Արցախի շահը ո՞րն է

Արցախի շահը ո՞րն է

Դեկտեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա եւ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նույն օրը վերադառնալով Երեւան՝ Փաշինյանը կեսգիշերն անց լայվ մտավ եւ ասաց, որ օրակարգի բոլոր հարցերը չեն քննարկվել, Ղարաբաղի հարցին անդրադարձ չի եղել, ՀԱՊԿ-ում իրավիճակի մասին խոսել են հպանցիկ, գազի գնի շուրջ պայմանավորվածություն չկա, բայց ինքը հույս ունի, որ այն գոնե չի փոխվի:

Դեկտեմբերի 28-ին երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ, մաղթել տոկոնություն: Նույնը օրը երեկոյան Երեւանում տեղի ունեցավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը, որի մասին տեղեկատվություն միայն Ստեփանակերտը տարածեց: Հարցին, թե ինչու՞ Փաշինյան-Սահակյան հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակն ասաց, որ իրենք այդ հանդիպումը չեն կարեւորել:

Դեկտեմբերի 30-ին Արցախի ԱԺ-ում ներկայացված Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական եւ Շարժում 88 կուսակցությունները հայտարարություն տարածեցին, որով կոչ արեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա ավանդը հայկական երկու պետությունների կայացման գործում: Ժամանակագրորեն իրար հաջորդած այս իրադարձությունների միջեւ եթե անգամ պատճառահետեւանքային կապ չկա, միեւնույն է՝ տպավորությունն այն է, որ Պուտին-Փաշինյան, Փաշինյան-Սահակյան հանդիպումներում Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկվել է, եւ հայկական կողմերը եկել են հայտարարի, որ հարմար է, որպեսզի Արցախի ԱԺ քաղաքական ուժերը հանդես գան հայտարարությամբ, որպեսզի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու քաղաքական ֆոն ստեղծվի: Ենթադրենք՝ այդպես էլ եղավ, դատարանն ազդվեց արցախցի խորհրդարանականների հայտարարությունից եւ որոշեց գրավի դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակել: Ի՞նչ է հետեւելու դրան, նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվելու՞ է: Բայց ամենահետաքրքիրն այն է, թե այս բազմաքայլ, բարդ խաղում ո՞րն է Արցախի շահը: Հանուն ինչի՞ են արցախցի խորհրդարանականները մասնակից դառնում մի գործընթացի, որի սցենարն, ամենայն հավանականությամբ, գրվել է Կրեմլում:

Որպեսզի «հակահեղափոխականի» պիտակի արժանանա՞ն: Ամենակարեւորը՝ նրանք արցախցու վերաբերմու՞նք են արտահայտում, խորհրդակցե՞լ են հանրության հետ: Համոզվա՞ծ են, որ Արցախի հանրությունը նույնպես տոգորված է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխված տեսնելու ցանկությամբ: Իսկ եթե Քոչարյանի դեմ հարուցված քրեական մեղադրանքը չհանվի, գործը հասնի դատարան, նրա մեղքն ապացուցվի եւ նշանակվի արժանի պատի՞ժ: Այդ դեպքում արցախցի խորհրդարանականներն ի՞նչ են անելու: Հիմա էլ հորդորելու են, որ պատժի կիրառում չլինի՞: Եթե խնդիրն իրավական է, ապա քաղաքական վերաբերմունք դրսեւորելու հարկ չկա: Թե արցախցի խորհրդարանականներն այլ տեսակե՞տ ունեն: