Ոչ ամանորյա

Ոչ ամանորյա

Երկիր մոլորակի պտույտն անկասելի է, եւ Նոր տարի է գալիս: Գործնականում ոչինչ արտառոց չի լինի: Օրը կանցնի, կբացվի առավոտը` 2019 թվականի հունվարի 1-ի: Քանի՞ նորածին կյանք կմտնի այդ՝ անցնող եւ եկող տարվա ճամփահատման ժամին: Քանիսի՞ աչքերը մահվան քնով կփակվեն: Աշխարհում ամեն վայրկյան կյանքն ու մահը հանդիպում կամ բաժանվում են, եւ ամեն մարդ գնում է իր ճանապարհը: Այդպե՜ս…

Ի՞նչ թաքուն դավեր են նյութվելու գալիք տարում: Աշխարհի հզորներն ի՞նչ են մտմտում: Որտե՞ղ է պատերազմի աղետ պայթելու: Ու՞մ է երկրաշարժ սպասում: Ցունամի: Տոչորող երաշտ: Աշխարհում կես միլիարդ մարդ սովահար է: Նրանք ճակատագրին հլու՝ սպասելու են հարուստների գթասրտությա՞նը, թե ամբոխանալով՝ գրոհելու են բարեկեցիկ երկրներն ու պահանջելու են այս ընդհանուր Արեւի տակ իրենց մի կտոր հա՞ցը:

Դասական քաղաքակրթություններն այլասերվում են: Աշխարհը հղի է արմատական վերափոխումներով: Վաղվա արհավրալի փոթորիկներում ո՞վ է դիմանալու: Ու՞մ համար է հնչելու մահվան ահազանգը: Մեր չորս հարեւաններից երկուսը թշնամի են, մեկը՝ կրոնապետություն, չորրորդն անհասկանալի է, թե ուր եւ ինչու է գնում: Նոր տարուց Ռուսաստանը կբարձրացնի գազի գինը:

Եւ բնական-օրինաչափն այն պիտի լիներ, որ մեր գազը մեզ հասներ ոչ թե Ուրենգոյից կամ Արկտիկայից, այլ՝ Կասպից ծովից: Կամ՝ Պարսից ծոցից: Բայց միշտ չէ, որ տրամաբանականը նաեւ հնարավոր է դառնում: Եւ ուրեմն, պետք է սպասել նոր թանկացումների: Որովհետեւ նոր տարուց Վրաստանն էլ փակում է հացի ներկրման ցամաքային ճանապարհը, եւ մեր «բնական միջավայրն» ավելի անհրապույր է դառնալու:

2019-ի մայիսին լրանում է ղարաբաղյան հրադադարի քառորդ դարը: Դրանում ինչ-որ խորհուրդ կա՞: Պայմանավորվածությունների չգալու այլընտրանքը նոր պատերազմը կլինի: Իսկ մենք նոր տարում միմյանց առաջինը խաղաղություն ենք մաղթում: Խաղաղություն չէ, երբ ամեն ինչ մնում է՝ ինչպես կար: Դեպի խաղաղություն պետք է քայլ անել: Իսկ եթե հայերն ու ադրբեջանցիներն ինքնուրույն խաղացող չեն եւ փոխընդառաջ քայլ չեն կարող անե՞լ:

Անձյուն ձմեռը տագնապներ է բերում: Օրինաչափը նոր տարվա գիշերը տեղացած ձյունը կլիներ: Ձյան հանդարտությունը, որ գոնե խաղաղության եւ բարեկեցության պատրանք է բերում, իսկ մանուկներին՝ խինդ…