44-օրյա պատերազմը՝ Բաքվի «հաղթանա՞կ»․ Երեւանի սասանված «դիրքերը»

44-օրյա պատերազմը՝ Բաքվի «հաղթանա՞կ»․ Երեւանի սասանված «դիրքերը»

Պերուի Կոնգրեսի անդամ Խոսե Էնրիկե Օրեի նախաձեռնությամբ Կոնգրեսը հայտարարություն է ընդունել 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակի երրորդ տարեդարձի կապակցությամբ»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Պերուում իրենց դեսպանատանը հղումով։ Փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում «տարած հաղթանակի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի»։

Հայտարարության եզրափակիչ հատվածում, ըստ Report-ի, շնորհավորանքներ են փոխանցվում «Ադրբեջանի եղբայրական ժողովրդին՝ նոյեմբերի 8-ի Հաղթանակի օրվա կապակցությամբ, եւ ցավակցում զոհերի համար»։
Փաստորեն, ամբողջ աշխարհում փառաբանված հայկական լոբբինգը զիջում է դիրքերը։ Լատինամերիկյան երկրների հետ ավանդաբար ու բարեկամական կապեր ունեցող Հայաստանն այսօր հայտնվել է, ըստ էության, միջազգային դիվանագիտական վակուումի մեջ։ Հայ դատի նվիրյալների, եւ ինչո՞ւ միայն նրանց, հայատեր ու պահանջատեր յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինի, վիրավորական է իրերի նման զարգացումը։ Հարցը միայն Պերուի Կոնգրեսի որոշումը չէ, որն իմպերատիվ բնույթ չունի եւ ընդամենը «քաղաքական ու ֆինանսական սիրախաղի արդյունք է»՝ հաշվի առնելով Բաքվի ձեռագիրն ու կարողությունները։

Հայոց ցեղասպանության ու Արցախի անկախ պետականության հարցն իրենց օրակարգից իսպառ բացառած ՀՀ ներկայիս իշխանությունների համար Պերուի Կոնգրեսի հայտարարությունը, անկասկած, ոչինչ չասող տեքստ է։ Երախտագետ հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատում, որ ամերիկյան մայրցամաքի մյուս երկրները՝ Ուրուգվայը, Մեքսիկան, Արգենտինան, Չիլին, Վենեսուելան, Պարագվայը, Բրազիլիան, ժամանակին տարբեր, այդ թվում՝ իրենց խորհրդարանների մակարդակով ճանաչել են 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը, ոճիր, որ թուրքերը գործել են միլիոնավոր անմեղ հայերի դեմ, հիշում ենք եւ երախտապարտ ենք, որ անդրադարձել, մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վարած ցեղասպան ու էթնիկ զտումների քաղաքականության, ռազմական ագրեսիայի եւ այլ հանցավոր գործողությունների կապակցությամբ։
Ի՞նչ է՝ եթե պաշտոնական Երեւանն այսօր այս երկու համահայկական հիմնահարցերը համարում է ոչ արդիական, նույնիսկ՝ «հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը» խոչընդոտող եւ առաջ է մղում «մուրացկանի դիվանագիտությամբ խաղաղության քարոզը», ուրեմն այդ երկրների հետ գործակցության ու դաշնակցության այլ եզրեր չկա՞ն։ Ի դեպ, Երեւանն ու Լիման դիվանագիտական հարաբերություններ ունեն, երկու երկրների համար նշանակված են դեսպաններ։ Բայց, նույնիսկ հպանցիկ հայացք գցելիս, համացանցում Պերու-Հայաստան հարաբերությունների մասին (դրանք պաշտոնապես, զուտ հռչակագրային մակարդակով գոյություն ունեն շուրջ 30 տարի) այնքան սակավ տեղեկատվություն կա, որ լատինամերիկյան այդ երկրի Կոնգրեսի հայտարարությունը տրամաբանական է թվում։

2021 թ․ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ-ն հաղորդագրություն էր տարածել, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին: Լատինամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները Պերուի խորհրդարանի հետ`ընդգծելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությունը՝ ասվում էր ԱԺ հաղորդագրության մեջ։ Պերուի դեսպանը, իր հերթին, ընդգծել էր, որ իր առաքելության իրականացման ընթացքում երկկողմ կապերի զարգացումը ծրագրային առաջնահերթություն է դիտարկվելու: Նրա խոսքով՝ Հայաստան-Պերու բազմակողմ գործընկերային կապերն ամրապնդելու հարցում մեծ է խորհրդարանների դերը: «Բազմակողմ գործընկերային կապեր», «միջխորհրդարանական խմբերի ձեւավորում» եւ այլն․ գեղեցիկ ձեւակերպումներ են, չէ՞, իսկ արդյո՞ւնքը։  
Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության դեմ տարվող դիվանագիտական պատերազմին զուգահեռ, Պերուն դիվանագիտական նոր ներկայացուցչություններ է բացում աշխարհի տարբեր կետերում՝ փորձելով ուժեղացնել աշխարհում իր կշիռն ու նոր դաշնակիցներ ձեռք բերել։ Հայաստանը եւս նոր դեսպանատներ է բացում ու ծրագրում է բացել, սակայն, ըստ էության, առաջնորդվելով համակրանքով ու հակակրանքով, ինչը բազմաբեւեռ աշխարհում ընդունված պրակտիկա չէ․ հավերժական ախոյանների փոխարեն պետք է գտնել հավերժական շահերին համապատասխան բարեկամներ։ Ի վերջո, ցանկացած հակահայկական բանաձեւ, ակտ, իրադարձություն նաեւ դասեր քաղելու եւ թերացումների ուղղությամբ աշխատելու մարտահրավեր, հնարավորություն է։ Այսօր առավել, քան երբեւէ, պետք է կապեր ստեղծել, զարգացնել, դաշնակցել, լինել նախաձեռնող եւ ոչ թե սպասել, որ, օրինակ, Պերուն, ընդառաջ քայլ կատարի։ Եթե անկեղծ, խորհե՞լ ենք, գույքագրե՞լ ենք մեր ռեսուրսները՝ առհասարակ, կոնկրետ ի՞նչ ունենք մենք Պերուին, մյուսներին առաջարկելու, թե՞ շարունակելու ենք սասանել մեր հեղինակությունն ու դիրքերը՝ «կենացա-նամակագրական դիվանագիտության» պայմաններում։