելուն, զվարճանալուն:

Ընդսմին, առաջին թեկնածուների անունները, որ ասպարեզ նետվեցին ու հոլովվում էին, ակնհայտ ծաղրանքի նպատակ ունեին` ասենք, լուսաճառագ Էդմոն Մարուքյանին առաջադրել ՀՀ նախագահ կամ` սոցցանցերից ու մամուլից իբրեւ բանջարա-բոստանային կուլտուրա հայտնի Արայիկ Հարությունյանին: Զարմանալի էր, որ Քյարամյանի կամ Պապիկյանի ազգանունները չհոլովվեցին, քանի որ հատկապես այդ երկու անձինք Փաշինյանի խելապակաս կառավարություններում համարյա խցանի գործառույթ ունեն: Որտեղ հանրապետական նշանակության որեւէ թափուր պաշտոն է առաջանում, որքան էլ պաշտոնը հեղինակություն, ծառայություն, փորձառություն կամ նեղ գիտելիքներ պահանջի` նշանակություն չունի, Փաշինյանն իր ունիվերսալ (անկարողությամբ` ունիվերսալ) կադրերով, հիմնականում` Քյարամյանով կամ Պապիկյանով, խցանում է պաշտոնը եւ անցնում առաջ, մինչեւ ժամանակի ընթացքում կա՛մ պաշտոնը լուծարվի, վերակազմավորվի, կա՛մ հանկարծ թեկնածու ասպարեզում հայտնվի:

Այդուհանդերձ, տարբեր զվարճալի անուններ հոլովելը, որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածուներ, երկար չտեւեց, եւ ուսապարկերը հայտարարեցին, որ իրենց ուսապարկային խառնակույտից դուրս գտնվող անձի են առաջադրում ՀՀ նախագահի պաշտոնում` Վահագն Խաչատրյանին (Խաչատուրյանին): Պրն Խաչատրյանը քաղաքական առաջնորդ չէ, շատ ավելի գիտական, տեսական, արտադրական հետաքրքրություններ ունեցող անձ է, քան քաղաքական գործիչ: Այդուհանդերձ, ի պատիվ իրեն պետք է ասել, որ մաս կազմելով Տեր-Պետրոսյանի իշխանությանը, 1998-ի իշխանափոխությունից հետո Խաչատրյանը հետեւողականորն ընդդիմադիր է եղել թե՛ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին, թե՛ Սերժ Սարգսյանի: Այլ կերպ ասած՝ իր սկզբունքները պաշտպանել է այն ժամանակ, երբ ՀԱԿ-ում քիչ չէին անձինք, ովքեր համոզմունքները, սկզբունքները մի կողմ թողած՝ հատկապես Սերժ Սարգսյանի հետ համագործակցության էին գնում:

Իհարկե, Վահագն Խաչատրյանը շատ ավելի արժանապատիվ կվարվեր, եթե Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելուց էլ ձեռնպահ մնար, բայց դա արդեն քաղաքական գործչի ու առաջնորդի որակ կլիներ: Թե հանուն ինչի կարող է մարդն իրեն տհաճություն պատճառել Փաշինյանի նման ձախողված, տապալված, երկրին անհաշվելի վնասներ պատճառած հեղինակազուրկ ու մեծ հաշվով վերջացած մեկի հետ աշխատելու, նրան «պրն վարչապետ» դիմելու ու հաշվի առնելու, Աստված գիտի: Վահագն Խաչատրյանը, Փաշինյանի կառավարությունում նախարարի պաշտոն ստանձնելով, այդքանն արել է` ինչ-որ տեղ վնասելով ինքն իրեն: Մյուս կողմից, սակայն, ոչ ոք Խաչատրյանին ուսապարկերի հանրույթի մեջ չի ընկալում, ինչը դեռ Խաչատրյանի առավելությունն ու հաղթաթուղթն է եւ ինքնուրույն գործելու զգալի դաշտ է բացում իր առջեւ:

Ցանկալի է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վահագն Խաչատրյանն առավելագույնս ինքնուրույն լինի, որովհետեւ ինքը դա ցանկանա թե ոչ, Փաշինյանի եւ ուսապարկերի հեռացումն իշխանությունից, արդարադատության առջեւ կանգնելը, դատապարտվելը եւ այլն իր նախագահության օրոք է լինելու: Պարզ է, որ այսօր ընտրվող նախագահին վիճակվելու է ականատեսը լինել եւ վավերացնել իշխող ուժի հաջորդ փոփոխությունը Հայաստանում, եւ ցանկալի է, որ այդ նախագահն այնքան ինքնուրույնություն, կշիռ եւ կայունություն հաղորդի իր զբաղեցրած պաշտոնին եւ հասարակության հետ հարաբերությանը, որպեսզի Փաշինյանի եւ ուսապարկերի կանխատեսելի հեռացումն իշխանությունից որեւէ կերպ չխաթարի կայունությունը եւ օրինականությունը երկրում, նաեւ՝ երկրի սահմաններից անդին: