Ինչի շուրջ համաձայնության չեն գալիս Փաշինյանն ու թուրքական իշխանությունները. թուրքացած Հայաստա՞ն, թե՞ թուրքական միջանցք
Թուրքիան եւ Ադրբեջանը, չբավարարվելով Արցախը հայաթափելով եւ գրավելով, շարունակում են բացահայտ սպառնալ, որ պատերազմով կգրավեն Սյունիքը՝ թուրքական միջանցքով միավորելով Թուրքիան եւ Ադրբեջանը: Փաշինյանի իշխանությունը, որ բոլոր հարցերում ընդառաջել է Ադրբեջանին ու Թուրքիային, վախից կուչ եկած լռում է՝ չարձագանքելով միջանցք բացելու սպառնալիքներին: Փաշինյանը, որ մինչեւ Արցախի վերջնական հայաթափումը հայտարարում էր, որ ոչ մի միջանցք էլ չի լինելու, որ դա իր իշխանության համար կարմիր գիծ է, հասկանում է, որ իրեն այլեւս լուրջ չեն վերաբերվում, իր ասածը որեւէ արժեք չունի: Ավելին` հակադարձելու դեպքում կարող է վատացնել հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների հետ, վախենում է, որ եթե մի թարս բան ասի, թուրքերը կարող են ընդհանրապես չխոսել իր իշխանության հետ, իր բոլոր նվաստացումներն ու ստորացումները գնան, ջուրն ընկնեն: Որքան էլ որ Փաշինյանը ենթարկվում է Բաքվից ու Անկարայից իջեցվող հրահանգներին, մի հարցում նա դեռ դիմադրում է թուրքերին․ փորձում է նրանց համոզել, որ ընդունեն իր առաջարկած տարբերակը, որ այն փոխշահավետ է եւ կարող է բավարարել թե՛ Հայաստանին` փրկելով իր դեմքը եւ իշխանությունը, թե՛ համընկնել թուրքական շահի հետ:
Փաշինյանն առաջարկում է, որ թուրքական միջանցքի փոխարեն ամբողջ Հայաստանը վերածվի թուրքական տարածքի, որով Թուրքիան եւ Ադրբեջանը կմիանան իրար: Փաշինյանն առաջարկում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոտնձգություն չկատարեն 29,8 հազար քառակուսի կիլոմետրից մնացած տարածքի նկատմամբ, դրա փոխարեն ինքը կապահովի, որ Հայաստանը վերածվի թուրքական ազդեցության տարածքի: Փաշինյանն ասում է՝ թողեք, Հայաստանը ֆորմալ առումով պահի իր ներկայիս սահմանները, բայց դրա փոխարեն Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են մեկի փոխարեն մի քանի ճանապարհ կառուցել Հայաստանի վրայով, կարող են այլ ենթակառուցվածքներ ստեղծել: Փաշինյանը պատրաստ է 150 հազար դոլար ներդրման դիմաց Հայաստանի քաղաքացիություն տալ թուրքերին ու ադրբեջանցիներին, որ նրանք մի քանի միլիարդ դոլար ներդնելով ոչ միայն գնեն Հայաստանի տնտեսությունը, այլեւ քանակական մեծամասնություն ստանան Հայաստանում, առաջարկում է Հայաստանը կլանելու էվոլյուցիոն պլան, բայց թուրքերը մերժում են:
Փաշինյանն ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին առաջարկում է դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գործարքի երաշխավորը: Ասում է` ես կվերացնեմ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանի թրքացմանը: Ամենամեծ խոչընդոտը Ռուսաստանի ազդեցությունն է. եւ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ վարում է բացահայտ հակառուսական քաղաքականություն՝ խոստանալով, որ ի վերջո Հայաստանից դուրս կբերի ռուսական բանակը, Հայաստանն արդեն փաստացի դադարել է ՀԱՊԿ անդամ լինելուց: Դրա շարունակությունը լինելու է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելը եւ Ռուսաստանից մեկուսանալը: Խանգարում է հայ ժողովրդի պատմական հիշողությունը՝ կապված թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության եւ հայրենազրկման հետ, ինքը կջնջի պատմական հիշողությունը, ամբողջ մեղքը կբարդի ռուսների վրա, կգրի նոր պատմություն, որ այդ ամենի մեղավորը ռուսներն ու բոլշեւիկներն էին, թուրքերը կներկայացվեն հայ ժողովրդի բարեկամ եւ պաշտպան:
Փաշինյանին չեն հետաքրքրում Սյունիքի ճակատագիրը, Հայաստանի ապագան, նա ուղղակի մտավախություն ունի, որ նոր պատերազմը եւ միջանցքի տրամադրումը կարող են կարմիր գիծ լինել իր իշխանության համար: Փաշինյանը վախենում է, որ միջանցք բացելուց հետո ինքն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չի լինելու, որեւէ մեկը շահագրգռված չի լինելու իր իշխանությունը, իր անվտանգությունն ապահովելու հարցում, եւ իրեն հանձնելու են ամբոխի դատին՝ որպես կրքերը բավարարելու եւ հանդարտեցնելու միջոց:
Թվում է` Փաշինյանի առաջարկը բավարար գրավիչ պետք է լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, եւ ամբողջ Հայաստանի թուրքացումը նրանք պետք է գերադասեն թուրքական միջանցքից: Ինչո՞ւ են այդ դեպքում նրանք մերժում Փաշինյանին եւ պահանջում, որ նա միջանցք տա, սպառնում, որ դա կանեն պատերազմի միջոցով: Թուրքերն ուզում են հենց այսօր ստանալ այն, ինչ անհրաժեշտ եւ հնարավոր են համարում: Նրանք իրատեսական են համարում հենց այս պահին միջանցք բացելը, քանի որ Հայաստանի թույլ եւ անպաշտպան լինելը նման հնարավորություն տալիս է: Ռուսաստանը, որն այնքան թույլ է, որ հազիվ է դիմադրում Ուկրաինայի հարձակումներին, չի միջամտի, ինչն ակնհայտորեն ցույց տվեցին Արցախում ծավալված իրադարձությունները: Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա սահմանների վերաձեւում, բայց դա ասում է՝ կանխարգելելու միջանցքի բացումը, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի դեպքում հազիվ թե ներքաշվի Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ: Թուրքիան գիտի, որ ուկրաինական պատերազմը չի կարող հավերժ ձգվել, եւ ստեղծված հնարավորությունից պետք է օգտվել առավելագույնս: Ինչ վերաբերում է Հայաստանն ամբողջապես կլանելուն, Թուրքիան ընդհանրապես դեմ չէ դրան, բայց միջանցք բացելու դեպքում դա ավելի հեշտ կլինի իրագործել:
Միջանցք բացելուց հետո Հայաստանը կթեւակոխի պերմանենտ ներքաղաքական անկայունության փուլ: Բացի այդ, Հայաստանի մնացած տարածքն այլեւս հետաքրքիր չի լինի ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին ու ինքնըստինքյան կմնա Թուրքիայի տնօրինման տակ` ոնց ուզեն, այնպես էլ կօգտագործեն: Որքան էլ Փաշինյանը փորձի համոզել թուրքերին, որ Հայաստանի թուրքացման իր պլանը թուրքերի համար ավելի գայթակղիչ է ու շահավետ, նրանք շարունակելու են պնդել իրենց տարբերակի իրագործման վրա, պնդելու են միջանցքի բացման վրա: Միջանցքի հարցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտեցումների տարբերությունն այն է, որ ռուսները կուզեին, որ այն լիներ իրենց հսկողության տակ, իսկ Արեւմուտքը դեմ է այն ռուսների հսկողությանը հանձնելուն, եւ նրան միանգամայն կբավարարի, որ միջանցքն ունենա բացառապես թուրքական վերահսկողություն:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ