Չխայտառակվելու բանաձեւը

Չխայտառակվելու բանաձեւը

Լավ ղեկավարը ոչ թե բոլոր ոլորտներից գլուխ հանող էրուդիտն է, ոչ թե մի քանի լեզու իմացող պոլիգլոտն է, ոչ թե բոլոր գիտությունների դոկտոր-պրոֆեսորը, այլ էրուդիտներին, պոլիգլոտներին, պրոֆեսիոնալներին ու պրոֆեսորներին աշխատեցնելու ունակ ղեկավարը: Այն կազմակերպիչը, որը կարողանում է ե՛ւ համակարգերն աշխատեցնել, ե՛ւ մարդկանց:

Առնվազն մանկամտություն է կարծել, թե պետության ղեկին հայտնված մարդը գերմարդ պետք է լինի եւ գլուխ հանի բոլոր խնդիրներից ու կարողանա ճշգրիտ լուծումներ գտնել:

Ոչ, նա պետք է իմանա, թե ով որ աշխատանքը կարող է լավ անել, ինչպես կազմակերպել աշխատանքը, ում ինչ հանձնարարել, որ երկիրը շահի, խնդիրները լավագույնս լուծվեն, եւ իրեն ճիշտ խորհուրդներ տան, այլ ոչ թե, օգտվելով իր անգրագիտությունից ու անտեղյակությունից, ապակողմնորոշեն եւ սխալ ճանապարհով ուղղորդեն: Այնպես որ, բոլորովին հասկանալի չէ, թե ինչու են մարդիկ քննադատում Նիկոլ Փաշինյանին` վատ անգլերեն խոսելու համար:

Նա կարող էր անգլերեն բոլորովին չիմանալ: Ինչպես կարող էր պատմություն եւ աշխարհագրություն չիմանալ, բանակցային պրոցեսից գլուխ չհանել, դիվանագիտական հմտություններ չունենալ: Բայց պարտավոր էր իր կողքին ունենալ մարդիկ, որոնք հրաշալի անգլերեն են խոսում, բանակցային պրոցեսի բոլոր ծակուծուկերը գիտեն, դիվանագիտական գործի նրբություններին են տիրապետում, փակ աչքերով աշխարհագրություն ու պատմություն գիտեն:

Վերջապես` ճկուն են, խելացի, հայրենասեր, փորձառու եւ գիտեն Ալիեւին ինչպես հակադարձել, ինչ փաստարկներ օգտագործել: Եթե քեզ ոչ թե Աննա Վարդապետյանով, Նազելի Բաղդասարյանով ու Արայիկ Հարությունյանով շրջապատեիր, այլ ավելի գրագետ ու խելացի խորհրդատուներ գտնեիր, մյունխենյան խայտառակությունն էլ, հավանաբար, չէր լինի: