Նիկոլի խելք՝ Պետրոսի կնկա խավես…

Նիկոլի խելք՝ Պետրոսի կնկա խավես…

Մի իշխանություն, որ ամենահասարակ բաները չի կարողանում անել, հետեւողական չէ անգամ իր ընդունած որոշումների իրականացման հարցում, ինչպե՞ս կարող է զինանշան փոխել: Պարոն Ալեն Սիմոնյան, դուք, օրինակ, ավարտե՞լ եք ԱԺ ավտոմեքենաների ապակիների ապաթաղանթապատման աշխատանքները: Մի շտապեք պատասխանել, որովհետեւ հանկարծ ծիծաղելի բան կասեք: Արդեն վաղուց մոռացվել է այդ շոուն: Մարդիկ շարունակում են երթեւեկել մգեցված ապակիներով, իսկ նրանք, որ շտապել էին այլանդակել իրենց մեքենաները, այսօր գլխներին են տալիս, թե ինչ միամիտ են եղել, որ ենթարկվել են այդ անհեթեթ որոշմանը: Նույն վիճակն է նաեւ աղամանները սեղանին դնել-չդնելու, սրճարաններում ծխել-չծխելու գծով: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե այս ընթացքում քանի մարդ է տուգանվել 50 հազար դրամով՝ սրճարանում ծխելու, կամ քանի՞ գործարար՝ աղամանը սեղանին դնելու համար:

Իշխանությունների իդիոտիզմն այսպես, հուշիկ քայլերով, աստիճանաբար բարձրանում է վերեւ: Հասել են ՀՀ զինանշանը փոփոխելու ինքնագիտակցությանը: Ոչինչ, որ մեր երկրի զինանշանը հաստատված է Սահմանադրությամբ, եւ այն կարող է փոփոխվել բացառությամբ հանրաքվեով: Կարեւորն այն է, որ զինանշանը Նիկոլին դուր չի գալիս, իսկ նման դեպքերում միշտ էլ գտնվում են մարդիկ, որ բացականչում են. «Նիկոլը մեծ է, նա ավելի լավ է տեսնում»: Այս արտահայտությունը վերցված է Վիսոցկու հայտնի երգից՝ «жираф большой, ему видней»:

Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչ են ուզում փոխել մեր զինանշանի մեջ: Իսկ եթե ավելի կոնկրետացնեմ հարցս՝ չեմ հասկանում, թե սրանք, առհասարակ, ինչ են ուզում մեր զինանշանից: Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը, հասկացանք, փոխարինվեց ՀԽՍՀ զինանշանով, ՀԽՍՀ զինանշանը՝ ՀՀ զինանշանով: Հիմա այդ ի՞նչ նոր բան է տեղի ունեցել, որ ուզում են փոխել կամ սրբագրել: ԿԳՄՍ մի նախարար ունենք՝ Ժաննա դ արկ Անդրեասյան: Նա ասում է, թե մեր զինանշանը պետք է արտացոլի այսօրվա Հայաստանը: Տիկին Անդրեասյան, իսկ ի՞նչ անենք, եթե վաղվա Հայաստանն այլ լինի, քան այսօրվա Հայաստանը: Կրկի՞ն փոխենք: Զինանշանն ի՞նչ է, օրվա համապատասխան շրջազգե՞ստ է, թատրոն կամ ռեստորան գնալու շորի՞կ, որ փոխենք հանուն լավ տրամադրության: Տիկին Անդրեասյանը հավելել է. «Օյ, ես չգիտեմ, պետք է մասնագետներին լսել»: Ուրեմն ձեզ ասեմ, այն մասնագետը, որ իրեն թույլ կտա Պետրոսի մոտ ճոռոմաբանել, թե ինքը կարող է ավելի լավ զինանշան նկարել, քան եղածն է, ոչ թե մասնագետ է, այլ «մալյար», որ ուզում է փող կպցնել այդ պատվերից: 80 միլիոն բնակչությամբ Թուրքիայում առնվազն 80 հազար նկարիչ կլինի, եթե ոչ ավելի: Եվ ահա թուրք նկարիչներն ու ճարտարագետները, 1923-ից սկսած, փորձում են զինանշան ստեղծել Թուրքիայի Հանրապետության համար ու դեռ չեն ստեղծել: Եթե չեմ սխալվում, մեկ էլ դոմինիկացիները զինանշան չունեն: Մյուսները, լավից-վատից, մի բան ստեղծել են․ մի մասը՝ բնության հզոր կենդանիների, մի մասը՝ կախարդական էակների, մի մասը՝ բնական հարստությունների համադրումներով: Դե հիմա մեր միտքն էլ (Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան) աշխատել է մեր պատմության եւ մեր երբեմնի հզորության ուղղությամբ: Առանց այն էլ ՀՀՇ-ն այնպես հարդարեց մեր արծվին ու առյուծին, ասես վարսավիրանոցից նոր դուրս եկած լինեն՝ լեզուները կտրեց, բերանները փակեց, կլորացրեց, դարձրեց մետաղադրամի գերբ: Վատ չէր լինի, եթե վերականգնվեր Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը, բայց այսօր խոսքը նոր, արդեն իսկ աղավաղված զինանշանի նոր աղավաղման մասին է: Ի՞նչ իմանամ, Նիկոլը, կարծեմ, կարծիք էր հայտնել, որ Հայաստանում առյուծ չկա, եւ զինանշանի վրայի առյուծը չի արտացոլում այսօրվա Հայաստանը: Կարելի է մտածել, թե Ռուսաստանում երկգլխանի արծիվ կա, որ արտացոլում է այսօրվա Ռուսաստանը:

Մյուս կողմից էլ՝ եթե Հայաստանում առյուծ չի եղել, ապա ո՞ւմ դեմ է կռվել Առյուծ Մհերը: Ինչեւէ, հստակ է, որ Նիկոլի փորացավն ուրիշ է: Երեւի Արարատն է ուզում փոխարինել Արագածով: Կատարյալ մանուկ: Նրա համար ի՞նչ փույթ, որ Արարատն է Հայաստանի ու հայ ժողովրդի խորհրդանիշը, որ հայ Արտաշես արքան որսի է գնացել Մասիսն ի վեր, իսկ իր ամբարտավան զավակին էլ անիծել, որ քաջքերի կողմից կալանվի եւ հավերժ մնա Մասսի մութ քարայրներում: Հեռացրեք Արարատը, եւ մեր զինանշանը կվերածվի մի փայլփլուն ժեշտի կտորի՝ մեր մասին ոչինչ չասող, մեր ինքնության ու տասը հազարամյա պատմության հետ ոչ մի աղերս չունեցող:

Հիշո՞ւմ եք, սրանք ուզում էին «թավշյա հեղափոխության», իսկ իրականում «թավշյա խեղկատակության» թանգարան ստեղծել: Չստացվեց, ինչպես ապակիների ապաթաղանթապատումը, աղի դեմ պայքարը, ծխելու դեմ շարժումը, էլ որն ասեմ՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, Բակո Սահակյանն Արցախի մարզպետն է, Ալիեւը կիրթ ու կառուցողական է, հաղթելու ենք, մեզ պարտված չենք ճանաչելու, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ենք դառնալու… Սրանք այդպես էլ զինանշանն են փոխելու: Չիմանալով ինչ անել՝ անցնելու են գնան: Շատ-շատ՝ առաջարկեն «դուխով» գլխարկ դնել առյուծի ու արծվի գլխին, էն էլ որ մի հավեսով քամի լինի, կքշի, կտանի: