Ինչու են մի քանի անգամ մերժված նախագիծը նորից ուզում հաստատել

Ինչու են մի քանի անգամ մերժված նախագիծը նորից ուզում հաստատել

Օրեր առաջ քաղաքապետարանում գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին ներկայացվեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, որը, համաձայն քաղաքապետարանի, զգալիորեն կթեթեւացնի երթեւեկությունն Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն: Նախագիծը, սակայն, չընդունվեց մասնագետների կողմից, որոնց պնդմամբ՝ ներկայացված տարբերակը ժամանակին քննարկվել է թե՛ քաղաքաշինական խորհրդում, թե՛ քաղաքաշինական կոմիտեում՝ համարվելով անընդունելի։  

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հիշում է՝ ներկայացված նախագիծը հանվեց օրակարգից բազմաթիվ թերությունների եւ գործող նորմերին չհամապատասխանելու պատճառով։ Նման լուծումը ոչ միայն չի համապատասխանում նորմերին, այլ նաեւ աղավաղում է ճարտարապետական միջավայրը, անհարմարություն ստեղծում ինչպես տրանսպորտի երթեւեկության համար, այնպես էլ հետիոտն անցումների նորմատիվ պահանջների մասով։ Նա ընդգծում է՝ այս նախագիծը պետք է նորից դառնա քննարկման առարկա մասնագետների շրջանում, որից հետո միայն ամփոփվեն արդյունքները, եւ ընդունվի համապատասխան որոշում։   

«Հաճախ մասնագետները կամ հենց քաղաքացիները մտածում են, որ մի կետ լուծելով՝ հարցը լուծվում է, բայց այդպես չէ, որովհետեւ բոլորը փոխկապակցված են իրար հետ»,- ասում է Մուշեղյանն ու ընդգծում, որ չես կարող մի կետի խնդիրը լուծելով՝ թեթեւացնել ողջ տրանսպորտային երթեւեկությունը, որովհետեւ խցանումները հաջորդ հանգույցում ավելի շատ կդառնան։ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը թեթեւացնելը նույնպես կետային լուծում է, որովհետեւ այդ ճանապարհի վրա կան նմանատիպ 4-5 խաչմերուկներ․ «Չկա փողոցի լայնություն, հնարավորություն՝ անելու վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ, այսինքն՝ ծայրից ծայր պետք է լինի ինքնակառավարման համակարգ։ Ենթադրենք՝ դու մի հունով ջուր ես տանում, այդ հունի լայնությունը պետք է պահպանվի սկզբից մինչեւ վերջ, եթե սկզբում լայն եք անում, հետո գալիս նեղանում է, ուրեմն այստեղ լիճ կգոյանա, եւ խցանումը, բնականաբար, կտարածվի այլ տեղեր։ Դրա համար ես առաջարկել եմ համակարգային լուծում, որն ավելի էժան է»։ Համաձայն Մուշեղյանի առաջարկած նախագծի, երթեւեկությունը, սկսած Բանվորի արձանից մինչեւ Տիգրան Մեծի պողոտա, գործելու է ինքնակառավարման եղանակով, առանց երթեւեկության լույսի, որը կապահովի անխցանում երթեւեկություն։ Նախագծի 2-րդ առավելությունն այն է, որ, ըստ քաղաքաշինական նորմերի, ամեն 500-600 մետրը պետք է լինի շրջադարձ, ինչը հաշվի է առնված։  

Վերադառնալով քաղաքապետարանի կողմից նորից հրապարակ նետված նախագծին՝ Մուշեղյանն ընդգծեց, որ դրա ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ հաշվի առնված չեն հետիոտնի շահերը․ «Այսինքն՝ մարդը միաժամանակ ե՛ւ իջնում է, ե՛ւ բարձրանում, որպեսզի անցնի այն կողմ։ Մարդիկ մեղկ են, եւ խոսքը միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին չէ․ դրանք երեխաներ են, տարիքով մարդիկ, ո՞նց ես նրանց բարձրացնում 6 մետր վերեւ, քաղաքը մարդու համար է, տրանսպորտը պետք է մարդուն սպասարկի։ Բացի այդ, հրապարակը կորցնում է իր տեսքը։

Այս օղակը չի բավարարում, սա միայն կարելի է անել մայրուղիների վրա, որտեղ մեքենաների քանակությունը համեմատած քիչ է, կարող եք շրջադարձ կատարել եւ շարժվել, բայց ընդհանուր հոսքերն այն չի կարող բավարարել։ Բացի դրանից, այդտեղով Գետառն է անցնում, իսկ Գետառի պարագայում նրա առաստաղն իջեցնում են, որը հետագայում խոչընդոտ կհանդիսանա, որ տեխնիկա մտնի եւ Գետառի հունը մաքրի։ Եվ ամենակարեւորը՝ էստակադան գետնից բարձր է 2 մետր, այսինքն՝ մարդը, որ այդտեղով անցնում է, հրապարակը չի ընկալում, եւ սա դառնում է ոչ թե հրապարակ, այլ տրանսպորտային հանգույց։ Իմ առաջարկած պարագայում նա մնում է այնպես, ինչպես կա, ոչ մի բան չի փոխվում։ Կպահպանվի նաեւ մայթի մակարդակը, որտեղ ե՛ւ տրոլեյբուսը կարող է անցնել, ե՛ւ մարդիկ։ Այդ շրջադարձերով թեթեւացնում ենք բոլոր 4 խաչմերուկների տրանսպորտային հանգույցները»։  

Մուշեղյանը նախօրեին հանդիպել է նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, իր առաջարկած նախագծի գծագրերը փոխանցել նրան, որպեսզի ուսումնասիրի դրանք․ «Ի տարբերություն այդ նախագծի, որը 4 անգամ քննարկվել է ու մերժվել, իմ ներկայացրածը միաձայն անցել է բոլոր քննարկումների ժամանակ»։ 

Թե ինչու են մի քանի անգամ մերժված նախագիծը նորից ու նորից ուզում հաստատել, ապա տարիներ առաջ քաղաքապետարանը բանակցությունների մեջ էր Ասիական զարգացման բանկի հետ, եւ, պայմանավորվածությունների համաձայն, որոշ մասը հենց իրենք պետք է իրագործեին։ Պարզվում է՝ նույն մարդիկ այսօր էլ շահագրգռված են այն իրականացնել։  

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել էր այս նախագծին․ «Անտեղյակներին իրազեկեմ, որ ներկայացվող, մոտ երկու տարվա վաղեմություն ունեցող այս նախագիծը քանիցս քննարկվել է ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում, ե՛ւ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինական կոլեգիայի նիստերում ու ամեն անգամ մերժվել՝ ճարտարապետական անհանդուրժելիության հիմնավորմամբ: Բանն այն է, որ ներկայացված տարբերակով հեղինակները հրապարակի նիշը հարակից մայթեզրերի նիշերի նկատմամբ բարձրացնում են մոտ երկու մետր, որի արդյունքում ապագա հրապարակի թվացյալ գրավչությունը դառնում է անընկալելի: Եվ եթե նկատի ունենանք, որ հրապարակի երթեւեկելի եզրագծերում պարտադիր կարգով պետք է տեղադրվեն եւս մեկ մետր բարձրությամբ անվտանգության արգելապատնեշներ, հետիոտնի տեսահորիզոնից կանէանա հրապարակի գոյություն ունեցող կառուցապատման համալիրի ընկալումն ամբողջությամբ:

Եթե սրան հավելենք այն, որ հրապարակը երիզող կառույցներից մեկը՝ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի հեղինակած «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, ներառված է պետության կողմից պահպանման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում, ապա խնդրի վիճարկումը պարզապես անիմաստ է: Քննարկումների ընթացքում հեղինակներին առաջարկվել են հրապարակի տրանսպորտային երթեւեկության կարգավորման մի քանի այլ լուծումներ, որոնք նրանց կողմից անմեկնելիորեն ու համառորեն մերժվել ու մերժվում են: Այժմ, օգտվելով քաղաքապետարանի նորացված աշխատակազմի անտեղյակությունից, կատարվում է հարցի շրջանցման հերթական փորձը, ու ամենեւին պատահական չէ, որ շրջանառության մեջ է դրվում նախագծի ընդհանուր տեսքը վերին, թրչնային կետից, քանզի հետիոտնի մակարդակում որեւէ ցուցադրելիք չկա»: