ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենն (Ֆինլանդիա) ու Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ. 

«Մենք վերահաստատում ենք 2022թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու մեր կոչը և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի հրամանը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է […] ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։ 

Մենք ի գիտություն ենք ընդունում, որ Հայաստանը նշել է, որ դիմելու է Արդարադատության միջազգային դատարանին՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։ 

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ միջնորդվող բանակցային ջանքերը։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով»։