Թուրքիան մեկ միլիարդ դոլար էլ ծախսեր, այսպիսի հաջողության չէր հասնի

Թուրքիան մեկ միլիարդ դոլար էլ ծախսեր, այսպիսի հաջողության չէր հասնի

Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման հյուր՝ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է, ինչը մեծ վրդովմունք է պատճառել հանրությանը: «Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել եւ մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները։ Ես գիտեմ այդ պատմությունը, եւ պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա: Մենք խնդրեցինք կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին՝ իր կարծիքը հայտնել:

«Հիշում եմ՝ Նոր տարուն Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետի ու կաթողիկոսի խոսքից անմիջապես հետո մուղամ հեռարձակվեց: Ես այդ մասին հոդված եմ գրել «Հրապարակում»: Գրել եմ, որ դա երաժշտական հարց չէ, այլ՝ ազգային անվտանգության: Դրանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի: Սուպեր Սաքո կոչվածի հարցազրույցը հենց դրա շարունակությունն է: Ամեն ինչ միտումնավոր է արվում: Կա մի գործակալ, որն ամեն գնով փորձում է այդ անհեթեթությունները քարոզել Հայաստանում: Հենց այդ պատճառով էլ Հ1-ը չի ջանացել մոնտաժել այդ հարցազրույցը, բայց որ ես եմ գնում նույն այդ Հանրային՝ հարցազրույց տալու, անմիջապես կրճատում են ու ձեռքերով հասկացնում` բավական է, դադարեցրեք: Ստացվում է, որ ամեն ինչ նրանց մոտ ծրագրված է, ինչը բոլորովին երաժշտական հարց չէ, այլ ազգային անվտանգության հարց: Փորձում են մարդկանց այլանդակել, առանց այդ էլ ամենուր արեւելյան կլկլոցներ ենք լսում: Տաքսի ենք նստում` կլկլոց, խանութ ենք մտնում` կլկլոց, սրճարան ենք մտնում` կլկլոց, հեռուստացույց ենք միացնում` կլկլոց: Թուրքիան եթե մեկ միլիարդ դոլար գումար էլ ծախսեր, այսպիսի հաջողության չէր հասնի»:

Երգչուհի Աննա Խաչատրյանն էլ ասաց. «Կոմիտասը բացարձակ արժեք է, արվեստագետի համար՝ հատկապես: Հայ երաժշտության ինքնության հայրն է Կոմիտասը: Չի կարելի քննարկել Կոմիտասին, առավել եւս՝ քննադատել, աղավաղել ու պղծել: Ինչպե՞ս կարող է մուղամը լինել հայկական: Զարմանալի է, որ Հանրայինի էկրանից է նման կարծիք հնչել՝ առանց խմբագրելու ու մոնտաժելու: Այն, ինչ հնչեց Հ1-ով, ինձ համար անընդունելի է: Եթե մարդը մի թեմայի չի տիրապետում, չիմանալն ամոթ բան չէ, չպետք է խոսի այդ մասին` պրոֆեսորի դեմքով ու կեցվածքով»:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը կարծում է. «Կոմիտասն անգնահատելի արժեք է: Ամեն օր կարելի է դիմել Կոմիտասին ու գտնել մի նոր բան: Մուղամը չի կարող հայկական լինել, սակայն կա հայկական մակոն, որը նման է մուղամին»: