Ի՞նչ մարտավարություն է որդեգրել ԿԳՄՍՆ-ն «Բրյուսովի» հարցում

Ի՞նչ մարտավարություն է որդեգրել ԿԳՄՍՆ-ն «Բրյուսովի» հարցում

Մինչ իշխանությունը փորձում է բարեփոխումների անվան տակ միավորել ակադեմիական ինստիտուտներն ու բուհական հաստատությունները՝ մոտ ապագայում ունենալով ակադեմիական քաղաք ստեղծելու հեռանկարը, մի շարք բուհերում (Գեղարվեստի ակադեմիա, Թատերական ինստիտուտ, Բրյուսովի անվան համալսարան) կառավարման ճգնաժամը խորանում է, որովհետեւ կա՛մ ռեկտոր չկա, կա՛մ հոգաբարձուների խորհուրդ, կա՛մ էլ` երկուսն իրար հետ, ինչպես, օրինակ, Բրյուսովի անվան համալսարանի դեպքում։  

Ինչպես հայտնի է, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններից հետո իրավիճակը բուհի շուրջ լարվեց. նախ՝ հրաժարականներ, հետո՝ քրեական վարույթներ, ապա՝ դատական հայցեր, ի վերջո՝ լուծարված հոգաբարձուների խորհուրդ եւ կառավարման ճգնաժամ, որը փոքրիշատե հարթելու համար ԿԳՄՍ նախարարությունը բուհի կանոնադրության մեջ որոշակի կարգավորումներ արեց, որի արդյունքում բուհը կկարողանա շարունակել բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի եւ մյուս այլ վճարումների կատարումը։
Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա էր եղել նաեւ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

Ց․ Ակոպյանից հետաքրքրվեցինք՝ այդ հանդիպման ընթացքում «Բրյուսովի» շուրջ ստեղծված իրավիճակի մասով որոշակի պարզաբանում ստացե՞լ է նախարարից, դեռ ինչքա՞ն պետք է բուհն առանց ռեկտորի ու հոգաբարձուների խորհրդի աշխատի։ «Քանի որ նախարարը շուրջ մեկ ամիս ժամանակ չուներ ինձ ընդունելու, ես բոլորի ներկայությամբ բարձրաձայնեցի «Բրյուսովին» հետաքրքրող հարցերը՝ մեր կարգավիճակի եւ հոգաբարձուների խորհրդի հետ կապված, բայց նախարարը բերեց ամեն պատճառաբանություն՝ իրենց հատուկ մեթոդներով, որ իբր բուհում չկա ակադեմիական միջավայր, իբր ընտրություններ են կեղծվել հոգաբարձուների խորհրդի կողմից, ու երբ իրեն խնդրեցի կոնկրետ անդրադառնալ խնդրին, նա նշեց, որ իրենք լուծում են տվել, այն է՝ ինձ լիազորություններ են տվել՝ որպես ռեկտորի պարտականությունները կատարողի, բայց ես դա չարաշահել եմ եւ աշխատողների եմ նկատողություն տվել ու աշխատանքից ազատել․․․»։

Թե ինչի մասին է խոսքը, Ց․ Ակոպյանը նշեց, որ այս ընթացքում աշխատանքից ազատվել է մի դեկան, որն արձանագրություններ է կեղծել։ «Այսինքն՝ եթե դուք կարծում եք, որ ֆակուլտետի խորհրդի արձանագրությունները կեղծած մարդը, ով գրել է, որ իբր քվորում է եղել, այն դեպքում, որ քվորում չի եղել, պետք է աշխատի, կներեք, ես այդպես չեմ մտածում։ Այդ կեղծ արձանագրության արդյունքում մարդիկ որոշումներ են ընդունել, նույնիսկ այդ որոշումներից մեկի ժամանակ շատ կարեւոր հարց են քննարկել ու եթե կարծում են, որ այս մեթոդներով պետք է շարունակեն աշխատել, ես՝ որպես ռեկտորի պարտականությունները կատարող, կողմնակից չեմ դրան»,- ասում է Ակոպյանն ու ընդգծում, որ շուրջ մեկ ամիս փորձել  է նախարարի մոտ ընդունելության գնալ, բայց իր բոլոր ջանքերն ու զանգերն անպատասխան են մնացել։

Ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ իր համար նախարարը ժամանակ չի գտնում, բայց օրերս ընդունել է համալսարանի մի քանի աշխատակցի՝ չընտրված ռեկտորի թեկնածու Դավիթ Գյուրջինյանի գլխավորությամբ։ Տեղյա՞կ է, թե ինչ խնդիրներով են այդ մարդիկ գնացել նախարարի մոտ։ «Ենթադրաբար՝ այո, այն աշխատակիցները, ովքեր դժգոհ են, որ պետք է նորմալ աշխատանք իրականացվի, ովքեր չեն հասկանում, որ համալսարանն աշխատելու համար է եւ ոչ թե կեղծ արձանագրություններ տալու, հանձնարարականներ չկատարելու համար, երբ մարդիկ որոշում են, երբ ցանկանան՝ գան, երբ չցանկանան՝ չգան ռեկտորատի ու գիտխորհրդի նիստերին ու տարբեր պատճառաբանություններ են բերում դրա համար, մինչդեռ այդ պահին համալսարանում են լինում, եթե այդ մարդիկ են իրենց հենարանը, ու նախարարությունը նման մարդկանց է ընդունում, ու մյուս կողմին, այս դեպքում՝ ամբողջ կոլեկտիվին, չեն լսում, ավելին՝ ամեն մի դիմումի համաձայն, ձգում են հոգաբարձուների խորհրդի ընտրությունը, որպեսզի 3 հոգանոց խորհուրդ ձեւավորվի, ապա՝ խնդիր չկա, մեր բուհի թե՛ աշխատակիցները, թե՛ ուսանողները դրան էլ են պատրաստ, ինչպես պատրաստ են ցանկացած սցենարի։ Մենք կգնանք իրավական ճանապարհով եւ ամեն ձեւով կպայքարենք մեր իրավունքների ու մեր համալսարանի համար։ Ամեն դեպքում, աշխատակազմը եւ ուսանողությունը գիտեն՝ ով ով է, եւ իրենք իրենց գնահատականը տալիս են, այդքանը բավարար է։ Ես նախարարին միայն խորհուրդ տվեցի երկու կողմին լսել, հատկապես որ մյուս կողմը ճնշող մեծամասնությունն է»։
Ռեկտորի պարտականությունները կատարող Ց․ Ակոպյանն ասում է՝ նախարարը կոնկրետ իր ոչ մի հարցին չի պատասխանել, եւ ինքը բոլոր հիմքերն ունի մտածելու, որ 3 հոգանոց խորհուրդ են ձեւավորելու, քանի որ այս իրավիճակն առավելագույնը երկու ամիս կարող է ձգվել։ Թե որն է դրա նպատակը, ասում է․ «Ես լուրջ նպատակ չեմ էլ տեսնում, ի՞նչ կարող են անել 3 հոգանոց խորհրդով, հավանաբար նպատակն այն է, որ այդ 3 հոգանոց խորհուրդն ամբողջությամբ պահեն իրենց ձեռքում, որովհետեւ այդ պարագայում բուհի ներկայացուցիչ չի լինի խորհրդում, եւ տարբեր հարցերում կփորձեն ազդել բուհի վրա»։

Այդուհանդերձ, վերջնանպատակը բուհը լուծարե՞լն է, որ այս դեպքում 3 հոգանոց խորհրդի ձեռամբ կարող են անել։ «Մենք այդ մտահոգությունն ունենք եւ շարունակում ենք ունենալ։ Երեկ քննարկման ժամանակ նախարարն ասաց, որ դեռ նման ծրագիր չունեն, բայց մեր մտահոգությունը շարունակում է մնալ, որ սրա տակ ինչ-որ մի թաքնված նպատակ կա։ Ամեն դեպքում, այս մի քանի ամսվա մեջ ամեն ինչ տեսանք»։

Ակնհայտ է, որ հիմա նախարարությունը խաղում է ժամանակի վրա, նախ՝ «Բրյուսովից» նեղացածներին ու դժգոհներին հավաքելով իր շուրջ եւ ապա՝ հասունացնելով 3 հոգանոց խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտությունը, որի դեպքում կստանա լիակատար վերահսկողություն համալսարանի վրա։