Նորատուսի միջադեպով եւս 4 ձկնորս է կալանավորվել․ նոր մանրամասներ

Նորատուսի միջադեպով եւս 4 ձկնորս է կալանավորվել․ նոր մանրամասներ

Անցած տարի դեկտեմբերի 19-ին Սեւանա լճի Նորատուսի հատվածում ծառայություն իրականացնող ջրային պարեկների ու «Սեւան» ազգային պարկի աշխատակիցների հետ կռվի մեջ մտած նորատուսցիներից եւս 4 հոգի դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

«Նորատուսի դեպքով 4 անձանց նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, բոլորի վերաբերյալ էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել, որոնք բավարարվել են դատարանի որոշմամբ»,-նշեց նա։

Դատախազը երկու օր առաջ հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում աղմկահարույց միջադեպ տեղի ունեցավ ձկնորսության համար լիճ դուրս եկած նորատուսցիների եւ իրավապահների միջեւ։ Ձկնորսությունն իրենց միակ ապրուստի միջոց համարող նորատուսցիները, որ ոչ մի կերպ չէին հաշտվում ձուկ չորսալու իշխանությունների որոշման հետ, «ծովամարտի» դուրս եկան ջրային պարեկների հետ։ Այս միջադեպից հետո 26 ձկնորս ձերբակալվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար, նրանից մեկը՝ կալանավորվեց։

Ըստ քննչական կոմիտեի՝ շուրջ 200 նավակներով ձկնորսները հայհոյել, բենզինով լցված շշեր են նետել ՆԳՆ ջրային պարեկների ուղղությամբ, ապա դիմակավորված գյուղացիներից մի քանիսին հաջողվել է հայտնվել հակառակ կողմի նավի վրա, ազգային պարկի աշխատակիցներին ծեծել են, մի քանիսը վնասվածքներ են ստացել, գողացել են նաեւ ազգային պարկի նավը։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ ամենի ընթացքում պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Հիշեցնենք՝ 2023թ․ դեկտեմբերի 20-ին «Հրապարակը» գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գերլարված իրավիճակ է: Մարզի մի քանի գյուղերի ձկնորսներ բողոքի ակցիա են սկսել եւ երկկողմանի փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը: Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սեւանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով: Լարված իրավիճակով պայմանավորված մարզ են տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մեծաթիվ զորքեր:  Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում  մարզպետի եւ շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ  ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա: Այդ օրերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ դեռեւս որոշ ժամանակ ձկան որսը թույլատրելու են, քանի որ Ամանոր է մոտենում, սակայն հետո պայմանավորվածությունը պատկան մարմինները խախտել են, դա էլ պատճառ է դարձել, որ նորատուսցիները փողոց դուրս գան: