Սա՞ է իրենց երազած «դեմոքրասին»

Սա՞ է իրենց երազած «դեմոքրասին»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը երեկ իր բնակարանի շքամուտքի դիմաց, առանձնակի դաժանությամբ ծեծի էր ենթարկվել: Անհայտ անձինք հարձակվել էին վերջինիս վրա, հարվածել գլխին, վնասվածքներ պատճառել, ինչի հետևանքով Ղազարյանը հայտնվել էր հիվանդանոցում: էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տեղի ունեցածը կապված է իր քաղաքական գործունեության, ընդդիմադիր հայացքների, հայտարարությունների հետ: Իշխանություններին սպասարկող ֆեյքերը երեկվանից ֆեյսբուքյան հարթակում հրճվում են կատարվածից: Ծաղրական ու գռեհիկ մեկնաբանություններ անում և այլն: Իսկ ի՞նչ է անում քաղհասարակությունը, ինչպես են արձագանքում իրավապաշտպաններն ու տարբեր ՀԿ-ներ, որոնք ժամանակին նման միջադեպերից հետո մեծ աղմուկ էին բարձրացնում եւ բազում հայտարարություններ տարածում: Ցավալի է, սակայն որևէ արձագանք չկա: Քաղհասարակությունը լռում է` իրավիճակ է փոխվել:

Ստացվում է, որ այդ մարդկանց նպատակը բացառապես նախկին իշխանություններին հեռացնելն էր, 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրենք հասել են իրենց բաղձալի երազանքին եւ այլեւս մարդու իրավունքները պաշտպանելու ցանկություն չունեն: Օրինակ, ամենաակտիվ իրավապաշտպաններից մեկը` Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեզանից առաջին անգամ է լսում, որ Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել: Տեղեկանալուց հետո նա ասաց. «Ցանկացած տեսակի բռնություն ինձ համար անընդունելի է և դատապարտելի, պարզապես շատ զբաղված եմ և անգամ չեմ հասցնում օրվա լրահոսին հետևել»:

Մենք ուսումնասիրեցինք մնացյալ ՀԿ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների էջերը, սակայն` քար լռություն. ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել, ոչինչ չեն գրել: Ստացվում է, որ այսօր Հայաստանում տեղի ունեցողը, այդ թվում` իր խոսքի, կարծիքի համար ծեծվող քաղաքական գործիչն ու մարդու իրավունքների այս մակարդակն էր իրենց երազած «դեմոքրասին»: