Արցախում սիգարետը 900 դրամ է, խնձորը՝ 3․500

Արցախում սիգարետը 900 դրամ է, խնձորը՝ 3․500

Երեկ առավոտվանից արցախցիներն իրար էին փոխանցում տելեգրամ ալիքների բլոգերների հրապարակումներն այն մասին, թե Սյունիքում համար մեկ տագնապ է հայտարարված, քանի որ ադրբեջանական զինուժը 100 մետր առաջ է գնացել Տեղ գյուղի ուղղությամբ։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցեց, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում, ապա հանգստացրեց․ «Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին (Բերձորի (Լաչինի) միջանցքին)»: Բայց այս «ուրախ» լուրերը չեն կանխում տագնապը, որը տարածվում է՝ կապված ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ։

Դեռ ավելին․ վաղ առավոտվանից արցախցիներն իրար էին փոխանցում Բահրեյնի մայրաքաղաքում տեղի ունեցած Միջխորհրդարանական միության համաժողովի տեսանյութերը, որում ՔՊ-ական պատգամավորներն ասում են, որ Ադրբեջանը մի քանի օրով բացելու է Լաչինի միջանցքը, որ հայերը հեռանան։ Ադրբեջանի այս ծրագրերի մասին լուրը մարդկանց մի մասի մեջ արթնացրել է ցասում եւ հակառակն անելու ցանկություն։ «Մենք էն մտքին ենք, որ սա Արցախի վերջն է լինելու»,- ասում է գործարար Աշոտ Հ․-ն, որը վարկեր ունի ու վաղուց էր սպասում, թե երբ են բացվելու ճանապարհները, որ գնա Ռուսաստան։

Շուկան արդեն արձագանքել է այս նոր շրջափակմանը։ Աստղաբաշխական գների է հասել բենզինը։ Երեկ Արցախում մեկ կանիստր բենզինը վաճառվում էր 25-27 հազար, իսկ մեկ բլոկ հասարակ սիգարետը՝ 7․500-9000 դրամով։ Օրինակ, մեկ տուփ պարսկական «Ռոյալ»-ն Արցախում արժե 900 դրամ։ Մեր աղբյուրները վկայում են, որ միջնորդները պարսկական սիգարետի ու բենզինի վրա ահռելի գումարներ են վաստակում՝ Գորիսից ռուսների միջոցով Արցախ մտցնելով ու երեք անգամ թանկ վաճառելով։ «Անհատները Գորիսից բլոկը 1500 դրամով պարսիկներից առնում են, ուղարկում են ռուսների հետ, իրենց կնանիքը ստեղ թանկ ծախում են: Ստացվում է, 150 դրամանոց սիգարետը մենք Մարտակերտում առնում ենք 900 դրամով։ Անտերություն է: Բիզնեսը ծաղկում է։ Ժողովուրդն էլ ասում ա՝ չենք ուզում էլ կռվենք, ով որ բենզին ու սիգարետ է ծախում, նա էլ թող գնա կռվի։ Ես լիշ բի չեմ գնալու։ Ճամփա տան, կգնամ, կապրեմ»,- ասում է մեր զրուցակիցը, որը մի քանի պատերազմների մասնակից է։

Մարտակերտում 10 օր առաջ կարտոֆիլի սերմ են վաճառել, որը թունաքիմիկատներով մշակված է եւ պիտանի չէ սննդի համար։ Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ սերմացու են ուտում։ Արձանագրվել են թունավորման դեպքեր։ Կարտոֆիլի սերմն անհատույց գյուղացիներին է տրամադրել Արցախի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ գարնանացանի համար։ Մարտի 18-ին հիմնադրամը զգուշացրել էր բնակչությանը, որ այն ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ «պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգեցնել լուրջ թունավորումների եւ խանգարումների»: Բայց սննդային թունավորումները շարունակվում են։ «Զարմանալի չէ։ Մարդիկ հոգի են տալիս կարտոֆիլի համար։ Կարտոֆիլն ու կաղամբը երազում ենք տեսնում։ Եթե խնձորն արժե 3 հազար 500 դրամ, 1 հատ ձուն 200 դրամ է, կանաչ՝ նոր դուրս եկած լոբին 2 հազար 500 դրամ է, ի՞նչ զարմանանք, որ կարտոշկի սերմն են ուտում։ Այնպիսի գներ են, որ մոտենալ չի լինում։ Մի քանի օր առաջ ստեղ բանջարեղենի խանութ փակվեց։ Միայն էդ խանութում ահռելի գներով բանջարեղեն կարելի էր առնել։ Ավոկադո, լոբի, նույնիսկ ձմերուկ բերեցին։ Մարդիկ բողոքեցին աննորմալ գներից։ Մեկը կարող է մտնել խանութ, բայց շատերը չունեն հնարավորություն։ Եկան, խանութը փակեցին: Խանութը փակ էր, բայց առեւտուրը գնում էր»,- պատմում է ստեփանակերտցի Մարինան։ Նա երեխային գյուղ է ուղարկել, ինքը մնում է քաղաքում, որ գործը չկորցնի։

Փակված խանութը Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցում է գտնվում, «Սամուել» հանրախանութի մոտ։ Փակելու որոշումն ընդունել է Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն։ «Վաճառքի հանված միրգ-բանջարեղենը չի համապատասխանում տնտեսական մրցակցությունը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գնացուցակին, գները գերազանցում են կառավարության որոշմամբ սահմանված շեմը»,- հաղորդել է կոմիտեն։ Իսկ խանութի ներկայացուցիչը Ստեփանակերտի հեռուստատեսությամբ հայտարարել է, որ անգամ այս բարձր գներով ձեռնտու չէ առեւտուր անելը։ 5 հատիկ բանանը՝ 1500 դրամ․ Ստեփանակերտում սա համարվում է մատչելի գին։ Խանութին մոտեցել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը եւ մարդկանց բացատրել, որ գները պետք է համապատասխանեն կառավարության հաստատած ցանկին։ 

Գյուղերում արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, որոնք չմարող հակամարտության պայմաններում գրեթե անհնար են դարձել։ Դաշտերում աշխատող քաղաքացիական անձինք թիրախավորվում են։ Երեկ Արցախի ներքին գործերի նախարարությունը 3 անգամ հաղորդել է նման դեպքերի մասին։ Մարտունու Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանի տրակտորի ուղղությամբ են կրակել, նույն գյուղի բնակիչներ Սենորիկ Ալավերդյանի եւ Գենադի Սարգսյանի վրա՝ «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում, Թաղավարդ գյուղի բնակիչների վրա, որոնք աշխատում էին Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում։ «Էսքան արած-դրածս ջո՞ւրն է ընկնելու»,- հարցնում է բազմազավակ մայր, զինծառայողի այրի, 34 տարեկան Իզաուրա Բալասանյանը։ Նա 4 երեխաների հետ պատերազմից հետո մնացել էր անտուն, հետո հիմնավորվել է Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանքում։ Պետության օգնությամբ տունն է նորոգել, անասուններ են տրամադրել՝ կովեր, հորթեր ունի։ Կարելի է ասել, պատերազմից հետո զրոյից սկսել է ապրել։ Հիմա վախենում է կորցնելուց։ Նա դիմել է սոցիալական աջակցության հիմնադրամ, որ իրեն գարնանացանի համար սերմեր տան։ «Սոֆյա Հովսեփյան կա՝ եկել է Երեւանից, սերմեր է բաժանում, խնդրեք, որ ինձ էլ տան»,- «Հրապարակին» դիմեց բազմազավակ մայրը։ Խնդրանքը փոխանցեցիք նախկին ՔՊ-ական պատգամավորին, որն ասաց, որ սերմեր կլինեն մեկ շաբաթից, իսկ հիմա շիլա ու երեխաների համար կաթնային խառնուրդներ կան։