Սա պատանին կգերազանցե զիս

Սա պատանին կգերազանցե զիս

Այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ԱԺ արտահերթ նիստը, որ ընդդիմությունը պահանջում է գումարել Արցախի հետագա ճակատագրի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ-թուրքական օրակարգի շուրջ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ընդդիմության` սեփական դեմքը փրկելու, ծանր վիճակից դուրս գալու փորձ: Դա, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետև Ալեն Սիմոնյանը չգիտի, կամ էլ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում իշխանության կողմից այդ օրակարգով արտահերթ նիստի մերժումը և այն էլ այս իրավիճակում, երբ Արցախի ճակատագիրն անհայտ է, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերենությունն ու Հայոց պահանջատիրությունը:

Իշխանությունն, իհարկե, կարող է տապալել ընդդիմության նախաձեռնությունը, բայց ահա անհասկանալի է, թե ինչ պետք է անի իր տասնյակ նախարարների տապալումը փրկելու ուղղությամբ, որոնք ընդդիմության պահանջներից վախենում են ինչպես անսպասելի հայտնված օձից: Պարոն Սիմոնյան, եղել ենք ձեր նախարարություններում, փորձել ենք ճշտել կարևոր նախարարների դիրքորոշումն, օրինակ, Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու, սահմանագծումն այս խայտառակ իրավիճակում, երբ երկրում վխտում են զինյալ ազերիները, իրագործելու, Հայոց ցեղասպանությունը հանուն թուրքերի հետ քրջուփալասի առևտրի` ուրանալու մասին: Եվ պատկերացրեք, պարոն Սիմոնյան, ոչ նախարար ենք գտնում, ոչ նախարարի տեղակալ և ոչ էլ միջին օղակի որևէ չինովնիկ, որ կկարողանար առանց կակազելու այո ասել Արցախի հայկականությանը, Հայաստանի սահմաններից ադրբեջանցիներին վռնդելու և Հայոց պահանջատիրությունը հետապնդելու ընդդիմության պահանջներին:

Դուք, պարոն, Սիմոնյան, հայտարարում եք, թե ընդդիմությունը կարիք ունի դեմքը փրկելու: Իսկ գուցե կասեի՞ք, թե ինչ ճանապարհով է դա հնարավոր այս իրավիճակում, երբ դուք ոստիկանությանը 24-ժամյա ռեժիմով հանել եք մայրաքաղաքի փողոցներ, որ հանկարծ ձեր անճար վարչապետին ու նրա ապուշ կառավարությանը ոչինչ չպատահի: Հարցնում եմ` իսկ դո՞ւք այս ծանր իրավիճակից ինչպես եք դուրս գալու: Բանը հասցրել եք այնտեղ, որ քաղաքացին արդեն թքում է հայ ոստիկանի վրա: Չլինեն ընդդիմության առաջնորդների հորդորները` մարդիկ անգամ 5 րոպե չեն հապաղի ու չգիտես ինչով կարող է ավարտվել հերթական ընդհարումը: Եվ պատասխանատվությունն այս դեպքում ձեզ վրա է մնալու:

Լրջացեք, պարոն Սիմոնյան: Երևանում արդեն խաղաղ ցուցարարի արյուն եք հանել, որի համար արդեն իսկ հանցավոր իշխանության անուն եք վաստակել:

Ինչ արած, ստիպված եմ խոստովանել` ՀՀ խորհրդարանի նախագահը Նիկոլին իբր արդեն գող է կարգել, հիմա էլ ստանձնել է գլխավոր մանիպուլյանտի գործառույթները: Առաջին արդյունքներն էլ, ինչպես տեսնում ենք, բավականին հուսադրող են: Իր մոտալուտ վախճանը զգացող Նիկոլը չէր հանդգնի մի այնպիսի սուտ ասել, ինչպիսին հանդգնեց ասել Ալեն Սիմոնյանը: Եվ սա այն դեպքն է, երբ Նիկոլը, նկատի ունենալով ԱԺ խոսնակին, հանգիստ խղճով կարող է ասել` սա պատանին կգերազանցե զիս...