Մեջտեղինը երեւի կռահեցիք ով է

Մեջտեղինը երեւի կռահեցիք ով է

2018 թվականը հայոց նորանկախ պետության համար չարաբաստիկ տարեթիվ էր եւ սա ոչ թե էմոցիոնալ խոստովանություն է, այլ վերկուսակցական, վերքաղաքական համոզմունք։ Եվ պատճառը մեկն է․ սիրո և հանդուրժողականության քողի ու հանրանվաճ կեղծ լոզունգների տակ Հայոց երկնակամարում կապեցին «հեղափոխության ու այլասերված ժողովրդավարության» ծիածանը՝ իշխանազավթման գլխավոր դիրիժորի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 

«Մեր Նիկոլը, մեր հեղափոխական Հայրն ու Աստվածը»։ Այսպիսի բազմաթիվ ձևակերպումների էինք հանդիպում հայտնի իրադարձություններից հետո, երբ վարչապետ ընտրվեց Նիկոլը։ Հանրային (ավելի կոնկրետ ՔՊ-ի և Նիկոլի վկաների) փսիխոզի մետաստազներն այնքան մեծ էին, որ Անհատի պաշտամունքի գրոտեսկները ուղեկցվեցին նաև փառաբանական երգերով, նիկոլապատկեր հուշանվերներով, գլխարկներով, օղիներով, մի ա՜յլ էքստազով ու ծառայամտությամբ։ «Կամ ես լինելու եմ Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու»․ հեղափոխականի դիրքերից հայտարարում էր Փաշինյանը՝ իրեն նույն շարքին դասելով, ինչ Լենինը, Չե Գեվարան էին ու մյուս աշխարհաճանաչ հեղափոխական գործիչները։ Միակ ընդդիմադրի քղամիդը միակ վարչապետի հագուկապով փոխարինած Նիկոլն ավելի բարձր կանգնեց՝ իրեն համեմատելով, թող Աստված ների՝ նույնիսկ Բարձրյալի հետ։ Իրականում անձի երկվության սինդրոմ ունեցող Փաշինյանն իրեն վեր է դասում նույնիսկ Բարձրյալից և եկեղեցական կանոններից։ 

Իր նախկին հոգեզավակի անաստված մտքերին անդրադարձել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Երկրային «մանր-մունր» խնդիրները հորով-մորով անելուց հետո, Փաշինյանն անցել է երկնային օրենքների մեկնությանը: Սաղմոսասացի արվեստին «կատարելապես» տիրապետած վարչապետն այժմ որոշել է իր ծանրակշիռ ավանդը ներդնել նաև աստվածաբանության ոլորտում: Օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում նա մասնավորապես, ի լուր աշխարհի, հանդես է եկել դարակազմիկ հայտարարությամբ. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա համաձայն քրիստոնական տեսության»՝ որպես հիմնավորում բերելով Աստվածաշնչից քաղված հետևյալ հատվածը. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում» (Հռոմ., 1-2), ապա ավելացրել է. «Թող եկեղեցին իր էության, տեսության եւ հավատի մասին մտածի»: 

Լենինի ու Աստծո միջև դեգերող, նրանց արանքում ինքնահաստատվող Նիկոլն, ըստ էության, սովորական մանկական ֆիլմի հերոս է, հայտնի Միկի Մաուսը, մանկական, բայց ոչ մանուկների հերոս, որովհետև նրա մանկամտությունը կործանար եղավ Արցախի ու Հայաստանի համար, իսկ ազգի մատաղ սերնդին նրա վտանգավոր արկածներից հեռու պահելն արդեն բոլորիս բարոյական պարտքն է․․․