«Նատալի Ֆարմը» ՏՄՊՊՀ-ին կներկայացնի թունաքիմիկատների թանկացման հիմնավորումները. հարուցվեց վարչական վարույթ 

«Նատալի Ֆարմը» ՏՄՊՊՀ-ին կներկայացնի թունաքիմիկատների թանկացման հիմնավորումները. հարուցվեց վարչական վարույթ 
Նատալի Ֆարմ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ: 
Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների  մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում:  Այն իր մեջ ընդգրկել է շուկայի կառուցվածքի և մրցակցային իրավիճակի վերլուծությունից մինչև գնագոյացում՝ ողջ շղթան: 

Գյուղատնտեսության բնագավառում ներգրավված են շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններ,  որոնք փաստացի իրենց արտադրանքի մշակման ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Այս հանգամանքը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն ունեն թունաքիմիկատների շուկայում տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ իր հերթին ուղղակի անդրադառնում է հայկական գյուղ մթերքների վերջնական գնի ձևավորման վրա: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մեր երկիր հիմնականում ներկրվում և իրացվում է 3 տիպի թունաքիմիկատ՝   միջատասպան դեղեր (ինսեկտիցիդներ ), մոլախոտերի դեմ դեղեր ( հերդիցիդներ) և հակասնկային հիվանդությունների համար կիրառվող դեղեր ( ֆունգիցիդներ):  Ներկրման հիմնական երկրներն են Չինաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Հնդկաստանը և Գերմանիան: 

Հանձնաժողովի վերլուծությունն ընդգրկել է 2017-18 թվականները, որոնց համաձայն վերոնշյալ երեք խումբ թունաքիմիկատների ներկրման և իրացման մասով էլ առկա են խոշոր ընկերություններ:  Ընդհանուր առմամբ շուկայում գործում է  12 ընկերություն, որոնցից առաջատար ընկերության՝ «Նատալի Ֆարմի»  մասնաբաժինը կազմել է 44 տոկոս, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31 տոկոս մասնաբաժնով, իսկ մնացած թվով 10 ընկերությունների մասնաբաժինները միասին կազմում է շուկայի 25 տոկոսը: Համաձայն մրցակցության օրենսդրության դրույթների, նշված ընկերություններն ունեն գերիշխող դիրք և իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Թունաքիմիկատների շուկայի ուսումնասիրությունը փաստում է, որ  2018-ին  «Նատալի Ֆարմը» բարձրացրել է վաճառքի գինը, ինչը կարող է հանդիսանալ գերիշխող դիրքի չարաշահում
Գնի բարձրացման պատճառներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ իսկապես, 2018 թվականին 2017-ի համեմատ  բարձրացել են որոշ տեսակի թունաքիմիկատների ներկրման գները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել: Սակայն, գյուղացիական տնտեսություններին այն վաճառվել է անհամեմատ բարձր արժեքով, այսինքն ըստ էության վաճառքի գինը բարձրացել է շատ ավելի մեծ չափով, քան ձեռքբերման արժեքները և այլ ծախսերը միասին:

Այսպես. 2017 թվականի առաջին կիսամյակում դիտարկվող ապրանքների ինքնարժեքը կազմել է 1 900 դրամ, իսկ  մանրածախ վաճառքի գինը՝ 2 500 դրամ (+600), իսկ  2018 թվականի  նույն ժամանակահատվածում ինքնարժեքը  եղել է 2 100, իսկ վաճառքի գինը՝ 3 100 դրամ (+1000) : Այսպիսով, կարող ենք փաստել, որ  թեև ինքնարժեքն աճել է 10 տոկոսով,  սակայն վաճառքի գինը ավելի քան կրկնակի՝ 24տոկոսով, ինչը հանգեցրել է նաև ընկերության շահութաբերության աճին:
Վերոնշյալ խնդիրների հիման վրա Հանձնաժողովը իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ հարուցեց  վարչական վարույթ՝ առաջիկայում խնդիրը առավել մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաև տնտեսվարողից տեղեկատվություն և հիմնավորումներ պահանջելու նպատակով: 
 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով