Նիկոլի ակնկալիքը․․․

Նիկոլի ակնկալիքը․․․

Աշխարհաքաղաքական թատերաբեմում բոլոր երկրներն ունեն իրենց շահերը։ Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Չինաստան․․․ Կարևոր չէ՝ երկիրը մեծ է , թե փոքր, ինքը իր ազգային շահը պիտի ունենա, հասկանա, թե ինքը ինչ է ուզում։ Ում էլ հարցնես, թե Թուրքիան, Ռուսաստանը, Արևմուտքը ի՞նչ շահ ունեն Հայաստանից, առանց վարանելու կասի։ Եթե ինչ որ շահ, ինչ որ ակնկալիք ունեն Հայաստանից, դա չի նշանակում, որ  Հայաստանը  պետք է անկամ պառկի ու  ասի՝ ով ինչ ուզում է՝ եկեք վերցրեք։ (Հայաստանը) նկատի ունեմ իշխանությանը,  հիմա այդ վիճակում է՝ փորձում է բավարարել  բոլորի շահերը։ Բայց փոխարենը ոչ մեկից ակնկալիք չունի։ Ասում է՝ ինչ ուզում եք ինձ հետ արեք, մենակ մեր իշխանությունը ձեռքիցս մի առեք։ Ոչ պետական այս մոտեցումն էլ հիմք է հանդիսացել, որ ինչքան մեղու կա «վրա են տվել» Հայաստանի ծաղկուն ու շատ փոքրիկ ծառին ու քամում են ոչ միայն ծաղիկը, այլ ծառն էլ հետը։

Դուրս են հանում այն, ինչ պետք է իրենց։ Էլ ծաղիկ չեն թողել, որ պտուղ տա։ Հայաստանը ոչ մի ակնկալիք չունի՝ քամեք ինձ, տարեք ձեր երկրի համար մեղր սարքեք, կանչեք նաև կեղևս ու արմատս կրծողներին։ 

Նենսի Փելոսը ինչքան էլ հարյուր «թակարդ կտրած» դիվանագետ լինի, միևնույն է կին է և իր հուզական դրսևորումները ինչ որ ձևով դրսևորվում են։ Շատ բաներ կարող եմ նշել, բայց հարցի հետ կապված՝  նրա մի արտահայտությունն եմ մեջբերելու, որը շատ բան է նշանակում․ 
«Այստեղ ենք` հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից»։

Սա ի՞նչ է նշանակում։ Հայաստանը դեռ պիտի հասկանա, թե  թե ինքը ինչ է ուզում Վաշինգտոնից։ Համառոտ՝ Փելոսն ասում է՝ ի՞նչ ես ուզում դու մեզնից։ Իշխանության արձագանքը նման է կոմիկական այս նախադասությանը՝ որ իմանամ ինչ եմ ուզում ձեզանից՝ կասեմ, բա որ չգիտեմ՝ ի՞նչ ասեմ։  Նույնիսկ ԱՄՆ-ն չի պատկերացնում, թե Հայաստանն իրենից ինչ ականկալիք ունի։ Նենսին գիտի, թե ԱՄՆ-ն ինչ է ուզում Հայաստանից, բայց չգիտի՝ Հայաստանն ինչ է ուզում։ Նա Հայաստան ասելով Նիկոլ Փաշինյանին նկատի չի ունենում, այլ պետությանը։  

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանության ակնկալիքը միայն աթոռը պահելն է՝ իմ աթոռն ու ես։ Աթոռը պահելու ֆոնին, իշխանությունը  համախոհ է բոլոր կողմերի հետ։ Բայց նման իրավիճակում կմնա միայն ինքն ու աթոռը, Հայաստանից բան չի մնա։ Նա նույնիսկ աթոռը դնելու տեղ չի ունենա։