Երեւանի հոգսերը միշտ էլ հուզել են ինձ

Երեւանի հոգսերը միշտ էլ հուզել են ինձ

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններ են։ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների, դաշինքների թեկնածուների անունները։ 

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Նրանցից մեկը «Հաղթանակ» կուսակցությունն է, որի ցուցակը կգլխավորի Վիկտոր Մնացականյանը։ 

Մենք զրուցել ենք ցուցակի երրորդ համարի ավագանու թեկնածու Լալա Մնեյանի հետ։

- Ո՞վ եք մասնագիտությամբ եւ ի՞նչ հանրային գործունեություն եք ծավալել։ 

-Ավարտել եմ ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Հետագայում մասնագիտացել եմ ազգագրության, հայագիտության եւ առհասարակ հայկական մշակույթի հիմնահարցերով, զբաղվել ժողովրդական արհեստներով եւ դրանց կորսված տեսակների վերականգնումով` օրինակ կարպետագործություն, թաղիքագործություն, ասեղնագործություն, դաջազարդություն եւ այլն։ Վերապատրաստման դասընթացներ եմ անցել Հոլանդիայում, Գերմանիայում եւ Հունգարիայում` աշխարհում հայտնի մասնագետների արվեստանոցներում։
Աշխատել եմ Հայաստանի ազգագրության թանգարանում, դպրոցում` որպես ուսուցիչ եւ տնօրեն, դասախոս` ԳՊՀ - ում։ ՀՀ ժողովրդական վարպետ եմ, ունեմ  մանկավարժական եւ հասարակական աշխատանքի երկարամյա փորձ։ Հեղինակ եմ ուսուցողական երկու ձեռնարկների։ Նախաձեռնել եմ հայկական արհեստների տարբեր ուղղությունների վերաբերյալ ձեռնարկների շարքի տպագրություն` ոլորտի հայտնի մասնագետների հեղինակությամբ։ Շարքի առաջին գիրքը արդեն տպագրվել է, մյուսները շուտով լույս կընծայվեն։ Քսանվեց տարի առաջ ամուսնուս` Վանո Դադոյանի, հետ հիմնադրել ենք «Կենաց տուն» մշակութային հկ- ը, որը մինչ այսօր ակտիվորեն գործում է հայ մշակույթի տարածման եւ զարգացման ասպարեզում `տարբեր կրթամշակութային ծրագրեր իրականացնելով Երեւանում եւ մարզերում, մանավանդ սահմանամերձ գյուղերում։ Տարիներ ի վեր պարբերաբար կազմակերպում ենք ցուցահանդեսներ եւ աշխատարաններ արտասահմանյան տասնյակ երկրներում եւ Երեւանում, մասնակցում միջազգային փառատոների, ցուցահանդեսների, գիտաժողովների եւ այլն։ Կազմակերպության գործունեության շնորհիվ հայ վարպետների աշխատանքներ ներկայացել են աշխարհով մեկ։ Բազմաթիվ գործազուրկ կանայք, ինչպես նաեւ խոցելի խմբերի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել մասնագիտություն ստանալ մեզ մոտ եւ ֆինանսական անկախություն ձեռք բերել, ներկայանալ ցուցահանդեսներում։ Մի շարք հասարակական նախաձեռնությունների հիմնադիր եւ մասնակից եմ, որոնք ակտիվորեն գործում են հասարակական կյանքում։ Կամավոր հիմունքներով աշխատում եմ նաեւ «ռեԱրմենիա» համազգային համագործակցային հարթակում որպես «Արվեստ եւ մշակույթ» բաժնի խորհրդատու։

-Ինչու՞ որոշեցիք մասնակցել ավագանու ընտրություններին։  

- Երեւանի հոգսերը միշտ էլ հուզել են ինձ։ Այդ պատճառով հասարակական գործունեության ընթացքում դրանք մշտապես իմ ուշադրության կենտրոնում են եղել։ Իսկ երբ առիթ է եղել քննարկելու առաջացած խնդիրները եւ լուծումներ առաջադրելու, լինի' դա  «Հանրային խորհրդում» , թե' հասարակական նախաձեռնություններում, փորձել եմ կարեցածիս չափ մասնակցորեն ակտիվ եւ օգտակար լինել։ Այժմ, երբ հրավեր եղավ «Հաղթանակ» կուսակցությունից, որոշեցի  միանալ թիմին եւ միասնական ուժերով գործել։ Կարծում եմ, որ մեր սիրելի քաղաքին օգտակար լինելու լավագույն հնարավորություններից է։

-Ինչու՞ հենց Վիկտոր Մնացականյանի հետ։ 

-Վիկտոր Մնացականյանի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ, երբ նա նախաձեռնում էր «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանը ։ Այս ընթացքում հասցրել եմ ճանաչել նրան որպես ո'չ միայն  քաղաքի առջեւ ծառացած խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկող, Երեւանը սիրող եւ սրտացավ  մարդ , այլ նաե'ւ մշակութային կյանքի զարգացմամբ  մտահոգ, քաղաքի մշակութային ուրույն դիմագծի պահպանումն ու դրա զարգացմանը նպաստ բերելու կարեւորությունը գիտակցող անձնավորություն։ Շատ կարեւորում եմ նաեւ նրա ընտրած կարգախոսը` «Մարդամոտ քաղաք» - ը, այսինքն մարդու համար հարմարավետ քաղաքը։ Չէ՞ որ վերջիվերջո մի օր պիտի մենք անդրադառնանք այն հարցին, թե ինչպիսի՞ն պիտի լինի մայրաքաղաքի համապարփակ զարգացման պլանը, ո՞ւմ շահերին պիտի ծառայի այն` քաղաքացո՞ւ, թե՞ ֆինանսական շրջանակների, ինչպիսի՞ն պիտի լինի բնակիչների մասնակցայնությունը եւ այլն։ Կարծում եմ, որ այն ուղին եւ լուծումները, որոնք ընտրել է Վիկտորն իր թիմով, հոգեհարազատ են յուրաքանչյուրիս։ Հետեւաբար այդպիսի որակներ եւ ձգտումներ ունեցող անձնավորության հետ հնարավոր կլինի իսկապես  եղած ներուժը միասնականորեն գործադրել ի շահ մեր սիրելի Երեւանի։

-Քաղաքացիներն ինչո՞ւ պետք է ընտրեն Լալա Մնեյանին։ 

-Նրանք, ովքեր տեղյակ են, միշտ էլ բարձր են գնահատել իմ գործունեությունը։ Նրանք, ովքեր տեղյակ չեն, շատ լավ առիթ է ծանոթանալու եւ գնահատելու։ Կարծում եմ, որ այն քաղաքացիները, որոնց համար կարեւոր է, որ Երեւանը պահպանի իր լավագույն քաղաքային ավանդույթները, զարգացնի նորերը` մեր մշակութային հենքի վրա ժամանակակից լուծումներ առաջադրելով, չկորցնի իր ուրույն դիմագիծը եւ զարգանա որպես հայկական քաղաքամայր, որտեղ իրենց լավ կզգան քաղաքի բնակիչներն ու հյուրերը, որտեղ անկախ թաղամասից իրենց մշակութային ժամանցն ու հանգիստը հեշտությամբ կկարողանան կազմակերպել երեւանցի ընտանիքները եւ որտեղ քաղաքացիներն իրենց մասնակցությունը կունենան քաղաքային կյանքի կազմակերպման եւ հարցերի լուծման գործին, կընտրեն Լալա Մնեյանին։

- Խնդրում եմ առանձնացնել 3 հիմնախնդիր, որոնք ձեր հաղթելուց հետո կլուծվեն։

-Քանի որ ես թիմում մշակութային հարցերով եմ պատասխանատու, ապա կանդրադառնամ այդ ուղղությամբ հիմնախնդիրներին` ներկայացնելով դրանք ընդհանրական գծերով։ Ավելի մանրամասն այն կլինի առանձին ծրագրով։
Այսպիսով Երեւանի մշակութային զարգացման քաղաքականության մեջ կարեւորում ենք հետեւյալ 3 բաղադրիչները`
1. Քաղաքի մշակութային դիմագծի պահպանում,  զարգացում հայկական ճարտարապետական ավանդույթների եւ ժամանակակից ուրբանիստական լուծումների համադրումով։
2. Մշակութային կյանքում հայկական ազգային տարրերի չափաբաժնի ավելացում. օրինակ`ազգային ժողովրդական տոների կազմակերպում, հայկական արվեստի, արհեստների եւ մշակութային այլ ուղղությունների ճանաչողությանը նպաստող տարատեսակ միջոցառումների կազմակերպում, քաղաքային կյանքում գրադարանների, թանգարանների եւ մշակութային այլ օջախների գործունեության  մասնակցայնության ակտիվացում եւ այլն։
3.Ազգային մշակութային ճանաչողությանը նպաստող կրթական ծրագրերի իրականացում  քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթամշակութային օջախներում. օրինակ`ուսուցում, ցուցահանդեսներ, մրցույթներ, փառատոններ, թատերախաղեր,ինչպես նաեւ մասնագիտական խորհրդատվության կազմակերպում  այլ կենտրոնների, կրթական հաստատությունների համար, դրանց ներգրավում նախագծերին։ «Մշակութային բակեր եւ  ակումբներ» մոդելի ներդրում Երեւանի համայքներում, որոնք հնարավորություն կտան մշակութային գործունեություն ապահովել երեխաների, տարեցների, տնային տնտեսուհիների եւ գործազուրկների համար, ակտիվացնելով կյանքը համայնքներում։ Վերոհիշյալի իրականացումը մենք պատկերացնում ենք ժամանակակից կյանքին համապատասխանեցնելու, ստեղծագործական եւ նորովի լուծումների ճանապարհով։
 
-Ինչպե՞ս եք գնահատում ձեր հաղթելու շանսերը։ 

-Կարծում եմ, որ այն ամենն, ինչ առաջարկում է մեր թիմը, եթե իրականանա, ապա դա կլինի երեւանցու հաղթանակը, իսկ հակառակը` երեւանցու պարտությունը։

-Ո՞ւմ եք համարում ձեզ հիմնական մրցակից և ինչո՞ւ։

-Եկե'ք ձեւափոխենք այս հարցը եւ նայենք  այլ դիրքից։  Մենք դիտում ենք այս ընտրությունները ոչ թե մրցակցության, այլ համագործակցության առիթ։  Ընտրության մասնակցող բոլոր ուժերի  գլխավոր խնդիրը պիտի լինի ծառայել ի շահ մայրաքաղաք Երեւանի։ Եթե մենք բոլորս շեշտադրումը դնենք ոչ թե մրցակցության,  այլ համագործակցության վրա, կունենանք որակապես այլ արդյունք։ Կընտրվեն այն ուժերը, որոնք փոխլրացնող են։ Արդյունքում յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերը բերելով առավել արդյունավետ կդարձնի ավագանու եւ հետեւաբար նաեւ քաղաքապետարանի աշխատանքը։ Նման մոտեցումը կնպաստի նաեւ  դրական աշխատանքային միջավայրի ձեւավորմանը, ինչն այսօր առավել քան անհրաժեշտ է մեր երկրին։

Կարեն Քերիմյան