Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան մահացել է

Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան մահացել է

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբույքան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան մահացել է.

«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։

Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին` ժամը 22:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: