Ինչի կարող է վերածվել մերձավորարեւելյան ներկա ճգնաժամը

Ինչի կարող է վերածվել մերձավորարեւելյան ներկա ճգնաժամը

PressTV-ն հաղորդում է, որ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե մերձավորարեւելյան կոնֆլիկտից Միացյալ Նահանգները չափազանց կտուժի, իսկ Իսրայելի՝ Գազայի սեկտորում սկսած պատերազմը վերջ չի ունենա։ Ամերիկացի փորձագետ Պոլ Կրեյգ Ռոբերտսի համար հետաքրքրական է, թե ինչու է իրանցի նախարարի թիրախը դարձել Միացյալ Նահանգները եւ ոչ թե Իսրայելը։ Նա փորձում է վերծանել ԻԻՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքն ու նշում է, որ, ամենայն հավանականությամբ, իրանցի նախարարը նկատի է ունեցել Սիրիայի եւ Իրաքի ամերիկյան բազաները։

Փորձագետի համար մի շարք հարցեր կան, որոնք դեռ մնում են օդից կախված։ Նրան, օրինակ, անհասկանալի է, որ եթե ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակման հետեւում Իրանն է ու «Հեզբոլլահը», ապա ինչո՞ւ ՀԱՄԱՍ-ին չեն տրամադրվել հակաօդային պաշտպանության միջոցներ, որպեսզի կարողանային կանխել այն, ինչը գիտեին բոլորը՝ Գազայի սեկտորի օդային ռմբահարումները։ Կամ՝ ինչո՞ւ Ռուսաստանը, որ Սիրիային տրամադրել է Ս-300 համակարգեր, թույլ չի տվել, որ Սիրիան այն օգտագործի իսրայելական կամ ամերիկյան ինքնաթիռների դեմ, որոնք ռմբահարել են իր տարածքը։

Փորձագետը նշում է, որ իրականում մերձավորարեւելյան ներկա ճգնաժամի հետեւում հենց Իսրայելն է կանգնած եւ ԱՄՆ գործող վարչակազմի, այսպես ասած, «նեոկոնսերվատիվների թեւը»։ Իսրայելի նպատակը, ընդ որում, ոչ միայն Պաղեստինն է, այլեւ Մեծ Իսրայել կառուցելը, որը տարածվելու է Նեղոսից մինչեւ Եփրատ։ Նպատակն Իրանին եւ Սիրիային հակամարտության մեջ ներքաշելն է, որպեսզի ամերիկյան «նեոկոնսերվատիվների թեւը» կարողանա վերստին պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում՝ ընդդեմ «Հեզբոլլահի», որն առանց Իրանի եւ Սիրիայի զենքի ու փողերի չի կարողանա կանխել Հարավային Լիբանանի բռնակցումն Իսրայելին։

Հասկանո՞ւմ է արդյոք դա Բայդենը։ Դժվար թե։ Ամենայն հավանականությամբ, ամերիկյան գործող կառավարությունում եղած «նեոկոնսերվատիվներն» ասել են նրան, որ թատերաբեմին ամերիկյան ուժեղ ռազմական ներկայությունը թույլ չի տա, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ «Շատ ամերիկացիներ կարծում են, թե նախագահն ամեն բան գիտի եւ ամեն բան վերահսկում է, սակայն իրականում նախագահը գիտի այն, ինչ նրան ասում են իր պաշտոնյաները, իսկ «նեոկոնսերվատիվներն» իրենց սեփական օրակարգն ունեն»,- գրում է ամերիկացի փորձագետը։ Այն, որ նպատակը հակամարտության ընդլայնումն է, հաստատվում է նրանով, որ Միացյալ Նահանգներն այդ շրջանում ահռելի քանակությամբ զենք, զորք եւ ավիացիա են կուտակում։ Այդ խտությունը, ավելացնելով նաեւ ֆրանսիական եւ գերմանական զորքերին, ակներեւ է դարձնում, որ խնդիրն ամենեւին էլ ՀԱՄԱՍ-ը չէ։ Պաշտոնապես, իհարկե, ասվում է, որ նպատակն Իսրայելն Իրանից եւ «Հեզբոլլահից» պաշտպանելն է։

Վերլուծելով մի շարք հանգամանքներ՝ ամերիկացի փորձագետը նշում է, որ ներկայում կարծես թե ե՛ւ Բայդենը, ե՛ւ Պուտինը հասկացել են, որ կանգնած են երրորդ աշխարհամարտի շեմին, եւ Պուտինն իր հերթին է փորձում զսպել մահմեդականներին, Բայդենն էլ իր հերթին՝ Նեթանյահուին։ Սակայն կկարողանա՞ն արդյոք նրանք դա անել մինչեւ վերջ եւ կանխել երրորդ աշխարհամարտը, դժվար է ասել, հատկապես երբ մշտապես կա վտանգ, որ հնարավոր է ինչ-ինչ դավադրություններ լինեն, եւ, օրինակ, «կեղծ հարձակում» բեմականացվի «Հեզբոլլահի» անվան շահարկմամբ՝ իրավիճակն ավելի թեժացնելու համար։