Գերմանիան կարող է Բախի կանտատներից մի հատված դնել օրհներգ ու հարցը փակել, բայց չի անում

Գերմանիան կարող է Բախի կանտատներից մի հատված դնել օրհներգ ու հարցը փակել, բայց չի անում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու եւ Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: Այդ նպատակով նա իր ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացնում գործող եւ նոր օրհներգի անհրաժեշտության շուրջ։ Օրինակ՝ երաժիշտ, ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանն առաջարկում է որպես ՀՀ օրհներգ դիտարկել Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» ստեղծագործությունը։ «Խաչատրյանի մեղեդին հին տպավորություններ է առաջացնում, պետք չէ։ Եվ դանդաղ է մի տեսակ, ծանր։ Իսկ Ամիրխանյանի մեղեդին գեղեցիկ է եւ սիրված։ Օրհներգը պետք է լինի սիրելի, մեղեդային, որ մարդիկ հաճույքով երգեն։ Հիշեք Մարսելյեզը։ Եվ տեքստի իմաստն էլ լավն է»,- գրել է երգչուհին։ Կոմպոզիտորների միությունը նույնպես կողմ է, որ ներկայիս օրհներգը փոխվի, միության նախագահ Արամ Սաթյանի բնորոշմամբ՝ «Մեր հայրենիքը» նվնվացող մեղեդի է։  

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի գնահատմամբ՝ սա միայն երաժշտական հարց չէ, հարցը դրված է նաեւ ուրիշ տեսանկյունից, այն է՝ լավն է, թե վատը, օրհներգ չեն փոխում․ «Մյուս կողմից էլ կհամաձայնեի՞ք, որ մեր օրհներգի բառերը լինեին արաբերեն կամ անգլերեն, չեք համաձայնի։ Ըստ այդմ, եթե կա խոսելու լեզու, կա նաեւ երաժշտական մայրենի լեզու։ Հիմա ի՞նչն է այդ երկուսի տարբերությունը, եթե խոսելու լեզուն պետք է լինի հայերեն, ինչո՞ւ պետք է երաժշտությունը չլինի հայերեն։ Իսկ այսօրվա հիմնի մեղեդին բոլորն ընդունում են, որ հայկական չէ։ Դա եվրոպական եղանակ է եւ նույնիսկ կարելի է ասել՝ մանկական։ Իսկ բառերը, թեկուզ թարգմանություն են, բայց հայերեն են։ Այդ առումով Արամ Խաչատրյանի երաժշտությունը հայերեն է եւ հանճարեղ։ Հիմա եթե հայկական երաժշտության եւ որակի հարցն է, եկեք բոլոր գործերն էլ դնենք քննարկման։ Որպես երաժիշտ՝ կողմնակից եմ, որ երաժշտությունը լինի հայերեն, բայց նորից եմ կրկնում՝ այստեղ միայն երաժշտական հարց չէ, սա նաեւ քաղաքական հարց է, եւ այդ պարագայում քաղաքականություն վարողներն են որոշում»։  

Շահնազարյանի կարծիքով, այս դեպքում կարեւոր է, թե ինչ սկզբունք ենք որդեգրում, մեզ համար առաջնայի՞ն է երաժշտության հայերենի հարցը, թե՞ ոչ։ «Մյուս կողմից էլ աշխարհում ընդունված հիմների սկզբունքն է, որ բոլոր երկրների հիմները չէ, որ իրենց բնիկ երաժշտությունն է, օրինակ՝ Գերմանիայի հիմնի դեպքում չես ասի, որ դա գերմանական հոգեւոր երաժշտության միացումն է։ Մի ազգ, որն ունի Բախ, Բեթհովեն, Մոցարտ։ Այսինքն՝ խնդիրը դա չէ, ժամանակին ընդունել են մի գործ եւ ավանդույթի համաձայն դա են պահում։ Եթե բոլորը մտածեին այնպես, ինչպես Արամ Խաչատրյանի օրհներգի կողմնակիցները, որ եթե ունենք Արամ Խաչատրյան, ինչո՞ւ չդնենք հենց իր գործը, այդ դեպքում Գերմանիան էլ հանգիստ կարող է վերցնել Բախի կանտատներից մի հատված, ու բոլոր երկրների օրհներգերը կընկնեն մի կողմ, բայց չի անում նման բան»։ 

Նա հիշում է՝ Հայաստանի Հանրապետության առաջին հիմնի համար իր առաջարկածն էր անցել՝ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության հիման վրա։ «Ես ասացի, որ պետք է արեւմտահայ բանաստեղծի գործ դնել՝ ընդունելով հանդերձ, որ մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր, եւ չպետք է տարբերություն դնել։ Իսկ մեղեդին վերցրել էի եւ արել էի Խորենացու երաժշտության եւ մեր հին շարականների երգեցողության հիմքի վրա։ Եվ առաջին անգամ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք հրապարակում մայիսի 28-ին նշում էինք անկախության օրը, հենց իմ հիմն է կատարվել, որպես Հայաստանի հիմն՝ Չեքիջյանի եւ սիմֆոնիկ նվագախմբի գլխավորությամբ։ Բայց դա եղավ ու վերջացավ, եւ առանց քննարկման անցավ մյուսը»,- ասում է Շահնազարյանը։

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կարծիքով՝ մինչեւ ՀՀ նոր հիմնի հարցը քննարկելը, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մարդկանց ավելի շատ են մտահոգում, քան նորից հրապարակ նետված այս հարցը․ «Երբ ժամանակին այս հարցը հրապարակ էր դրվում, մենք ասում էինք, որ դա իշխանությունների կողմից արվում է մարդկանց շեղելու համար իրենց կենսական պրոբլեմներից։ Ես կարծում եմ, որ հիմա էլ նույն բանը շարունակվում է։ Մենք ունենք շատ ավելի առաջնային հարցեր, քան այս հարցը։ Իսկ Ալեն Սիմոնյանը, որ դարձավ ԱԺ փոխնախագահ, որոշ հարցերում ցուցաբերում է կա՛մ անտեղյակություն, կա՛մ անճանաչություն։ 2-րդ․ այն համոզումը, որ Արամ Խաչատրյանի հիմնը պետք է վերադարձնել նոր տեքստով, սա եւս իր դարն ապրած տեսություն է, սրա մասին խոսվել է ե՛ւ 30 տարի առաջ, ե՛ւ 10 տարի առաջ, հետեւաբար, դա իր մեջ որեւէ նորություն չի պարունակում»։ 

Կոմպոզիտորն ընդգծում է՝ սա կեղծ օրակարգ է, եւ հիշեցնում է հին ժամանակները․ «Բայց մենք չէինք ուզում, որ հին ժամանակները նորից վերադառնան։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր մեր ժողովուրդը, այդ թվում՝ ես, սպասում է ավելի կենսական խնդիրների լուծման։ Մենք այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ։ ՀՀ օրհներգի հարցն այսօր որքանո՞վ է ակտուալ, այսօր արդեն շատ մարդիկ հայտարարում են, որ իրենք պատրաստվում են թողնել գնալ Հայաստանից։ Մենք մի՞թե սրա համար ենք ողջունել այս հեղափոխությունը։ Մենք շատ լուրջ հարցեր ունենք թե՛ մեր արտաքին եւ թե՛ մեր ներքին խնդիրների հետ կապված։ Հենց այդ հարցերն են, որ մեզ համար կենսական նշանակություն ունեն, եւ պետք չէ այդպես ուշադրությունը շեղել»։ 

Ինչ վերաբերում է ներկայիս օրհներգին, ապա․ «Այն ժամանակին հիմք հանդիսացավ շատ-շատերի անձնվեր քայլի համար, երբ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի ազատագրմանը։ Չնայած ժամանակին այն ընդունվել է շատ հապճեպ, բայց մեծ դեր է խաղացել»։