Ի՞նչ է եղել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վնասված գույքի հետ

Ի՞նչ է եղել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վնասված գույքի հետ

Տեղեկություն ունեինք, որ Մելիք-Ադամյան դահլիճին կից ճեմասրահում նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը՝ կապիտուլյացիայից հետո կառավարության շենք ներխուժած մարդկանց կողմից վնասված գրասենյակային գույքն է, որը հետագայում տարել լցրել են նիստերի դահլիճին կից ճեմասրահը։ Ինչի պատճառով դահլիճը այլեւս հնարավոր չէ օգտագործել:

«Հրապարակի» հետ զրույցում նաև Մելիք Ադամյանի համագումարների դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը հերքում է։ Սկզբում պարզապես ասաց․ «ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա ասաց, թե այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի, «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։

Իսկ ի՞նչ է եղել նոյեմբերի 9-10-ի լույս գիշերը հայտնի իրադարձությունների ժամանակ վնասված գույքի հետ։ Մարկոսյանն ասաց․«Տարբեր տեղերում դռները, որոնք կոտրվել է, որը հնարավոր է եղել, վերանորոգել ենք, տարբեր բաներ, որոնք որ կոտրվել են քննչական մարմինների կողմից առգրավվել ու արձանագրվել են։ Տարբեր, տարբեր։ Ճիշտն ասած՝ այս հարցի պատասխանատուն ես չեմ, այդ հարցով պետք է դիմեք վարչապետի աշխատակազմ»։

Հարցին էլ, թե այսինքն՝ այնպես չէ, որ ճեմասրահի պատճառով չի գործում Մելիք-Ադամյանը, Մարկոսյանը պատասխանեց՝ բայց ո՞վ է ասում, որ չի գործում։ Ե՞րբ է միջոցառում այնտեղ եղել։ Ասաց, որ ապրիլի 10-ին։ Նշենք, որ մայիսի 1-ին պետք է կայանար ՀԱԿ-ի համագումարը, որը հետաձգվել է մայիսի 10-ին։ Մարկոսյանն ասաց, որ հետաձգումը որևէ կապ չունի ճեմասրահի ծանրաբեռնվածության հետ «այլ իրենց ղեկավարների առողջական խնդիրների հետ կապված»։