Որտե՞ղ և ի՞նչ սրտով են դիմավորելու ՀՀԿ-ականները Նոր տարին

Որտե՞ղ և ի՞նչ սրտով են դիմավորելու ՀՀԿ-ականները  Նոր տարին

Անցնող 2018 թվականը ՀՀԿ-ականների համար քաղաքական կորուստների տարի էր։ Տարվա կեսից տասը տարի շարունակ նրանց գլխավերեւում փայլող աստղը հանկարծ սկսեց խամրել։ Տեղի ունեցավ հայտնի թավշա հեղափոխությունը, որի արդյունքում ՀՀԿ-ականները կորցրեցին իշխանությունը, դրան զուգահեռ՝ նաև իրենց մանդատներն ու պաշտոնները։ Դրանից հետո սկսեցին մղվել ակտիվ ընդդիմադիր պայքարի և մտահոգվել նոր իշխանության օրոք առաջացած խնդիրներով։ Շուրջ կես տարի «դուխով» մտահոգվելուց հետո, ի վերջո, վերջնականապես դուրս մնացին օրենսդիր և գործադիր իշխանությունից՝ պարտվելով նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Բայց սրանից, ինչպես երևում է, հանրապետականները չեն ընկճվել, թեպետ՝ որոշ ՀՀԿ-ականներ, այդուհանդերձ, ծանր են տանում իշխանության կորուստը։ Ամեն դեպքում, նրանց հետ զրույցներից հասկացանք, որ 2019-ի հետ դրական հույսեր են կապում և մեծ ակնկալիքներ ունեն։ 

Hraparak.am-ը հետաքրքրվեց քարոզարշավի ընթացքում ակտիվ պայքար մղած մի քանի հանրապետականներից, թե որտեղ և ինչ միջավայրում են դիմավորելու Ամանորը և ինչ սրտով են մտնում 2019 թվական՝ հաշվի առնելով 2018-ին կրած իրենց քաղաքական կորուստները։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, օրինակ, դիմավորելու է հայրական տանը, Երևանում, ընտանիքի հետ։ 
«Ամանորը դիմավորում եմ Երևանում, հայրական տանը, բացառապես ընտանեկան միջավայրում, գիշերը ընկերներ կգան, կգնան, էդպես․․․ Դրսում անցկացնել չեմ սիրում, մի անգամ եմ անցկացրել սիպված, երբ սովորում էի Փարիզում և հետադարձ տոմսի փող չունեի, դրանից հետո մշտապես Ամանորը դիմավորել եմ Երևանում»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է մյուս հարցին՝ քաղաքական կորուստների մասով, Աշոտյանն ասաց․ «Երբեք անձնականն ու աշխատանքայինը չեմ խառնել, իսկ քանի որ Ամանորը ընտանեկան տոն է, ոչ՝ հասարակարգային կամ քաղաքական, ուստի մեծ դրոշմ նոր տարին 2018-ի քաղաքական իրադարձությունների հետ կապված չի կրում»։ Աշոտյանը խոստովանեց, որ կյանքի դասեր սերտել է 2018-ից, և այդ դասերն արդեն իսկ իր քաղաքական իմաստնության անբաժանելի մասն են կազմում։

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանի համար 2018-ը ոչ միայն քաղաքական, այլ նաև մարդկային կորստի տարի էր։ Այս տարի մահացավ նրա տատիկը, հետևաբար նաև դրանից ելնելով, ինչպես նշեց Հովհաննիսյանը, Ամանորը կդիմավորի տանը, Երևանում, ընտանիքի անդամների հետ։ Թեպետ՝ 2019-ին նրանց ընտանիքում համալրում է սպասվում՝ պետք է ծնվի Արփինե Հովհաննիսյանի փոքր քրոջ առաջնեկը, որն աղջիկ է լինելու։

«Առհասարակ, եթե երկրում եմ լինում, ապա նախընտրում եմ տանը անցկացնել, այլ ոչ թե ինչ-որ ռեստորաններում»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է նրան թե ինչ սրտով է մտնում 2019 թվական 2018-ին կրած քաղաքական կորուստներից հետո,  Հովհաննիսյանն ասաց․ «2018 թվականին կրած քաղաքական կորուստները միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են նշանակում։ Եվ 2019 թվական շատ ուրախ և լավ տրամադրությամբ եմ մտնում»։
Արփինե Հովհաննիսյանը նոր 2019-ից նաև ակնկալիք ունի, որ 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները քաղաքական և ոչ միայն քաղաքական հարթության մեջ ափսոանքի ու հիասթափության նոր օջախ չեն դառնա հայ ժողովրդի համար։ «Ուղղակի հուսով եմ, որ բոլոր մարտահրավերները կհաղթահարվեն։ Ես՝ անձամբ, շատ լավ տրամադրությամբ եմ մտնում 2019 թվական, սիրով, ջերմությամբ»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ մյուս փոխխոսնակ և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի տարբերությյուն վերոնշյալ հանրապետականների, Ամանորը կդիմավորի ոչ թե Երևանում, այլ հարազատ ծննադավյրում՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ 

«Ամանորը ընտանեկան տոն է, հետևաբար մեր ընտանիքը միշտ միասին է տոնել Ամանորը Լոռիում՝ Ալավերդիում։ Միշտ միասին ենք տոնել ու միշտ օջախում, արտասահման չենք գնում, արտասահման ավելի հարմար է ամռան արձակուրդներին գնալ»,- ասաց Շարմազանովը, ով մեր զրույցի պահին արդեն Լոռու մարզի ճանապարհին էր։

Ինչ վերաբերում է իշխանության կորստին և 2019-ից սպասելիքներին, պարոն Շարմազանովն ասաց․ «Դե, հիմա, իշխանությունը կորցրեցինք, բայց ավելի բյուրեղացանք, ավելի ուժեղացավ մեր թիմը, մեր անելիքներն ավելի գիտակցեցինք։ Ես միշտ առաջ եմ նայում, 2019 թվականը հույսի, նոր ձեռքբերումների տարի է, իհարկե, կան բազմաթիվ մտահոգություններ։

Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը կորցնելը ողբեգություն չի, ողբեգություն կարող է լինել, երբ նոր իշխանությունը սխալը սխալի հետևից կրկնելով՝ թուլացնի պետությունը։ «Թե չէ քաղաքականության մեջ մի օր իշխաություն ես, մի օր՝ ընդդիմություն։ Վայ նրան, որ իր երջանկութունը կապում է իշխանություն ունենալ, չունենալու հետ»,- ասաց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովի նման Ամանորը Լոռու մարզում կդիմավոր նաև նրա գործընկեր Մարգարիտ Եսայանը։ Նա էլ, Շարմազանովի նման, մեր հարցերին պատասխանեց ճանապարհից՝ Լոռու մարզ ուղևորվելիս։ Եսայանն էլ տոնական օրերը կանցկացնի Ստեփանավան քաղաքում։  «Սովորաբար սիրում եմ տանը դիմավորել, ընտանիքիս անդամների հետ, հարազատներով, բայց այս տարի մեկնում ենք Ստեփանավան, հիմա ճանապարհին եմ, Ստեփանավանում կդիմավորենք էլի ընտանիքիս, խնամիներիս, հարազատներիս, թոռներիս հետ»,- ասաց տիկին Եսայանը, ով, ինչպես հասկացանք, թոռներով ու խնամիներով հարուստ տատիկ է։

Հարցին՝ ի՞նչ սրտով է մտնում 2019 թվական՝ հաշվի առնելով 2018-ին իրենց կրած քաղաքական կորուստները, Եսայանն ասաց․ «Միայն լավի ակնկալիքով, որովհետև հակառակ դեպքում ապրելն անիմաստ կլինի։ Դրական սպասումներ ունեմ, որովհետև անցած տարվա լարվածությունից հետո հույս ունեմ, որ Նոր տարի ավելի դրական կլինի, լավատեսորեն եմ տրամադրված մի խոսքով»։