Որո՞նք են  «Այո»-ի ու «ոչ»-ի թույլ կողմերը 

Որո՞նք են  «Այո»-ի ու «ոչ»-ի թույլ կողմերը 

Ոչ «Այո»-ի, ոչ  «Ոչ»-ի պոտենցիալ քարոզիչները ֆորմալ հայտարարությւոններ չեն արել, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեին։ ՀՀԿ-ից էլ Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր այս մասին հարցին ի պատասխան՝ ասաց․ «Մենք դեռ քննարկում ենք մեր ռազմավարությունը այս հակասահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Չեմ բացառում կոնսուլտացիաներ նաև այլ քաղաքական ուժերի և միավորների հետ»։ Բայց այս հնարավոր միավորումների շուրջ էլ բազմաթիվ հարցականներ կան։

Մասնավորապես, կցանկանա՞ն, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հարող քաղաքական ուժերը  գլխավորել  «ոչ»-ի շտաբը, որովհետև ակնհայտ է, որ այդ դեպքում իրենք ուժեղացնելու են «այո»-ն։ Հարցն ուղղում ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին, ով ևս այդպես է կարծում։ «Այս իշխանությունը, որն իր բոլոր մարտավարությոնները ձևավորում է «սև» ու   «սպիտակի»-ի տիրույթում, ապա այս պարագայում, կարծում եմ, որ եթե «ոչ»-ի դոմինանտ ուժերից մեկը դառնում է Հանրապետականը, ապա դրանով իրենք հեշտացնում են իշխանության աշխատանքը, նրանց փաստարկները։ Եվ իշխանությունն էլ այդպես կներկայացնի խնդիրը։ Տեսաք, որ էս ամեն ինչը «վերջին բաստիոնի» դեմ պայքարն էր, և տեսնում եք, որ հենց հանրապետականներն են առաջին պլան դուրս եկել։ Եվ այդ՝ «Այո»-ի դեմ պայքարը հանուն «ոչ»-ի Հանրապետականներն են անում։ Բայց ես կարծում եմ՝ «ոչ»-ի ինչ ֆորմատ էլ ձևավորվի, միասնական ճակատ, թե՞ շտաբ, կարծում եմ՝ դոմինանտ ուժերը ձգտելու են առանձնապես մեծ հանրային ակտիվություն չդրսևորել։ Առաջին պլան, կարծում եմ, կարող են գալ այն ուժերը, որոնք անմիջականորեն չեն ասոցացվում  նախկին իշխանությունների հետ »։

Այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ մախաթը պարկի մեջ չեն թաքցնում, սա այն խնդիրը չէ, որ հնարավոր լինի թաքցնել։ Քաղտեխնոլոգն ի պատասխան՝ առարկում է՝ հասկանալի է, բայց մի բան է, որ այնտեղ լինեն որոշ դեմքեր, որոնք ասոցացվում են նախկինների հետ, այլ բան է, որ հանրապետականներն իրենք ամեն օր են հանդես գալիս ու գրգռում բոլոր նրանց, ովքեր ժամանակին մերժել են Սերժին»։

Ամփոփելով՝ Վիգեն Հակոբյանն ասում է, որ հանրային դաշտում քիչ երևալը կլինի «ոչ»-ի ճակատում նվազագույն վնասը։

Հիշեցնենք, որ այս հանրաքվեն արդեն իսկ մեկնաբանվում է որպես Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվե։ Իսկ հարցի նման մոտեցումը կառավարող ուժերի՞, թե ընդդիմադիրների օգտին կարող է դեր ունենալ։

Վիգեն Հակոբյանը չգիտի՝ ընդդիմությունն ինչ է հայտարարելու, բայց համարյա վստահ է, որ հենց իշխանությունը, հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարելու, որ «ժողովուրդ, սա վարչապետի համար վստահության քվե է լինելու։ Ինչո՞ւ, որովհետև իշխանության համար ամենամեծ պրոբլեմը լինելու են․ ա/ մասնակցության ապահովումն ու բ/ դրանից հետո ապահովել, որ մասնակցածներից էլ 650 հազար ձայն կողմ լինի»։

Մինչդեռ, ըստ քաղտեխոնոլոգի՝ Սահմանադրական դատարանի 7 հոգու խնդիրն այն խնդիրը չէ, որ հանրաքվեին գնալու ու քվեարկելու հարցում կարող է մարդկանց մոտիվացնել։ Եվ ակնհայտ է, որ միայն այս օրակարգով շատ մեծ ակտիվություն անհնար է սպասել «արդեն քնած վիճակում էյֆորիկ ընտրազանգվածից»։

Դրա համար էլ, ըստ Վիգեն Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ  «սևուսպիտակի»-ի տրամաբանության մեջ է ելույթները կառուցում ու հետագայում այս շեշտադրումներն ավելացնելու է։ «Բայց ոչ թե թիմի, այլ անձամբ՝ վարչապետի համար, որ, «ժողովուրդ, եկեք ինձ պադդերժկա արեք»-նկատեց Վիգեն Հակոբյանը։ 

Փաստաբան Արա Ղազարյանից փորձեցինք ստանալ մեկնաբանություն հարցի իրավական կողմի հետ կապած։ Մասնավորապես, հանրաքվեի դրվելիք հարցի ձևակերպման։ Վերջինս ասում  է, որ եթե  նախագիծն առաջադրելու կարգը խախտված է, այլևս այն քննարկելն անիմաստ է։ Եվ որ այն անօրինական է։ Իրավունքի մեջ, սա ըստ փաստաբանի, կոչվում է օրինականության սկզբունքի խախտում։