Ռոբերտ Քոչարյանը համոզվել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման

Ռոբերտ Քոչարյանը համոզվել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման
Ռոբերտ Քոչարյան

«Էս գործով ամեն ինչ սպասելի է։ Այս որոշումը գնահատում եմ բացասական եւ համարում եմ, որ այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որի համաձայն՝ երկու ամսով Քոչարյանի կալանքը երկարաձգելու դեմ բողոքը մերժվեց։

Ըստ Ալումյանի՝ այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակում կայացված. «Իրավաբանությունն այս որոշման մեջ հավասար է զրոյի։ Պրոցեսն ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով, ինչը ես արձանագրեցի, երբ այդ հարցը եղավ։ Որոշումը, երբ կայացվեց, բացարձականապես իրավաբանության հետ կապ չուենցող որոշում է, որովհետեւ որեւէ անաչառ իրավաբան, եթե նայի էն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն մի 10 առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար է, որպեսզի այսօր պարոն Քոչարյանն ազատ արձակվի»։

Հարցին՝ ինչպե՞ս արձագանքեց երկրորդ նախագահը որոշմանը, պաշտպանը նշեց․ «Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդմանը։ Զրուցում էինք, քննարկում էինք դատարանի այս որոշումը, եւ նա արտահայտեց այն կարծիքը, որ եւս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում։ Պարտադիր բողոքարկելու ենք, հերթական բողոքն է գնալու Եվրոպական դատարան, զուգահեռաբար դիմելու ենք Վճռաբեկ դատարան»։