Հասկանո՞ւմ է արդյոք այս իրողությունը հայաստանյան իշխանությունը, կարծում եմ՝ այո

Հասկանո՞ւմ է արդյոք այս իրողությունը հայաստանյան իշխանությունը, կարծում եմ՝ այո

Ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու և իրանցիների ազդեցությունը նվազեցնելու գործընթացը ունի բազմաթիվ շերտեր, պատճառներ և դրսևորումներ։ 

Սակայն պետք է հասկանալ, որ Էրդողանի խոսքերն այն մասին, որ ռուսները 2025 թվականին պետք է լքեն Արցախը, ըստ էության, նշանակում է, որ ռուսների ակտիվ ճնշման փուլը սկսում է նոր թափ հավաքել։ Եվ եթե միանգամայն հասկանալի են Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի դրդապատճառները` տարածաշրջանից ռուսներին դուրս մղելու վերաբերյալ, ապա ներկայիս հայկական իշխանությունը, առաջ տանելով նույն օրակարգը, փաստացի քայքայում է անվտանգության այն համակարգը, որը ձևավորվել է տարածաշրջանում ավելի քան 200 տարի առաջ և, որը տարածաշրջանում հայկական էթնո-քաղաքական տարրի գոյության երաշխիքն էր:

Երկու գործոն, որոնք պետք է հասկանալ:

Առաջին՝ հայկական իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միասին, ԱՄՆ-ի և Եվրոպայի հովանու ներքո ակտիվ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Սակայն գաղտնիք չէ, որ եթե ռուսները հեռանան Արցախից, ապա նրանք կհեռանան նաև Հայաստանից, ինչն ակնթարթորեն կհանգեցնի անկայունության ռազմավարական գոտու ձևավորմանը ռուսական Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայի հետ ՌԴ սահմանի ողջ երկայնքով մեկ։

Հասկանո՞ւմ են դա ռուսները։ Կարծում եմ ՝ այո։

Կարո՞ղ են փոխել իրավիճակն իրենց օգտին. Իհարկե։

Արդյո՞ք նրանք կպայքարեն իրադարձությունների բացասական զարգացումները կանխելու համար։ Չգիտեմ:..
Բայց մի բան անվիճելի է` քանի դեռ Ռուսաստանն իր բոլոր ռեսուրսները նետում է եվրոպական ուղղությամբ, Հարավային Կովկասը նրա համար դարձել է «աքիլլեսյան գարշապար», որը կարող է ճակատագրական դեր խաղալ ողջ Ռուսաստանի ապագայի համար: Կարծիք կա, որ Թուրքիայի գերիշխանությունը տարածաշրջանում կհանգեցնի Հայաստանի վիլայեթացմանը։

Բայց ես հակված եմ մտածելու, որ գործընթացը շատ ավելի կոշտ է լինելու, այսինքն՝ ֆիզիկապես Հայաստան չի լինելու։ Համենայնդեպս, դա Թուրքիայի պետական դոկտրինն է «հայկական հարցի» հետ կապված։

Հասկանո՞ւմ է արդյոք այս իրողությունը հայաստանյան իշխանությունը: Կարծում եմ՝ այո։
Այդ դեպքում ինչո՞ւ է հայկական իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ Հայաստանը համակարգված ոչնչացնելու քաղաքականություն վարում։ 

Պատասխաններն ու եզրակացությունները թողնում եմ Ձեր հայեցողությանը:

Արման Աբովյան