Չարիքի ազատագրումը եւ չարիքի ավելացումը` ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի
Ներկա իշխանությունը չի ձեւավորվել 2018 թվականին իրականացված իշխանազավթումից հետո, այն ստեղծվել ու բյուրեղացել է դրանից շատ առաջ: Ստեղծվել է արեւմտյան տարբեր ֆոնդերի ու դրամաշնորհների միջոցով, հասարակության ներսում հատուկ սելեկցիայի արդյունքում, երբ փնտրվել եւ գտնվել են որոշակի արժեքների հետեւորդներ, նրանք առաջ են մղվել եւ ի վերջո հայտնվել իշխանական ամենաբարձր պաշտոններին՝ իրավունք ստանալով տնօրինելու պետության եւ հասարակության ճակատագիրը:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնն անցած տարեվերջից զբաղեցնում է Ժաննա Անդրեասյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը: Ժաննա Անդրեասյանը մասնագիտությամբ սոցիոլոգ է, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու: Հնարավոր է, որ որպես սոցիոլոգ եւ գիտնական՝ նա լավ մասնագետ է, բայց նախարարի պաշտոնում նա իրականացնում է պետական քաղաքականություն` պետության համար չորս կարեւորագույն ոլորտներում, եւ դրա համար միայն լավ գիտնական լինելը բավարար չէ: Կարեւոր է, թե ինչ արժեքային համակարգ կրող է նա, որից ելնելով էլ իրականացնում է պետական քաղաքականությունը: Շատ է գրվել ու խոսվել նրա վերաբերմունքի մասին` Գարեգին Նժդեհի եւ նրա գաղափարախոսության վերաբերյալ: Բայց դրանով ամեն ինչ չի սահմանափակվում:
Պատահաբար դիտեցի հակասահմանադրական հեղաշրջումից երեք տարի առաջ նրա մասնակցությամբ մի հաղորդում, որը նվիրված է պոստմոդեռնիստական սոցիոլոգիայի հիմնադիրներ Ժան Լիոտարի եւ Ժան Բոդրիարի տեսություններին: Հաղորդումը պատրաստվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության`Սորոսի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Իսկ ի՞նչ է հայ հասարակությանն իր հաղորդման միջոցով փոխանցում տիկին Ադրեասյանը, ով մենախոսում է սոցիոլոգիայի հիմնադիրների մասին:
Հղում անելով Ժան Բոդրիարին՝ նա ասում է. «Բոլոր այն գաղափարները, որոնց մենք սովոր ենք վստահել եւ արժեւորել, ինչպես, օրինակ, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, դառնում են ծաղր իրենք իրենց նկատմամբ՝ կորցնելով որեւէ նշանակություն եւ իմաստ: Օրինակ, երբ մենք խոսում ենք մարդու ընտրական իրավունքի մասին, ապա այն սկզբնական պահին, երբ մենք բոլորին տալիս ենք համընդհանուր ընտրական իրավունքը, դա կարծես թե բարիք է, այսինքն՝ դրական գործընթաց է, որը տեղի է ունենում հասարակության ներսում եւ ինչ-որ առումով ազատագրում է մարդուն իր այդ ստրկական վիճակից` դու ձայն ունես: Սակայն ժամանակակից հասարակությունում մենք դիտարկում ենք մի իրավիճակ, երբ մարդիկ չեն ուզում ընտրել: Եվ երբ դու չունես կարծիք եւ դիրքորոշում, սակայն պիտի արտահայտես այն, դու դառնում ես կրկնակի ստրուկ, եւ այս անգամ ուղղակի քո ստրկատերը ոչ թե ֆեոդալն է, ոչ թե կալվածատերն է, այլ զանգվածային լրատվության միջոցներն են, ովքեր ուղղորդում են քեզ, ստեղծում են պատրանք քեզ մոտ՝ սեփական կարծիքի եւ դիրքորոշման, եւ ինչ-որ առումով ստիպում են, որ դու գնաս եւ արտահայտես այն պատրանքային կարծիքն ու դիրքորոշումը, որ դու իբրեւ ունես»:
Փաստացի Նիկոլ Փաշինյանը եւս մտածում է, որ մարդը, հասարակությունը կամ դրա մեծամասնությունը չունեն սեփական տեսակետ, եւ այն կարելի է ԶԼՄ-ների միջոցով մանիպուլացնել եւ հասնել իր համար ցանկալի արդյունքի: Մյուս կողմից՝ Փաշինյանը եւ իր իշխանությունը համոզված են, որ եթե ներկայում չունեն հանրային վստահություն, որ հասարակությունը մերժում է իրենց, ապա դրա պատճառը ոչ թե իրենց գործունեությունն է ու դրա խայտառակ արդյունքը, այլ սեփական ԶԼՄ-ների անարդյունավետ աշխատանքը կամ ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի արդյունավետ գործունեությունը:
Շարունակելով հղում կատարել Բոդրիարին՝ Անդրեասյանն ասում է. «Բոդրիարն առաջ քաշեց լռակյաց մեծամասնության գաղափարը. մենք ունենք հասարակություն, որն ունակ չէ իմաստ արտադրել. մենք խոսում ենք, բայց մեր ցանկացած խոսք գնում եւ կորում է այդ լռակյաց մեծամասնության մեջ, որը դառնում է տիեզերքի սեւ խոռոչի նման մի բան, ինքը կլանում է ցանկացած իմաստ եւ ոչնչացնում: Մենք ստացել ենք մի հասարակություն, որը ստեղծել ենք, եւ որն իր մեջ սպանել է սոցիալականը, սպանել է իմաստները, չնայած պետք է լիներ կարծես թե ավելի զարգացած մի բան, քան նախորդ փուլերի հասարակությունն է: Երբ մենք խոսում ենք ազատագրման մասին, մենք կարող ենք ասել, որ դա միանշանակ դրական գործընթաց է, քանի որ ազատագրման գործընթացում մենք ունենում ենք ամեն ինչի ազատագրում՝ ե՛ւ բարու, ե՛ւ չարի, ե՛ւ, իհարկե, սրանցից մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի: Մեր ավանդական պատկերացումն այն է, որ մենք պետք է վերացնենք չարիքը եւ ավելացնենք բարիքը: Զարմանալիորեն, բարու ավելացումը բերում է չարի շատացման, եւ երբ մենք ուզում ենք վերացնել այդ չարը, մենք դրանով իսկ, չգիտես ինչու, վերացնում ենք դրականը, բարին: Այս տեսանկյունից դրանք փոխկապակցված են, որ մեկն առանց մյուսի չի կարող լինել, եւ խնդիրն այդ բալանսավորված գործընթացի մեջ է, որում եւ բարու եւ չարի միաժամանակ գոյությունը հասարակությունում հնարավորություն է տալիս եւ հույս է տալիս՝ որոշակի իմաստալից պրակտիկաների իրականացման»:
Նկատի ունենանք, որ սա Անդրեասյանն ասել է մինչեւ հեղաշրջումը: Իսկապես, հայ հասարակության մի մասը, ցանկանալով եւ ձգտելով ազատագրման, ձգտելով ավելացնել բարիքը, ազատագրեց նաեւ չարը եւ ավելացրեց չարիքը: Անցած 5 տարիների ընթացքում մենք ականատեսն էինք չարի ազատագրման եւ չարի ավելացման: Անդրեասյանը ճիշտ է «լռակյաց մեծամասնության» հարցում եւս. Փաշինյանի իշխանության միակ հույսն ու հենարանն այդ «լռակյաց մեծամասնությունն» է, որը հանդուրժում է այս իշխանության կողմից երկրի ու հասարակության գլխին բերած ցանկացած փորձանք եւ փորձություն: Այնպես որ՝ դժվար է չհամաձայնել Անդրեասյանի եւ նրա սիրելի հեղինակ Բոդրիարի հետ:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ