«Հրապարակ». Արա՛, Նիկո՛լ, սրբությունիցդ 150 կմ քառակուսի մտել են, ինչո՞ւ չխոսեցիր

«Հրապարակ». Արա՛, Նիկո՛լ, սրբությունիցդ 150 կմ քառակուսի մտել են, ինչո՞ւ չխոսեցիր

Շաբաթ օրը Մյունխենում կայացած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը, շատերի կարծիքով, խղճուկ էր։ Այդ քննարկման ժամանակ Ալիեւը Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներ տեղաց, որոնցից մի քանիսն անպատասխան մնացին, մի մասն էլ պատշաճ պատասխան չստացավ։ Կառավարության լրատվականն ու իշխանամերձ շրջանակները հիմնականում տարածում էին Փաշինյանի խոսքից այն հատվածները, երբ նա քննարկումը վարողի հարցերին էր պատասխանում՝ այդպես տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանն «առանց արտակարգ պատահարների, սովորական մի քննարկում է անցկացրել», մինչդեռ ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակներն ապշած են, թե ինչպես կարող էր Հայաստանի ղեկավարն անպատասխան թողնել նման մեղադրանքները՝ այն դեպքում, երբ Հայաստանն Ադրբեջանին կարող էր շատ ավելի լուրջ մեղադրանքներ հասցեագրել։      

Այդուհանդերձ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ Փաշինյանի խոսքում կայի՞ն հայանպաստ դրվագներ, հետաքրքիր մտքեր, որոնք կարող են Հայաստանի համար օգտակար լինել։ Շարմազանովն այդ քննարկումը համեմատեց ֆուտբոլի հետ, երբ Հայաստանը 10-1 հաշվով պարտվում է, իսկ մենք փորձում ենք ուրախանալ նրանով, որ մերոնք 1 հատ գոլ են խփել․

«Երբեք Հայաստանի իշխանությունն այդքան ողորմելի, այդքան խայտառակ, այդքան նվաստացված վիճակում չէր եղել, քան այդ մյունխենյան քննարկմանը։ Ես խստագույնս դատապարտել ու քննադատել եմ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ քննարկումը Մյունխենում՝ 2020 թվականին, բայց նա սրա համեմատ փառք էր։ Ալիեւն ալամ աշխարհի առջեւ ձեռ է առնում Փաշինյանին ու Հայաստանին։ Ալիեւն ասում է, որ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել, որ Փաշինյանը կապիտուլյանտ է, մի հատ էլ ասում է, որ հայ ժողովուրդն էլ է կապիտուլյանտ, որովհետեւ իրեն է ընտրել։ Սա մի հատ ծպտուն չի հանում, հասկանո՞ւմ եք։ Էդ կտրած անգլերենը, էդ խեղճացած իրավիճակը․․․ Ալիեւն ալամ աշխարհի մոտ Հայաստանին մեղադրում է օկուպանտ եւ ագրեսոր լինելու մեջ, խոսում է ՄԱԿ-ի 4 բանաձեւերի մասին, սա էնքան տգետ ու անգրագետ է, դավաճան է, անմեղսունակ է, չգիտեմ ինչ է, որ մի հատ չի ասում՝ այ ընկեր, ի՞նչ 4 բանաձեւ, էդ 4 բանաձեւերում Հայաստանի մասին որեւէ խոսք չկա, եւ չկա որեւէ միջազգային փաստաթուղթ, որտեղ Հայաստանը կհամարվի կոնֆլիկտի կողմ, ավելին՝ ՄԱԿ-ի 4 բանաձեւը բազմաթիվ անգամներ մերժել ու խախտել է Ադրբեջանը, իսկ ինքը դրա մասին չի խոսում։ Երրորդը՝ Իլհամ Ալիեւը կանգնում ա, հայ ժողովրդի իբր թե ներկայացուցիչն էնտեղ նստած, ինքն է որոշում, թե Արցախն ով պիտի ներկայացնի․ Ռուբեն Վարդանյանը պիտի գնա, ինքն էլ պիտի սրա կամ նրա հետ խոսի։ Արա՛, Նիկո՛լ, բա սաղ կյանքդ ասում էիր, որ Արցախի ժողովուրդը պիտի որոշի իր ճակատագիրը, նույնիսկ ասում էիր՝ ես իրավունք չունեմ Արցախի ժողովրդի անունից խոսելու, բա հիմա էդ իրավունքը տվել ես Ալիեւի՞ն։ Դժվա՞ր էր մի նախադասությամբ ասել՝ պարոն Ալիեւ, Դուք չեք որոշում, թե Արցախի պետնախարար ով պետք է լինի, Արցախի ժողովուրդն է որոշում իր իշխանություններին։ Հաջորդ ծիծաղելի դրվագն այն է, որ Ալիեւը մեզ մեղադրում էր, թե չգիտեմ քանի մզկիթ ենք ոչնչացրել, դուք դրա պատասխանը լսեցի՞ք (Փաշինյանն ի պատասխան ասում է, թե ԽՍՀՄ օրոք Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ՝ Կ․ Ս․), այսինքն՝ ինքը Ջուղայի խաչքարերի մասին չգիտե՞ր, Ադրբեջանում տասնյակ հազարավոր քրիստոնեական ու հայկական հուշարձանների մասին չգիտե՞ր, որ Դադիվանքը գոմ էին սարքել, դրա մասին չգիտե՞ր։ Կրկնում եմ՝ Հայաստանը երբեք այդքան խեղճ վիճակում չի եղել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը 0 բառ ասաց Հայաստանի օկուպացիայի մասին, ինքն էր, չէ՞, ասում՝ ինձ համար կարեւորը 29 հազար 800-ն է, դա կարմիր գիծ է, դա սրբություն է։ Բա, արա՛, սրբությանդ համար ինչո՞ւ չխոսեցիր, սրբությունիցդ 150 կմ քառակուսի մտել են, տարել են։ Ալիեւը մեզ է ագրեսոր համարում, ծպտուն չի հանում, որ ասի՝ ագրեսորը դու ես, այ, հենց այս պահին 150 կմ քառակուսի տարածքում ադրբեջանցիները մտել են Հայաստան։ Ու այսքանից հետո Դուք ինձ ասում եք՝ իսկ լավ բան չկա՞ր․․․, դա նույնն է, որ թիմը 10-1 պարտվի, ասենք՝ լավ բան ա եղել, գոլ ենք խփել։ Էդպես ո՞նց կլինի»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մեզ հետ զրույցում առանձնացրեց այդ քննարկման այն հատվածները, որոնք, իր դիտարկմամբ, ամենաառանցքայինն են․ «Հիմնական 3 կետ կա, որ Արցախը դուրս են հանում բանակցային գործընթացից, որովհետեւ Հայաստանն այլեւս Արցախի շահերից ելնելով չի բանակցում, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում բանակցել Արցախի ներկա ներկայացուցիչների հետ, հետեւաբար փակուղի է, ե՛ւ հայկական կողմը գիտի, որ փակուղի է, ե՛ւ ադրբեջանականը գիտի, եւ դա արվում է դիտավորությամբ, Արցախը բացարձակ պրոցեսից դուրս է ընկնում։ Երկրորդն Ալիեւի պահանջներն են՝ Լաչինի միջանցքի շուրջ, ինչն ինքը բարձրաձայնեց լրագրողների հետ զրույցում, որ այնտեղ պիտի անցակետ տեղադրվի, ու հավասար կարգավիճակ ունենան Լաչինի միջանցքն ու իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցքը»։ Որեւէ փաստաթղթի մեջ այդպիսի բան չկա, այսինքն՝ դա իրավական տեսանկյունից աբսուրդ է, բայց այդ պահանջն Ալիեւն առաջ է քաշում ու, չգիտես թե ինչու, առաջ է քաշում Նիկոլի առաջ՝ մարդու, ով հրաժարվել է առհասարակ Լաչինի միջանցքի շուրջ ու Արցախի շուրջ բանակցել, այսինքն՝ ի՞նչ իրավասություն ունի այլեւս Նիկոլն այդ թեմայի շուրջ Ալիեւի հետ զրուցելու»։