Երկու անգամ ձախողվել են, հիմա երրորդ փորձն են անում

Երկու անգամ ձախողվել են, հիմա երրորդ փորձն են անում

Նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության խայտառակ տապալումից հետո Հանձնաժողովի թափուր պաշտոնները մինչ օրս մնում են չհամալրված: Խոսքը ԿԿՀ նախագահի եւ անդամի պաշտոնների մասին է: Հիշեցնենք, որ ՔՊ-ն մերժեց նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ Հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանին։ Թափուր պաշտոնները համալրելու համար ԱԺ Մրցութային խորհուրդը տարեսկզբից մի քանի անգամ թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարել՝ հունվար, փետրվար ամիսներին, սակայն կան տեղեկություններ, որ առաջին անգամ առաջադրված թեկնածուները չեն համապատասխանել պաշտոնի համար պահանջվող չափորոշիչներին, թեեւ չի բացառվում, որ նրանցից որեւէ մեկի առաջադրումը «ճշտված» չի եղել իշխող թիմի հետ` անակնկալ առաջադրումներ են եղել, ուստի փորփրել եւ հայտնաբերել են «անհամապատասխանություններ»։ Երկրորդ անգամ հայտարարված մրցույթին առաջադրումներ չեն եղել: Հիմա հերթը երրորդ փորձինն է, որի վերաբերյալ իշխանական թիմում խորհրդավոր լռություն են պահպանում՝ չգաղտնազերծելով թեկնածուներին:

Մրցույթը հայտարարվել է այս տարվա մարտի 19-ին, վերջնաժամկետը ապրիլի 8-ին էր։ Երեկ մենք փորձեցինք խորհրդարանից տեղեկանալ՝ ովքե՞ր են առաջադրվել սույն պաշտոնների համար, քանի թեկնածու է գրանցվել, սակայն ԱԺ-ից փոխանցեցին, որ Մրցութային խորհուրդը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ եւ կպատասխանի բոլոր հարցերին։ 

Կան տեղեկություններ, որ 2-3 թեկնածու է առաջադրվել: Արդյո՞ք այդ առաջադրումները համաձայնեցված են իշխանական թիմի հետ, թե՞ կրկին անակնկալ առաջադրումներ են, պարզ կդառնա առաջիկայում, երբ Մրցութային խորհուրդը հանդես գա պարզաբանմամբ, սակայն արդեն ուշագրավ է, որ 5 օր է առաջադրումների ժամկետն ավարտվել է, բայց խորհուրդը դեռ հանդես չի եկել հայտարարությամբ։ ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածուներին ընտրելու է Մրցութային խորհուրդը, որը կազմված է Վարչապետի աշխատակազմի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԲԴԽ, եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչներից: Այս խորհրդի անդամ է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ 

Կոռուպցիայի կանխարգելման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթն անցկացվում է 3 փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի: Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաեւ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած մասնակիցները ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը Մրցութային խորհուրդը ներկայացնում է ԱԺ նախագահին՝ ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: ԿԿՀ անդամներին ընտրում է խորհրդարանը: