Եթե Սասուն Խաչատրյանը չվերանշանակվի․ 2 տարբերակ

Եթե Սասուն Խաչատրյանը չվերանշանակվի․ 2 տարբերակ

Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարում։

«Բայց դեռևս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք, կտեսնենք», - ասել էր Սասուն Խաչատրյանը, ով կոռեկտ չէր համարել , թե արդյոք ինքը կլինի հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը։

Այնուամենայնիվ,  հետհեղափոխական Հայաստանում Սասուն Խաչատրյանի նման առանցքային ֆիգուրի չնշանակումը, եթե նման բան տեղի ունենա, շատ բան կարող է նշանակել։

Մասնավորապես այն, որ նա, միգուցե, որպես պրոֆեսիոնալ չի՞ արդարացրել կամ այնքա՞ն էլ չի արդարացրել նախկին քրեական գործերի վերաբացման, օլիգարխիայի «վեթթինգանման» պրոցեսների, նախաքննությունների ու դատավարությունների շարանի այս մեկ տարում իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները։

Նշված հարցի շուրջ զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանի հետ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ դա շատ բան կարող է նշանակել։

«Դա կարող է նշանակել և՛ Ձեր նշածը, բայց կարող է և դա չնշանակել, այլ կարող է նշանակել, որ, այնուամենայնիվ, Սասունն Խաչատրյանն էլ է  հեղափոխության այսպես ոչ ՔՊ-ական շրջանակից, որին մամուլում հաճախ կոչում են սորոսական հատված։ Դա կարող է դա նշանակել, որովհետև վերջին զարգացումներն, այնուամենայնիվ, տանում են նրան, որ այդ հատվածը բավականին իր դիրքերը զիջել է»,-ասաց Կարեն Քոչարյանը։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է զիջել, ի վերջո, նորանշանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ դիտարկվում է որպես այդ հատվածի ներկայուցիչ, Կարեն Քոչարյանն ասաց․«Հիմա դիտարկվո՞ւմ է, չի դիտարկվո՞ւմ, բայց որ, այնուամենայնիվ, նույն ՔՊ վարչության մեջ այդ հատվածը շատ պակասել է, փաստ է։ Կամաց-կամաց տարբեր լծակներ ու մարդիկ հեռացվում են․ նույն Դավիթը Սանասարյան, հիմա՝ Սասունը՝ Խաչատրյան։ Դրա մասին մշտապես գրվել է»։

Իսկ առավել հստակ պատասխան ստանալու համար Կարեն Քոչարյանն առաջարկեց անձամբ հարցնել Նիկոլ Փաշինյանին։