Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Մոսկվայում նիստից «թռած» իմքայլականների հետ

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Մոսկվայում  նիստից «թռած» իմքայլականների հետ

Մենք տեղեկացրել էինք, որ Մոսկվայում շարունակվող «Պառլամենտարիզմի զարգացում» անունով միջազգային համաժողովին ադրբեջանցի պատգամավորների, Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և Սևծովյան համագործակցության կազմակերպության՝ ծագումով ադրբեջանցի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ քննարկմանը, որի ժամանակ Հայաստանի և Արցախի վերաբերյալ  ադրբեջանական պրոպագանդայի ոգով շեշտադրումներ են հնչել, Մոսկվայում գտնվող ԱԺ պատվիրակությունից մարդ չի եղել, որ պատասխանի։

Եվ ադրբեջանա-թուրքական պրոպագանդիստական հարձակումներին պատասխանել է հրավիրյալի կարգավիճակով այնտեղ գտնվող Արմեն Աշոտյանը։
Նշենք, թե ովքեր են եղել պատվիրակության կազմում․ «Իմ քայլից»՝ Ալեքսեյ Սանդիկով, Նարեկ Մկրտչյան, Անուշ Բեղլոյան, ով հետո մեկնել է Հայաստան-Լեհաստան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստին, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, Հրաչյա Մելքումյանը և ԼՀԿ-ից՝ Էդմոն Մարուքյանը։ 

Իսկ ընդհանուր առմամբ՝ համաժողովին մասնակցում են 130 երկրներից պատվիրակներ և խոսնակներ։
«Հրապարակն» ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանից հետաքրքրվեց, թե ովքեր են եղել պատվիրակության կազմում, ինչու չեն մասնակցել, և, առհասարակ՝ ինչ է մտածում ԱԺ ղեկավարությունն այդ կապակցությամբ։

«Ես տեղյակ եմ, որ պատգամավորները տարբեր հանդիպումներ են ունենում իրենց այլ գործընկերների հետ։ Էդ բացթողնման մասին Ազգային ժողովի նախագահն իրենց հետ քննարկում ունեցել է»,-ասաց Վահան Կոստանյանը։

Այսինքն՝ հանդիմանե՞լ է, բարկացե՞լ։ Այդ ճշգրտող հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահի օգնականն ասաց․ արդեն ասացի՝ «քննարկում ունեցել է»։

Հետաքրքիր է, թե ինչու է պետությունը միջոցներ ծախսել, որպեսզի ԱԺ պատվիրակությունը հասնի Մոսկվա, եթե խորհրդարանականները չեն մասնակցում կարևոր միջոցառումների։

Ի պատասխան՝ Վահան Կոստանյանն ասաց, որ ծախսերը հոգացել է ռուսական կողմը։