Փաշինյանից հետո հերթն Ալիեւինն է

Փաշինյանից հետո հերթն Ալիեւինն է

Շատերը գուցե, հոդվածի վերնագիրը կարդալով, մտածեն, թե անհեթեթություն կլինի ակնկալել, որ Փաշինյանից հետո կսկսեն զբաղվել Ալիեւով, սակայն իրականում այս թեզը, որքան էլ կարող է թվալ անհեթեթ ու իրականության հետ աղերս չունեցող, իրականում կա եւ, ըստ էության, որպես այդպիսին, սկսել է խաղարկվել թե՛ Արեւմուտքի կողմից, թե՛ Ռուսաստանի եւ մյուսների։ 

Արցախի անկումը շատերը համարում են վերջնագիծ կամ վերջակետ։ Սակայն իրականում այն վերջակետ կամ վերջնագիծ չէ։ Այն պարզապես նոր մեծ խաղի նախերգանքն է կամ հերթական հանգրվանի խաղարկման սկիզբն արարող նախաբանը։ Արեւմուտքը, ըստ էության, բավական հետաքրքիր ու լավ մշակված կոմբինացիա խաղարկեց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առնչությամբ։ Վերջինս հիմա, կարելի է ասել, ամբողջապես չեզոքացված է եւ ոչ մի ասպեկտով այլեւս ի վիճակի չէ գոնե սեփական տան խոհանոցում ինքնուրույն միտք արտահայտելու կամ քայլ անելու մասին մտածել։ Նա, ըստ ամենայնի, ամբողջովին Արեւմուտքի կարթից է կախված եւ հիմա ունի մեկ խնդիր՝ պահպանել իրեն ու իր ընտանիքը։ Սա շատ կարեւոր է, որ հասկանան հատկապես նրա թիմակիցները, որովհետեւ, երբ ասում ենք, թե Փաշինյանի գերխնդիրը հիմա իրեն ու իր իշխանությունը պահպանելն է, այստեղ նկատի են առնվում նա եւ նրա ընտանիքը եւ ոչ ամենեւին թիմակիցները, որոնց վրա վերջինս, մեղմ ասած, թքած ունի։ 

Հիմա հերթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւինն է լինելու, եւ ոչ վատ կազմակերպված մի կոմբինացիա էլ սկսում է խաղարկվել նրա առնչությամբ։ Դա, ըստ էության, լինելու է Ալիեւի վրա Արեւմուտքի ազդեցության ավելացման տեսքով՝ օգտագործելով տարբեր գործոններ եւ հատկապես՝ Արցախի գործոնը։ Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ Պետդեպից արդեն հայտարարել են, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջազգային առաքելության ստեղծում։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ 50 հայ մնա Արցախում, Արեւմուտքն այդ մեխանիզմը ձգտելու է ստեղծել, որն Ալիեւին ավելի կառավարելի գործիք կդարձնի։ 

Ընդ որում, Արեւմուտքի զինանոցում սա միայն մեկ գործիքն է, կան էլի գործիքներ։ Իր հերթին Ռուսաստանն ամեն բան անելու է, որ այդ մեխանիզմի ստեղծումը թույլ չտա՝ հասկանալով, թե իր շահերի համար որքան վնասակար է լինելու Ալիեւի՝ Արեւմուտքի համար ավելի կառավարելի դառնալը։ Արդյունքում Ալիեւը հայտնվելու է բավականին ծանր վիճակում, եթե նաեւ նկատի ունենանք տարածաշրջանում կամ տարածաշրջանի հետ «հաշիվներ» ունեցող մյուս խաղացողներին՝ Իրանին, Թուրքիային, Իսրայելին։