Ժողովուրդը պարբերաբար խաբվել է, այդ պատճառով էլ զգուշավորություն է դրսևորում

Ժողովուրդը պարբերաբար խաբվել է, այդ պատճառով էլ զգուշավորություն է դրսևորում

«Հրապարակի» զրուցակիցը «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանն է:

- Տիկին Դիլբարյան, ե՞րբ է տեղի ունենալու «Միասին» շարժման հաջորդ հանրահավաքը: Ի դեպ` Վարդան Ղուկասյանը` Դոգը այսօր ԱՄՆ-ից Հայաստան հանրահավաք էր կազմակերպել, սակայն քիչ մարդ էր արձագանքել:

- Անկեղծ ասած առաջիկայում հանրահավաք չենք ծրագրել: Հայտարարություններ ենք պատրաստել` Սամվել Վարդանյանի հետ կապված, եթե ինչ-որ բան է հարկավոր, կարող ենք նախաձեռնել, բայց քաղաքական հանրահավաքի ծրագիր դեռևս չունենք: Առհասարակ լավ է, որ Դոգի հանրահավաքը բազմամարդ չէր:

- Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ փողոցային պայքարի դուրս չեն գալիս: Անձե՞րն են պատճառը, թե՞ մարդիկ առհասարակ պայքարի դուրս գալ չեն ուզում:

- Չեմ կարծում, թե մարդիկ առհասարակ պայքարի չեն ցանկանում դուրս գալ, հակառակը` իշխանության վարկանիշի նվազումը, հիասթափության ահագնացումը այլ բանի մասին է խոսում: Մեր ժողովուրդը պարբերաբար խաբվել է, այդ պատճառով էլ զգուշավորություն է դրսևորում: Իշխանությունները պարբերաբար կեղծ օրակարգեր են ձևավորում, խոսում են պատերազմի մասին և այլն: Գալու է այն ժամանակը, երբ հանրահավաքը շատ մեծ ու հստակ առանցք է ունենալու և իսկապես համախմբելու է տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք պատրաստ են փողոց դուրս գալու և ցույց տալու, որ իշխանություններն ու նրանց ծրագրերը լեգիտիմ չեն: Բացի այդ, ահաբեկման բոլոր գործողությունները, որոնց պարբերաբար դիմում է իշխանությունը, ցույց է տալիս, որ մարդիկ իսկապես ցանկանում են պայքարի դուրս գալ, պարզապես փորձում են վախեցնել, շեղել:

- Ե՞րբ է գալու պայքարի փուլը` ինչպես Դուք եք նշում: Ինչի՞ն է սպասում հասարակությունը:

- Ես ժամկետներ չեմ ցանկանա նշել, բայց կարծում եմ` շուտով: Գործողություններ են տեղի ունենում այժմ: Ռուսաստանն արդեն իսկ Արցախից իր զորքերը սկսել է դուրս բերել: Այս տրամաբանության մեջ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նույնպես պետք է չեղյալ համարվի, որովհետև դրանից մեզ մնալու է միայն վերջին կետը` Սյունիքի հարցը: Մենք ինքներս պետք է փորձենք դուրս գալ այստեղից: Պետք է վերջնականապես կողմնորոշվել: