Մուրադովը զինվորական է և նման բան առանց ՌԴ ղեկավարության չէր կարող ասել

Մուրադովը զինվորական է և նման բան առանց ՌԴ ղեկավարության չէր կարող ասել

Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի կես րոպեանոց սենսացիոն հարցազրույցի հիմնական մեխը՝ գերիների վերադարձ չէր նախատեսվում, և ՀՀ իշխանությունները մոլորության մեջ են գցում սեփական բնակչությանը։

Ինչո՞ւ հանկարծ նման բան ասաց։ Քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է․«Հանկարծ չասաց, հարցը տվեցին, պատասխանեց այնպես, ինչպես պետք է պատասխաներ, որովհետև եթե ՌԴ զինվորական ղեկավարությունից ունենար ներքին կարգադրություն` ՀՀ իշխանությունների հասցեին նման արտահայտություն չանելու, ապա չէր անի»։

Քաղաքագետը այս համատեքստում նաև նկատում է՝ չմոռանանք, որ Մուրադովը զինվորական է։ «Իսկ զինվորականները մինչև հրահանգ չեն ստանում, նման քննադատական և մերկացնող հայտարարություններ չեն անում։ Ուրեմն՝ եղել է դրա անմիջականորեն առնվազն՝ չարգելքը, իսկ զինվորականի դեպքում՝ թույլտվությունը` ասելու»։

«Իսկ ասվել է մեկ նպատակով՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում Ռուսաստանի համար ցանկալի թեկնածու, եւ որ այն բոլոր հեռարձակումները, որոնցում կարմիր թելով անցնում էր, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ լավ ու բարի մթնոլորտում նստեց, խոսեց, միանգամից չեղյալ հայտարարվեց»։

Իսկ դա նշանակո՞ւմ է, որ Պուտինն ասում է, որ գերիներին «քեզ չեմ հանձնի», այլ հաջորդ իշխանությանը։ Արմեն Բադալյանը չի կարող ասել։ Խնդիրը հիմա՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի հետ չունի նորմալ հարաբերություններ։