Ստվերային տնտեսության զոհերը՝ կառավարության մոտ․ «Աշտարակ կաթ»-ն աղմուկի կենտրոնում է

Ստվերային տնտեսության զոհերը՝ կառավարության մոտ․ «Աշտարակ կաթ»-ն աղմուկի կենտրոնում է

«Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին գործընկերները, փոքր խանութների և կրպակների տերերը, որոնք դժբախտություն են ունեցել վաճառել ներկայումս սնանկ այս ձեռնարկության արտադրանքը, այսօր եկել էին կառավարության շենքի մոտ և պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսի իրենց: Նրանց բոլորին՝ մոտ 2600 տնտեսվարողի, «Աշտարակ կաթի» սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատի է տվել այն բանի համար, որ անհատ ձեռներեցները ժամանակին իրենց վաճառած կաթ-մածունի փողերը չեն տվել: Մինչդեռ անհատ ձեռներեցներն ու խանութպանները միաբերան պատմում են, որ ոչ մի դրամ ու լումա պարտք չունեն «Աշտարակ կաթի» գլխավոր տնօրեն եւ սեփականատեր Աշոտ Ափոյանին, քանի որ գումարները տվել են, պարզապես, գործարանի պահանջով, վճարման անդորրագրեր չեն վերցրել: Նրանց բոլորի հաշիվների վրա կալանք է դրված: 

Գործարարներին լսելու դուրս եկավ քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որին մարդիկ փորձում էին բացատրել իրենց դատական էպոպեայի հաշվապահական նրբությունները: «Բարաթը ո՞ւր է, բարաթը ինչո՞ւ չեք վերցրել»,- հարցնում էր Ղազարյանը:  

Փաստորեն, այսօր կառավարության մոտ հավաքվել էին Հայաստանում  համատարած գործող երկակի հաշվապահության, ստվերային տնտեսության զոհերը: Նրանց բախտը չի բերել այնքանով, որ միայն «Աշտարակ կաթի» սնանկության կառավարչի մտքով է անցել, որ կարելի է դատի տալ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ օգտվելով այն հանգամանքից, որ նրանք «Աշտարակ կաթ» ձեռնարկության հետ փոխադարձ պայմանավորվածությամբ չեն պահանջել գործարանից հաշիվ-ապրանքագրեր և դրամարկղային մուտքի անդորրագրեր:

«Ինչի՞ համար երկրորդ անգամ վճարենք,- ասում է ԱՁ Խաչիկ Պողոսյանը, որին «Աշտարակ կաթը» 490 հազար դրամ է վերցրել նրա վաճառած կաթի դիմաց, բայց հիմա հրաժարվում է այդ փաստից,- ես հիմքերն  եմ ներկայացնելու դատարանում՝ առաքիչների ստորագրությամբ, առաքիչի հայտարարությունը, որ ես ոչ մի պարտք չունեմ, չգիտեմ, դատարանը հաշվի կառնի, թե՝ ոչ: Սեբաստիա փողոցում գտնվող «Սյունիք» խանութի սեփականատիրոջը մոտ 1 մլն 500 հազար դրամի հաշիվ է ներկայացրել սնանկության կառավարիչը: Օվսաննան ասում է, որ 3,5 մլն դրամի հաշիվ են ներկայացրել։ Մենք հաշվետվություն ենք տվել հարկայինին, որ կանխիկ վճարել ենք հարկայինին: Եթե պարտք ունենայինք, կազմակերպության շեֆը կգար ու կհարցներ, ուր է իր պարտքը: Աբրահամյան Վալերիկն էլ Աշնակից, որը ՍՊԸ ունի, ուղարկել է իր փաթեթը Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս դեռ պատգամավոր էր: Մինչև այսօր սպասում է պատասխանին: 

«Մենք գումարները տալիս էինք առաքիչներին, կանխիկ, նրանք էլ փոխանցում էին գործարանին: «Աշտարակ կաթը» աշխատանքի պրինցիպ ուներ՝ առավոտյան ապրանքը բերում էին, տալիս էի, երեկոյան պետք է վաճառված մթերքի փողը կոպեկ-կոպեկ հետ ստանային: Բա եթե փողերը չենք տվել, բարեգործություն էին անում՝ տարիներ շարունակ «նիսյա», առանց փողի մեզ ապրանք էի՞ն տալիս»,- ասում է Հովհաննես անունով գործարարն՝ Աշտարակից:

«Ես անգամ դատարանից թուղթ չեմ ստացել, որ ինձ դատի են տվել, ես բանկից եմ իմացել, որ դատի են ինձ տվել, հաշիվներիս վրա կալանք են դրել, 521 հազար դրամի», - դժգոհում է անհատ ձեռներեց մի կին, որի կրպակը շտատար կաթի» հետ աշխատել է մոտ մեկ տարի, նոր է իմացել, որ իր դեմ դատական հայց կա: 

Անհատ ձեռներեց Գևորգ Նազարյանն էլ ցույց տվեց հարկային հաշիվ կոչվող փաստաթուղթը, որը մշակել է հարկային մարմինը: Փաստորեն, սա միակ փաստաթուղթն է, որը ձեռներեցները ստորագրել են,  և որը ապացուցում է, որ վճարում եղել է: Սակայն ՀՀ օրենսդրությունը, որպես վճարման ապացույց, ճանաչում է միայն անդորրագիրն ու դրամարկղային չեկը, որոնք «Աշտարակ կաթ» ձեռնարկության ներքին, չգրված կանոններով ոչ մեկին չի տրվել:

«Դա օրենքի խախտում է: Եթե նրանք չունեն վճարման անդորրագիր, ուրեմն, պարտք են», - ասում է սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանը:  Ավելի վաղ նա հայտնել էր «Հրապարակին», որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին է դիմել՝ պահանջելով, որ հարկային ստուգումներ իրականացվեն։ Սակայն ոչինչ չի արվել։ «Ինձ զարմացրել է այն հանգամանքը, որ «Աշտարակ կաթ»-ը 1 մլրդ դրամից ավելի պարտք է ունեցել պետությանը, սակայն ոչ մի անգամ այս ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել»,- ասում է Խաչիկ Նազարյանը։ Նա դիմել է Գլխավոր դատախազություն, քանի որ դեբիտորները հայտնել են, որ փողերը տվել են, իսկ առաքիչները հաստատել են այս փաստը, սակայն վճարումները վավերացնող ոչ մի փաստաթուղթ չունեն։ 

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել 2016 թվականի դեկտեմբերին: Ձեռնարկությունը 2,2 մլրդ դրամի դեբիտորական պարտքեր է ունեցել: