Երբ ուզեցել եք, ընդառաջել եմ, հիմա իմ խոսքից ուզում եք թռնեք

Երբ ուզեցել եք, ընդառաջել եմ, հիմա իմ խոսքից ուզում եք թռնեք

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ուրբաթ օրը կրքեր են շիկացել։ Գյուղապետի պաշտոնակատար, մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմ Գեւորգ Ավետիսյանը, ըստ տեղեկությունների, վերջին օրերին ամեն ինչ արել է, որ հաստատվի համայնքի երրորդ եռամսյակի բյուջեն, որը ներառում է կարիքավոր գյուղացիներին նաեւ տարատեսակ աջակցություն, մեկին՝ տանիքի փլուզման, մյուսին՝ սոցիալապես անապահով լինելու, երրորդին՝ այլ պատճառով, սակայն ավագանին մերժել է որոշումը՝ համարելով, որ նախընտրական շրջանում օգնությունը կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք։ Նիստին ներկա 7 ավագանուց չորսը դեմ է եղել ծրագրին։ Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է ազատվել «գլխացավանքից»։

Ուրբաթ երեկոյան ժողով է հրավիրել, որ քննարկի ավագանին լուծարելու հարցը՝ պատճառաբանելով, որ ավագանին չի թողնում աշխատել։ Տեղեկանալով համայնքապետի գաղտնի ժողովի մասին՝ ավագանու ներկայացուցիչները շտապել են համայնքապետարան, որպեսզի բացատրեն, որ իրենք ոչ թե դեմ են իրենց համագյուղացիներին աջակցելուն, այլ վստահ են, որ դա «ընտրակաշառքի» փաթեթավորում է ստանալու։ Կողմերի միջեւ սուր վիճաբանություն է ծագել, Գեւորգ Ավետիսյանն ապավինել է ոստիկանության օգնությանը եւ համագյուղացիների դեմ ոստիկաններ է բերել։ Համայնքապետի դեմ ըմբոստացող ավագանու անդամները, մեր տեղեկություններով, մարզից ռեյտինգայինով պատգամավորության թեկնածու առաջադրված Էմին Հովհաննիսյանի համախոհներն են։

Իսկ գյուղապետի արդեն նախկին տեղակալ Բագրատ Խաչատրյանին, որը նույնպես Հովհաննիսյանի աջակիցներից է, օրերս  ազատել են աշխատանքից։ 
Գեւորգ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ քրեական գործ չի հարուցվել․ «Լուրջ ընդհարում չի եղել, եղել է մի փոքր միջադեպ, ուղղակի ես դիմում եմ տվել, որ գան՝ դաստիարակչական աշխատանք անեն, կարգապահական տույժ լինի»։ Թե ինչու է ցանկացել «դաստիարակել» համայնքի ավագանու անդամներին,  պատասխանեց․ «Պարզապես իրենք, որ ավագանի են, իրավունք չունեն մարդկանց նման վերաբերմունք ցուցաբերելու, կռվի տոն տալու, բարձր տոնով խոսելու, նման պահվածքներ»։ Ճի՞շտ է, որ քողարկված ընտրակաշառք եք ցանկացել բաժանել։ Համայնքապետը պատասխանեց, որ խոսքը պլանային բյուջեի հաստատման մասին է եղել, խոստովանեց «բյուջետային փոփոխությունների» մասին եւս։

Արդյոք մարդկանց տրվելիք օգնությունը չէ՞ր ընկալվի որպես ընտրակաշառք։ «Չհասկացա, եթե գյուղում պրոբլեմ կա, մարդիկ ինչ-որ բանի կարիք ունեն, մի երեք հոգու պիտի լսեմ ու թողնե՞մ իմ գյուղի խնդիրները։ Եթե քո գյուղացին էսօր եկել ա, պրոբլեմ ունի, դու իրավունք ունե՞ս էդ ամեն ինչը չքննարկես ավագանու հետ։ Ինձ հետաքրքիր չի՝ նախընտրական շրջան ա, թե շրջան չի»։ Իսկ տեղակալի ազատման մասին էլ պատմեց․ «Իմ հետ դեպք էր եղել, պապիկս մահացել էր, ու ես գործի չէի գնում, ոչ թե չէի գնում, պարզապես գալիս էի, զգուշացրել էի, որ գյուղացիների հետ կապված հենց խնդիր է լինում կամ տեղեկանք է պետք, զանգում եք՝ գալիս եմ։ Ես բացատրագիր էլ էի գրել, որ ինչի գործի չեմ գնում։ Այսինքն՝ ես միշտ գնացել եմ, ուղղակի մի քանի ժամով բացակայում էի։

Հետո եկա գործի, տեսա՝ տեղակալս չի եկել, հաջորդ օրը հարցրեցի՝ Բագրատ ձյաձյա ջան, ո՞ւր էիր, ասեց՝ եղբորս աղջկա հարսանիքին, մտածեցի՝ պապիկդ մահացել ա, խառն ես, չզգուշացրեցի»։ 
Ավետիսյանի պատմելով, հետո ինքը հրահանգել է բացատրագիր գրել՝ իր նախկին տեղակալին, որ ինքը որոշի՝ հարգելի համարե՞լ այդ բացակայությունը, թե՞ ոչ․ «Քարտուղարին եմ ասում՝ բացատրագիր գրի, ասում ա՝ ես չեմ կարա գրեմ, ինքը ներկա է եղել։ Ինձ ասեցին՝ գրելը Ձեր մասնագիտությունն ա, մենք գրող չենք։ Իրանք չգրեցին, ու նկատողություններով ազատվեց։ Բայց չի կարելի, չէ՞, նման ձեւ աշխատել, ես իրանց ասում եմ՝ բացատրագիր գրեք, ասում են՝ չի եղել, …ասում եմ՝ ըտենց չի կարելի, երբ ուզեցել եք, ընդառաջել եմ, բայց դուք էսօր եկել եք՝ իմ ասած խոսքից ուզում եք թռնեք»։ 

Հիշեցնենք, որ Ուրցաձորի նախկին համայնքապետը շաբաթներ առաջ հրաժարական ներկայացրեց, մարզպետ Գարիկ Սարգսյանը նրան վստահեցրել էր, որ իր «ուզած» մարդուն կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն դրժել էր խոսքը եւ բերել իր մտերիմին, ինչի դեմ համայնքի բնակիչները բողոքում էին, անգամ եկել էին Երեւան՝ կառավարության առաջ բողոքի ակցիա անելու։