Չենք դիմանալու Թուրքիային

Չենք դիմանալու Թուրքիային

Ադրբեջանը եւ Թուրքիան չորս ամսվա մեջ չորրորդ համատեղ զորավարժությունն են անցկացնում արցախյան պատերազմից` իրենց հաղթանակից հետո: Իսկ մենք 1994-ին արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակից ու զինադադարից հետո կա՛մ դափնիների վրա էինք նիրհում, կա՛մ մեզանից վանում էինք այդ հաղթանակը: Երբեք չմտածեցինք այն պահելու, պահպանելու մասին եւ կորցրինք: Ադրբեջանը հետեւողական է իր հաղթանակը պահպանելու եւ այն երբեք չկորցնելու նպատակի մեջ:

Մենք ապացուցեցինք, որ արժանի չենք մեր հաղթանակին: Ադրբեջանն ապացուցում է, որ արժանի է իր հաղթանակին: Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը, սա է մեր եւ նրանց պատերազմի տարբերությունը, մեր եւ նրանց հաղթանակի տարբերությունը: Մեր հաղթանակը պարտություն դարձավ, նրանց պարտությունը` հաղթանակ:  

Թուրք քաղաքացին նշում է, որ Էրդողանի վարած քաղաքականության հետ համաձայն չէ, ոչ էլ նրա համակիրն է, բայց համամիտ է մի հարցում, որ օգնեց Ալիեւին՝ հայերի դեմ պատերազմում հաղթել եւ իրենց եղբայրներին վերադարձնել Ղարաբաղը: Լրագրողի հարցին նույն համերաշխությամբ էին պատասխանում բոլոր թուրքերը: Թուրքիայում տարբեր կարծիքներ կարող են ունենալ, բայց մի կարծիքում համամիտ են եւ միասնական` հաղթել հայերին:

Եթե վաղը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ գրավի Սյունիքը, նույն ոգեւորությամբ թուրքերը ողջունելու են իրենց երկրի գործուն մասնակցությունը պատերազմում` արդարացնելով, որ իրենց սրբազան հողերն են ազատագրել: Երեւանը գրավելու դեպքում էլ են իրենց զորակցությունը հայտնելու, անկախ հանգամանքից` Ադրբեջանը մենա՞կ է հարձակվել, թե՞ Թուրքիայի հետ: Անգամ ամենաանկայուն թուրքը Հայաստանով Ադրբեջանին` իրենց մուսուլման եղբայրներին միանալու հարցում կայուն է: 

Թուրք եւ ադրբեջանցի զինվորականների ձեռքին Թուրքիայի եւ Ադրբեջանի քարտեզն է՝ Սյունիքով միացած: Այդ քարտեզում Սյունիքը նրանց տարածքն է: Նրանց միացյալ զորավարժություններում այդ քարտեզն ուղենիշ է: Լուռ ենք մենք, լուռ է աշխարհը: Արցախյան պատերազմից հետո Բաքվում` հաղթական զորահանդեսի ժամանակ, Էրդողանն էյֆորիայի մեջ գոռում էր, որ Էնվեր փաշայի հոգին փառավորվում է` երկնքից նայելով այս տեսարանին: Էնվերը Հայող ցեղասպանությունն իրականացնողներից էր: Էրդողանը չի թաքցնում, որ ցեղասպանության շարունակողն է: Լուռ մնացինք մենք, լուռ մնաց աշխարհը: 

Իսկ մենք ասում ենք, որ պետք է վերանայենք Թուրքիայի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը, որ Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու հնարավորություն է ստեղծվել, որ թուրքը թշնամի չէ, եւ կարելի է բարեկամություն անել: Արդյո՞ք ողջամիտ է այսպիսի Թուրքիային եւ Ադրբեջանին ընդառաջ գնալը` բացելով սահմանները, ենթադրել, թե դրանից օգտվելու են մեր հասարակությունը եւ տնտեսությունը, որ լավ ենք ապրելու: 

Չենք դիմանալու Թուրքիային` բացելով սահմանը: Չենք դիմանալու մեր այս հոգեվիճակով, տնտեսությամբ ու անվտանգությամբ, երբ շփոթում ենք սկիզբն ու վերջը, խառնում մեր լավն ու վատը, չենք տարբերում թշնամուն բարեկամից: Թուրքը նպատակ ունի, ծրագիր եւ գիտի ուր է գնում: Իսկ մենք ո՛չ նպատակ ունենք, ո՛չ ծրագիր, ո՛չ էլ գիտենք, թե ուր ենք գնում: Մենք ուզում ենք միայն լավ ապրել եւ այդ լավը սպասում ենք թուրքից: Անգամ Արցախը հանձնելու, ցեղասպանությունը մոռանալու եւ պահանջատիրությունից հրաժարվելու գնով Թուրքիան թույլ չի տա, որ լավ լինի: 

Հուսիկ Արա